HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրիտցիները պահանջում են «Նաիրիտ»-ի վերագործարկում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից շատերն արդեն չեն հիշում, թե որերորդ հինգշաբթին են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Ասում են՝ ստիպելու ենք նաիրիտցիների խնդիրները ընդգրկվեն օրակարգ։ «Նաիրիտ» գործարանի այժմ արդեն նախկին աշխատակիցները պետությունից պահանջում են «Նաիրիտ»-ի խոստացված վերագործարկումն ու ուշացված աշխատավարձերի տոկոսները։

Մայիսի 26-ին գործարանի 700-ից ավել աշխատակիցներ այս պահանջ-նամակով  դիմել են ՀՀ դատախազություն եւ արդարադատության նախարարություն՝ բացատրելով, թե ինչու և ինչից ելնելով են նման պայմանագիր ստորագրել։ Սակայն, համարժեք պատասխան չակնկալելով, չեն վարանում այս հինգշաբաթ ևս ներկայանալ կառավարության շենք։

«Նաիրիտ»-ի ակցիաները համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նշում է, որ աշխատավարձերի դիմաց տոկոսներից հրաժարվելու պայմանագրից աշխատակիցները շատ դժգոհ են։ Նրանց հավաստիրացրել էին, որ միայն այդ կերպ կստանան իրենց աշխատավարձերը և այդ գումաները կուղղվեն գործարանի վերագործարկմանը։ Պայմանագրի վտանգների մասին բարձրաձայնել էին դեռ  աշխատավարձերը չստացած: «Անընդհատ հիշեցնում և շեշտում էինք՝ այդ պայմանագիրը շանտաժ է, նման պայմանագիր լինել չի կարող։ Երբ փակեցինք գործարանի փողոցը, գործարանի տնօրենը այդ պայմանագիրը ձեռքին նախարարությունից եկավ, մենք շատ լավ հասկացանք, թե նման պայմաններով պայմանագիրը որտեղ և ում մասնակցությամբ է կնքվել։ Պայմանագիրը ստորագրել ենք մեր պայմաններից ելնելով։ Մեզ «Վայ» պայմանագիր դեմ տվեցին այն ժամանակ, երբ մարդիկ բազմաթիվ վարկեր ունեին, բնակարաններ, մեքենաներ կորցնելու վտանգի տակ էին, ունեին հացի, կոմունալ վճարների խնդիր»,- նշում է  Շահվերդյանը։

Նաիրիտցիներից ոմանք մի քանի ամիս չեն ստորագրել այդ պայմանագիրը, սակայն, այլ ելք չգտնելով, ստորագրել են։ Աշխատակիցներից Կարեն Հակոբյանը մինչ օրս չստորագրելով այդ պայմանագիրը՝ չի ստացել իր տարիներ կուտակված աշխատավարձը։

Նորիկ Ղահրամանյանը «Ստորացուցիչ պայմանագրի չեղարկում» պաստառը հակառակ դիրքով պահելով՝ կատակում է. «Ինչպես պետությունն է թարս, էնպես էլ թող պաստառս լինի։

Գործարանի 40 տարվա աշխատակից Անահիտ Մանուկյանը ևս ամեն հինգշաբթի կառավարության շենք է գալիս՝ իր աշխատավարձի տոսկոսներն ու գործարանի վերաբացումը պահանջելով։ Իր տեղեկություններով՝ նաիրիտցիները ստացել են 5 մլդ 300 մլն դրամ, դրա 60%-ն էլ որպես աշխատավարձի ուշացում պետք է ստանային․ «Մենք դիմել ենք Հովիկ Աբրահամյանին, խնդրել և պահանջել՝ «Նաիրիտ»-ի գործարանի վերագործարկում։ Հաջորդ մեր պահանջը հենց աշխատավարձի տոկոսներն են։ Երբ գործատուի հետ պայմանագիր ենք կնքել, դրա կետերից մեկն էր՝ աշխատավարձ պիտի ստանանք յուրաքանչյուր ամսվա 15-ին։ Եթե 15-ից մեկ օր անգամ անցնի, յուրաքանչյուր օրվա համար աշխատավարձի 0,15%-ը պիտի գումարվի աշխատավարձին։ Այսինքն՝ գործատուն մեզ պիտի տուգանք վճարի։ Ճիշտ է, մենք այս տոկոսներից հրաժարավեցինք ոչ թե ատրճանակի սպառանալիքով, այլ մեզ կանչեցին և ասեցին՝ այս պայմանագիրը չստորագրեք, ձեր մայր գումարն էլ չեք ստանա»։ Տկն Անահիտին շրջապատած աշխատակիցներն էլ հաստատում և հավելում են՝ այլընտրանք չունենալով՝ պարտադրված ստորագրել են այդ պայմանագիրը։

Աշխատակիցները, վարչապետի հետ չկարողանալով հանդիպել, հայտարարեցին՝ իրենց հաջորդ հանդիպումը տեղի կունենան նախագահական նստավայրի դիմաց՝ նախագահի հետ հանդիպման պահանջով։ 

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter