HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քյոլմստոցի, թե իրական չեղարկում»

Արմեն Ղազարյան

Մի անգամ Արամ Ինճիկյանը փողոցում հանդիպում է Ավետիք Իսահակյանին: Տեսնելով, որ Վարպետը շատ է մտախոհ ու անտրամադիր, փորձում է իմանալ պատճառը:

- Գնացել էի Վիկտորի մոտ` Համբարձումյանի,-պարզաբանում է Իսահակյանը:-Ասացի, Վիկտոր, արի դու քո ակադեմիայով, ակադեմիկոսներով ապացուցի, որ Սևանի ջրի մակարդակի իջեցումը մեծ ողբերգություն կլինի հայ ժողովրդի համար:

Այո, երբ խորհրդային Հայաստանի իշխանությունները քննարկում էին լճի ջրով Արարատյան դաշտավայրի անջրդի տարածքները ջրարբիացնելու հարցը, իմաստուն բանաստեղծը պաշտոնյաների դռներն էր ծեծում, ձգտում էր նրանց համոզել, որ որոշումը սխալ է, ամեն ինչ անում էր, որ պահպանվի Սևանի անաղարտությունը: Իսկ այն ժամանակվա ջրային կոմիտեի նախագահին, որի անունը Սուքիաս /ջուր կտրող/ է եղել, չկարողանալով համոզել, զայրացած ասել էր.

- Անպայման ուզում ես անունդ հաստատել:

Ցավոք, Հայաստանում ընդունված չէ հաշվի առնել մտավորականության ու ժողովրդի կարծիքը: Իշխանություններն «ամեն ինչ գիտեն և իրենց որոշումներում միշտ ճիշտ են»: Եթե ժամանակին Սևանի ջրի հաշվին ինչ-որ չափով բարելավվեց Արարատյան դաշտավայրի բնակչության սոցիալական վիճակը, այնուամենայնիվ, հայ ժողովուրդն, ընդհանուր առմամբ, անդառնալի կորուստներ ունեցավ: Բերրի հողերի գրավչությունը պարզապես դատարկեց լեռնային շրջանների գյուղերը. հայ ազգաբնակչությունը հեռացավ Նախիջևանից, Ադրբեջանից այստեղ վերաբնակվեցին հարյուր հազարավոր թուրքեր: Արդեն հիսուն տարի է` Հայաստանը, հսկայական գումարներ ծախսելով, ձգտում է վերականգնել Սևանի ջրի մակարդակը, սակայն արդյունքները շոշափելի չեն, մշտապես նորանոր խնդիրներ են առաջանում:

... Մայիսի 21-ին Գառնի ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազատ գետի ամայացման դեմ ըմբոստացող գառնեցիների հետ հանդիպման վերջում հայտարարեց, որ Ազատ գետի ամայացման կամ Քաղցրաշենի և 12 գյուղերի ինքնահոս ջրամատակարարման մասով ծրագիրը կչեղարկվի: Չնայած գառնեցիները ցույց տվեցին, որ հավատում են վարչապետին և բացեցին ճանապարհը, սակայն լիարժեք վստահություն Հովիկ Աբրահամյանի խոսքին չցուցաբերեցին: Իհարկե, նրանք ճիշտ էին, որովհետև վարչապետը Գառնի էր այցելել առանց գլխավոր երաշխիքի` ծրագրի չեղարկման մասին կառավարության որոշման: Եվ, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Արդեն մայիսի 25-ին գյուղատնտեսության նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ «Գառնու ծրագրին այլընտրանք է պետք և միգուցե ջրառի տեղը փոխվի», նաև ափսոսանքով ավելացրեց, որ ծրագիրն անցել է բոլոր փորձագիտական գործընթացները: Սա նշանակում է, որ կառավարությունն ամենևին էլ չի հրաժարվում և չի չեղարկում այդ ծրագիրը, և վարչապետի Գառնի գնալն ունեցել է մեկ` ժողովրդախոսակցական լեզվով`քյոլմստելու համար, այսինքն` խաբելու-ֆռացնելու- հարիֆացնելու- մոլորեցնելու-համոզելու միջոցով ճանապարհը բացելու նպատակով: Եվ այժմ կարող են ջրառի տեղը փոխել,ասենք` մի 1000մ ներքև իջեցնել /ինչը խնդրի էությունը չի փոխում/ և ասել` մենք մեր խոսքի տերն ենք, ծրագիրը չեղարկեցինք, իսկ սա ուրիշ ծրագիր է: Եվ չի բացառվում, որ շուտով շինտեխնիկան կարող է նորից հայտնվել կիրճում, մանավանդ, որ այնտեղից դեռ չեն մաքրվել ապականության մնացորդները:

Պարզապես ցավալի է, որ երկրի զարգացման որևէ ծրագիր, հեռանկար չունենալով, ի վիճակի չլինելով կատարել նույնիսկ նախընտրական խոստումների չնչին մասը, մեր իշխանություններն ընտրել են հարցերը պահի հարմարությամբ լուծելու, ասել է թե` քյոլմստելու ուղին: «Քյոլմստում» են օտարներին, մերոնց` կուսակցություններին, ժողովրդին, տարբեր շարժումների ակտիվիստներին, Նաիրիտի աշխատողներին, անտուն մնացած քաղաքացիներին, Քաղցրաշենի խաղողագործներին, գառնեցիներին, գողթեցիներին...: … «Գառնո ծրագրին այլընտրանք է պետք»: Ի՞նչ այլընտրանք: Մարդիկ, Նարեկի թիկունքի լեռների հողերը յուրացնելով, մշակելով բարձրանում են վեր ու ջուրը չի բավականացնում. խնդրեմ, թող Զովաշենի ջրամբարից երկրորդ ջրագիծը տանեն, կամ եղած ջրագծի տրամաչափը փոխեն: Ինչո՞ւ են ընկել գետի հետևից, ինչո՞ւ են ջրազրկում- ամայացնում Գառնին, Գեղամա լեռները:

Բոլորը գիտեն, որ ԽՍՀՄ ժամանակներում Նարեկի տնտեսությունն, ինչպես նաև այդ 12 գյուղերից ևս մի քանիսը, հիմնվել են Զովաշենի ջրամբարի բազայի վրա: Թող օգտագործեն իրենց իրավունքը, բավարարվեն եղածով, չգիտե՞ն, որ Հայաստանում հողային, ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, և եթե ամեն մեկն ուզենա հագուրդ տալ հող մշակելու իր աճող ցանկությանը, ապա ամեն օր, ամենուր ջրի կռիվ պիտի լինի: Գառնեցիներն էլ կարող են իրենց մայր ջրատարից վերև ընկած լեռնալանջերը մշակել, նույնը կարող են անել գրեթե բոլոր գյուղերում, բայց չեն անում, չեն անում մի պարզ պատճառով` Հայաստանում ջրային ռեսուրսները սահմանափակ են: Անկախության տարիներին մեզանում բազմաթիվ պոմպակայաններ են փակվել: Ջրամատակարարման /խմելու և ոռոգման/ մեծ մասն իրականացվում է ինքնահոս կերպով: Արդյոք դրանից որևէ բա՞ն է փոխվել մեր տնտեսության մեջ, արդյոք երկիրն այդ «խնայված» միջոցների շնորհիվ զարգացման ուղի՞ է դուրս եկել, կամ շուկայում էժանացե՞լ են գյուղատնտեսական ապրանքները: Իհարկե` ոչ: Երկրի տնտեսության մեջ ոչինչ էլ չի փոխվի, եթե անգամ հարյուր այդպիսի պոմպակայաններ փակվեն: Իսկ եթե խնդիրը միջազգային բանկի փողերը օգտագործելու մեջ է, շատ լավ, կառուցեք ոռոգման կաթիլային համակարգի համար անհրաժեշտ իրերի արտադրության գործարան, մաքրեք Ազատի ջրամբարը, փոխեք Արարատ գնացող խմելու ջրատարի փայտյա խողովակաշարը, բարեկարգեք Արարատյան դաշտավայրի ընդհանուր ոռոգման ցանցը, որն անմխիթար վիճակում է...

Անելիքներ շատ կան: Գեղարդալճի ծրագիրը ինչո՞վ է բացատրվում այստեղից ջուր վերցնելու համար խողովակաշարի այդպես հապճեպ կառուցումը: Ըստ տրամաբանության` սկզբից չպե՞տք է պատվարը կառուցվեր, լճակը մեծացվեր, մի քանի տարի ուսումնասիրություն կատարվեր, ճշտվեր` այնտեղ ձնհալքից ու տեղումներից անհրաժեշտ քանակի ջուր կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ, ու նոր միայն խողովակաշարի վրա հսկայական ծախսեր արվեին: Այդ ի՞նչ փորձագիտական գործառույթներով է անցել այդ ծրագիրը, որ այդպես քափ-քրտինք կտրած` գործի են անցել: Եթե խաղադրույքը Ազատ գետի սնուցման ջրերի, նրա միակ վտակի վրա է դրված, ապա հաշվարկը սխալ է: Ի դեպ, գողթեցիները, որոնց հետ այդ հարցը ոչ ոք չի քննարկել, դեռ սպասման մեջ են, և երբ տեսնեն, որ շինարարներն ապօրինի կերպով իրենց տարածք են մտնում, մեղմ ասած, կոշտ կերպով պահանջելու են պարզաբանումներ...: Միգուցե Գեղարդալճի ջրի ավելացման այլ, իրական տարբերակնե՞ր ունի ջրային տնտեսության պետական կոմիտեն, և դրանից հանրությունն անտեղյակ է ու անտեղի է անհանգստանում: Այդ դեպքում ինչո՞ւ հաշվարկները, «փորձագիտական գործառույթները» պարզ ձևով ժողովրդին չեն ներկայացվում: Հնչած կցկտուր տեղեկությունների վերծանումից պարզվում է, որ 56 կմ-ոց ջրագծից իբր ջուր պետք է տրվի Գողթ, Գառնի, Հացավան, Կամարիս գյուղերին և մի ջերմատնային ընկերության: Մի՞թե: Էլ ինչո՞ւ են անտեսել Գեղադիրը, Ողջաբերդը, Ջրվեժը, Առինջը, Երևանը...: Կարծես ջուրը վերցնում են ոչ թե մի փոքր գյոլից, այլ Սևանա լճից: Ախր եթե Գեղարդա լճի պարունակությունն ամբողջությամբ լցվի-տեղավորվի այդ խողովակաշարում, այնտեղ էլ ջուր չի մնա: Այս անհեթեթությունն իսկական «քյոլմստոցի» է և նպատակն, ամենայն հավանականությամբ, մեկն է` ծախսել ծրագրին հատկացված միջոցները:

Հ.Գ. Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե գառնեցիները, գողթեցիները դեմ են կառավարության տնտեսական ծրագրերին ու չեն ուզում, որ երկիրը զարգանա: Ընդհակառակը, բոլոր հայաստանցիների պես նրանք էլ ամեն օր սպասում են, թե մեզանում երբ է զարգացման որևէ լուրջ ծրագիր ի հայտ գալու, երբ է դադարելու ժողովրդի արտագաղթը: Նրանք ուզում են հավատալ, որ ներկայիս կառավարությունում «սուքիասներ» այլևս չկան, որ Ազատ գետից և Գեղարդալճից ջուր վերցնելու ծրագրերը, որոնք երկու տարի առաջ են կազմվել, սխալ են, և կառավարությունը դրանք կչեղարկի, որովհետև Հայաստան կոչվող այս փոքր երկիրը այն մեծ Նաիրին /ջրերի երկիրը/ չէ: Այստեղ ջրի յուրաքանչյուր կաթիլը մի ընտանիքի գոյատևման հույս է: Այդ հույսը մի թաղեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter