Երեխաները Վարդենիսում աշխարհին խաղաղ ապրելու կոչեր են անում
-Ես պաշտպանված եմ, որովհետև զինվորները պաշտպանում են մեզ, ես էլ եմ ուզում զինվոր դառնալ,-ասում է սահմանից երեք սար այն կողմ ապրող արտանիշցի Էդգարը (14 տարեկան):

-Ես էլ ուզում եմ փրկարար դառնամ,-ավելացնում է Էդգարի քույրը՝ Նադեժդան (12 տարեկան):
Նրանց հետ զրուցում եմ մեքենայի մեջ, Արտանիշ գյուղի 6-7-8-րդ դասարանի երեխաներով գնում են մասնակցելու դասընթացի՝ աղետների և ռիսկերի նվազեցման մասին: Հարցնում եմ՝ էլ ով ինչ է ուզում դառնալ, հերթով ասում են՝ ոստիկան, բժիշկ, գինեգործ, ուսուցիչ:
-Ես ուզում եմ նախագահ դառնալ,-ասում է Սերգեյը (12 տարեկան): Մյուսները ծիծաղում են Սերգեյի համարձակ ցանկության վրա, բայց նա պնդում է: Ասում է, որ իր գյուղի խնդիրները կսկսի լուծել: Աննան (14 տարեկան) էլ է մտահոգված իր գյուղի հարցերով: Ասում է՝ երբ կարկուտ է գալիս ու փչացնում իրենց բերքը, ոչ ոք չի իմանում, ոչ մի հատուցում չի տրվում իրենց գյուղին: Դրա համար որոշել է լրագրող դառնալ, որ տեղեկացնի իր գյուղում կատարվածի մասին:
-Բայց իմ մաթեմատիկայի դասատուն ասում ա՝ ես նենց պիտի անեմ, որ վերջը չուզես լրագրող դառնաս,-ասում է Աննան:
Հետո հարցնում եմ, թե իրենք գիտե՞ն՝ ինչ օր է հունիսի 1-ը, ինչու՞ է պետք պաշտպանել փոքրերին: Դժվարանում են զինվորի կողմից իրենց պաշտպանելուց բացի ուրիշ բան պատկերացնել:
-Իսկ դուք այսօր միջոցառում արե՞լ եք ձեր գյուղում,-հարցնում եմ:
-Չէ,-պատասխանում են:
Նրանց խմբին հրաժեշտ եմ տալիս: Հասնում եմ Վարդենիս քաղաք: Այստեղ երեխաները գիտեն օրվա մասին ու պատրաստվել են նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումների թվում նաև շախմատի մրցություն էր կազմակերպվել:
Մոտեցա լուռ ու շախմատի տախտակի մի կողմում մենակ նստած մասնակցին: Իմացա, որ խաղընկերը գնացել է կողքի դահլիճ՝ ելույթ ունենալու: Ինքս զբաղեցրի:

-Լա՞վ ես խաղում,-հարցնում եմ:
Կողքից հուշում են, որ Հրանտը ամենալավ խաղացողն է ու ամենափոքրիկը՝ յոթ տարեկան:
-Բախտս չբերեց, չեմպիոնի հետ եմ խաղում, պարտվելու եմ,-ասում եմ Հրանտին:
Ողջ ընթացքում հուշում է ֆիգուրներիս քայլերը:
-Ինչու՞ ես սիրում շախմատը, Հրանտ:
-Որ մտածում եմ, թե դեմինս ինչ քայլեր կուզա անի, որ էդ հասկանում եմ, դուրս գալիս ա:
-Բա ե՞րբ ու ո՞նց սկսեցիր խաղալ:

-Արդեն յոթանասուն տարի ա կխաղամ (չի ծիծաղում): Մի օր տեսա ոնց կխաղան, հաջորդ օրն եկա, ասի՝ տենամ կարա՞մ, նստա, հաղթեցի,-հաջորդ քայլի մասին մտածելով, լուրջ դեմքով պատմում է Հրանտը, ապա ավելացնում,-Լևոն Արոնյանը լավ կխաղա, բայց ես իրանից լավ կարամ:
Մերին (12 տարեկան) ուրախությամբ է եկել մասնակցելու տոնին: Հենց մոտենում եմ տրամադրությունը հարցնելու, ձեռքը պարզում է դեպի բեմն ու ասում, որ նկարեմ երեխեքին ու իրեն ցույց տամ:
Տատիկն ասում է, որ անընդհատ իր երազանքների մասին է խոսում, որ մի օր կքայլի ու կպարի, նկարել է շատ սիրում:
Նորից մոտենում եմ Մերիին, ծնկում սայլակի մոտ, որ խոսեմ հետը, ձեռքերով առաջ է գալիս, անակնկալ գրկում է: Հարցնում եմ՝ որ թուղթ ու մատիտ բերեմ, կնկարի՞, հրաժարվում է:
Օրն ամփոփում եմ՝ զրուցելով Գեղարքունիքի մարզում «Վոլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի համակարգող Սաթենիկ Խաչատրյանի հետ, ով նախաձեռնել է օրվա միջոցառումների իրականացումը: Ստորեւ՝ նրա արտահայտած որոշ մտահոգություններ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության առնչությամբ:

Երեխան նույնպես ունի իրավունք
Համաձայն ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի և «Երեխաների մասին» ՀՀ օրենքի՝ երեխան ունի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու, առողջության պահպանման, կրթության, բռնությունից պաշտպանության իրավունքներ, սակայն այս իրավունքները Հայաստանում խախտվում են: Պատճառներից մեկն այն է, որ ծնողները չեն գիտակցում, որ իրենց երեխաներին ենթարկում են բռնության: Չգիտեն, որ պատիժը, անտեսումը, հոգեբանական ճնշումը, սպառնալիքը, ապտակը ոչ թե դաստիարակության մեթոդներ են, այլ բռնություն երեխայի նկատմամբ: Մեկ այլ դեպքում խախտվում է երեխայի ազատ խոսքի իրավունքը, երբ տարածված տեսակետ կա, որ երեխաները չպետք է պատասխանեն մեծերին կամ խառնվեն մեծերի զրույցին: Ցանկացած խոսք, որը հնչում է երեխայի կողմից, դիտվում է որպես բացասական, ըմբոստ և անհարգալից վարք մեծերի նկատմամբ: Իսկ ո՞րն է հարգանքի ընկալումը, այն, որ երեխաները անվերապահորեն ենթարկվեն մեծերի հրամանների՞ն:
Երեխաների որոշումները
Երեխան ունի իրավունք՝ լինելու ակտիվ մասնակից իր կյանքի որոշումներում, որն ամրագրված է «Երեխաների իրավունքերի մասին» ՄԱԿ-ի կոնվեցիայում: Այն 1992թ. վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Կոնվենցիան վավերացրած երկրներից բռնությունը շատ քիչ տոկոս է կազմում սկանդինավյան երկրներում: Շվեդիայում և Նորվեգիայում, ապա նաև՝ Հայաստանում իմ փորձն ապացուցեց, որ չկա անկառավարելի երեխա, կա սխալ մոտեցում մեծահասակի կողմից: Քանի որ աշխատանքս մարզերի երեխաների հետ է, որտեղ էլ ավելի նվազ են երեխային ընձեռված արտահայտվելու հնարավորությունները, արեցինք մի բան՝ հրաժարվելով հանդես կազմակերպելու ավանդական ձևերից: Իրենց հնարավորություն տրվեց իրենց ուզած ձևով արտահայտվելու: Եվ այնքան մեծ էր երեխաների ոգևորությունը, որ չորս ժամ շարունակ նրանք արտահայտվում էին. ամեն ինչ շատ արտիստիկ ու կազմակերպված էր:
Երեխաներն ըմբռնող են
Յուրաքանչյուր փոփոխություն երկու ձևով է ընկալվում՝ կամ լավ, կամ վատ: Սովորաբար, փոփոխությունների մեջ մարդիկ միշտ վտանգ են տեսնում և հակված են չհավատալու, որ դա դրական արդյունք կբերի: Երեխայի դաստիարակության մեթոդների մասով նույնպես կա այդ մտահոգությունը: Երեխային ազատություն տալն ու նրան իրավիճակը ճիշտ ներկայացնելը ծնողի կրթվածություն ու ճիշտ մոտեցում է ենթադրում: Ոչ թե արգելել անել մի բան, այլ ցույց տալ, թե ինչի կտանի իր գործողությունները, բացատրել հետևանքները:
Երեխաների չարությունները
Երեխաները ոչ թե հակված են չարություններ անելու, այլ նրանց արարքները մեր կողմից դիտվում են որպես չարություն, որովհետև նրանք մեր ակնկալած ձևով չեն իրենց դրսևորում: Երբ երեխան իրեն չի դրսևորում ծնողի ակնկալած ձևով, պատժվում է: Ծնողը գիտի, թե այդ դուռը ուր է տանում, իսկ երեխան՝ ոչ: Եվ ծնողը պատժում է երեխային, քանի որ նա փորձել էր բացել դուռը, փոխանակ բացատրեր, թե ինչ կա այնտեղ: Հավատացեք, երեխաները հիմնականում շատ ըմբռնող են:
Վարդենիսի երեխաների կոչն աշխարհին
Միջոցառումը պլանավորելիս մենք խոսեցինք նաև Արցախի վերջին դեպքերի ժամանակ թշնամու գնդակից զոհված դպրոց գնացող երեխայի մասին, որտեղ խախտվել էր երեխայի կյանքի իրավունքը: Երեխաները ցանկացան այս միջոցառումը նվիրել խաղաղությանը, աշխարհի երեխաների խաղաղությանը, քանի որ այսօր աշխարհում շատ երեխաներ տուժում են պատերազմներից: Միջոցառման ողջ ընթացում նրանք ունեին իրենց կոչերը խաղաղության մասին՝ գրված պաստառների վրա: Իսկ ցանկությունների տախտակի վրա գրել էին իրենց երազանքները: Մեր բոլորի ցանկությունն է, որ ոչ մի երեխա չտուժի մեծերի սանձազերծած պատերազմներից:
Ազատուհի Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել