HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենասիրություն ընդդեմ հայրենիքի

Վարդան Հարությունյան

Մեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակաթուրքիզմ, եւ ամենահայրենասեր հայը ամենահակաթուրքն է: Ընդհանրապես հակաթուրքությունը եւ հայրենասիրությունը հայի համար ուղիղ համեմատական են: Ողջ մեր սովետական գրականությունը, արվեստը, ողջ մշակույթը կրում է հակաթուրքիզմի կնիքը, լցված է Արարատների, Սիփանների, Ղարսերի, Էրզրումների եւ չգիտես էլ ինչերի ողբալից, արցունքաբեր, տառապալից պահանջով, եւ մեր բազմադարյա, հաղթական, շռնդալից անցյալի ներկայացմամբ:

Անցյալ, որ սկսվում եւ ավարտվում է պարտություններով, ներկայացնում ենք հաղթական գունազարդումներով, առանց քննադատական մոտեցման. եւ առանց վերլուծության, մոռանալով կամ չգիտակցելով, որ ունենք ներկայացնելու իրական արժեքներ` գրականության եւ արվեստի նվաճումներ, որոնք մեր սահմանների եւ մեր աշխարհընկալման փոքր չափերի մեջ զոռով խցկելով այնքան ենք սեղմել եւ նվազեցրել, այնքան չենք կարողացել աշխարհին ներկայացնել, որ խամրած են երեւում կամ ընդհանրապես չեն երեւում, փոխարենը ամպագոռգոռ եւ սնամեջ կեցվածքով մեր տարիքի եւ մեր կորցրածի մասին ենք խոսում, կորուստների պատճառները մեր հարեւանների եւ աշխարհի մեջ փնտրել եւ գտնելով:

Եվրոպան ներկայանում է որպես մեր շահերի դավաճանի, մեր հարեւաններըª թշնամիների: Ոչ մի բարեկամ, ոչ մի զինակից, մենք եւ աշխարհըª իրար դեմ:

Կարծես աշխարհի մյուս ժողովուրդները եւ պետությունները միայն բարեկամներ ունեն: Կարծես մենակ մեր բախտը չի բերել: Այս ամբողջը դրված է մեր ողջ քսաներորդ դարի մշակույթի, ասել է թեª դաստիարակության հիմքում: Աշխարհից ու հարեւաններից վիրավորվածª պահանջում ենք ու պահանջում: Պահանջատեր ենք եւ ապրում ենք հանուն այդ պահանջատիրության:

Երբ խորհրդային բռնատիրության տակ եղած բոլոր երկրները, Բալթիկայից մինչեւ Հեռավոր Արեւելք, ստեղծված հնարավորությունից ոգեւորված, սկսեցին անկախություն եւ ինքնավարություն պահանջել, մենք սկսեցինք անկախության փոխարեն, մեր հարեւանին հակադրվելով Ղարաբաղ պահանջել, առանց մտածելու, որ հարեւանի հետ վեճը կարելի է հետաձգել, թողնելով ապագային` խախաղ լուծման հույսով, որպես երկու անկախ եւ ինքնիշխան պետությունների վեճ:

Փոխարենը ձեռք բերեցինք մի անլուծելի խնդիր, որը զենք է ուղղված մեր երկու պետությունների դեմ եւ արգելակում է մեր տնտեսական ու քաղաքական զարգացումը:

Մենք խելակորույս եւ ինքնամոռաց Ղարաբաղ էինք պահանջում, անկախության մասին ցանկացած արտահայտություն պրովոկացիա անվանելով: Ստեղծեցինք «Ղարաբաղ» կոմիտե, որի անդամներից եւ ոչ մեկը երբեւէ քաղաքականությամբ չէր զբաղվել եւ նրանցից կուռքեր շինեցինք` բացարձակացնելով մեր կուրությունը եւ ժողովրդից ամբոխի վերածվելով, սկսեցինք մեր սրընթաց հետընթացը, որ շարունակվում է ցայսօր եւ դեռ կշարունակվի, քանզի ղարաբաղյան կնճիռը դեռ չհարթած մեր «ազգային» «մտավորականները» իրենց եւ միայն իրենց ստրկական ոգուն բնորոշ ողջ անպատասխանատվության շարունակում են պահանջատիրություն քարոզել այն աստիճան, որ այսօր մեր պետության արտաքին քաղաքականության հիմքերից կարեւորագույնը դարձել է Եղեռնը եւ, որպես դրա հետեւանք` պահանջատիրությունը:

Եւ չկա նրանց մեջ մեկը, որ ասի` կանգնենք մի պահ, քարոզենք սեր եւ հարգանք մեր հարեւանների նակտմամբ, սեր եւ հարգանք ստանալու ակնկալիքով, բայց ոչ, սրանք` Զեյթուն, սրանք` Արդահան, Վան, Նախիջեւան: Առանց պետության ներկա եւ ապագա հնարավորությունների մասին մտածելու, առանց հասկանալու, որ լավ է փոքր, բայց արժանապատիվ պետություն, քան հարեւանների հետ մշտապես պատերազմի մեջ գտնվող 2,5-3 միլիոնանոց պահանջատեր ժողովուրդ:

Աննպատակ պահանջատիրություն, հայկական (բոլորից տարբեր) հայրենասիրություն, ճիչ, լաց, անեծք, հոխորտանք: Պահանջատիրությունը հայկական մտքի վերջին 100-200 տարվա զարգացման հիմնական երկու նախապայմաններից մեկն է եղել, իսկ մյուսը` Եղեռնն է, իր մազոխիստական դրսեւորումներով հանդերձ:

Բոլոր ժամանակների բռնակալներին մինչեւ վերջ ու նվիրվածաբար ծառայած, բոլոր կարգի մարդատյաց գաղափարներին ու կարգախոսներին հավատարմության երդում տված, մտավորականներն ու գործիչները ՙէրգրի՚ կարոտից նվաղած, այսօր, դեռ մի պատերազմը չավարտած, մեզ նոր պատերազմի են մղում: Մեկը լիներ ու հարցներ այս հայրենասեր մտավորականներին ու նրանց համախոհներին.

- Ի՞նչ եք դրել դուք անձամբ հայրենիքի ազատության զոհասեղանին, ի՞նչ եք զոհաբերել: Քանի՞ կաթիլ արյուն եւ քանի՞ կաթիլ քրտինք: Քանի՞ մարտի եք մասնակցել եւ քանի՞ վերք ստացել, քանի՞ քսան տարին չբոլորած եւ մարտադաշտում զոհված որդի եք հողին հանձնել: Միայն չասեք, որ բոլոր սպանվածները ձերն են: Նրանք ամեն շաբաթ Եռաբլուր այցելող մայրերինն են, որոնց աչքի արցունքը չի ցամաքում երբեւէ: Եւ եղե՞լ եք արդյոք ու քանի անգամ, Եռաբլուրում: Դարասկզբի Փանջունուն բերեցինք առոք փառոք հասցրեցինք դարավերջ ու հաջորդ դարասկիզբ, մեր ուսերին դրած, մեր ձեռքերի վրա, ամբողջ 70 տարի մի հսկա Կայսրության կաթով սնված այդ Փանջունին այսօր մեզ հանուն իր բարեկեցության, մարտի է մղում:

Պատահական չէր, որ խորհրդային տարիներին մեզ թույլատրված էր պահանջատիրական եւ հակաթուրքական քարոզչությամբ զբաղվել, դա համահունչ էր մեզ պետականությունից զրկած, մեզ նվաճած (նաեւ մեր «ազգային» «մտավորականության» մեղքով ու մասնակցությամբ) ցանկություններին ու ծրագրերին:

Այ, պետականության վերականգնման, անկախ պետականության մասին որեւէ խոսք, նույնիսկ` միտք, գրավոր կամ բանավոր, դատապարտելի էր եւ ոչ մի «ազգային» մտավորական կամ գործիչ, ոչ մի բանաստեղծ, ոչ մի պատմաբան այդ ուղղությամբ չէր էլ մտածում, չէր էլ ցանկանում մտածել, չէր էլ կարող մտածել:

Ընդհակառակը` նրանք դեմ էին անկախությանը, նրանք դա չէին ուզում (կարծես նրանց ուզելով է), նրանք ամեն վայրկյան իրենց տերերին երդում տալով, Մոսկվա գնալու յուրաքանչյուր հնարավորություն բարձրագույն շնորհ համարելով, եղբայրական ընտանիքի եւ հարազատ կուսակցության ճիշտ ուղղու մասին շաղակրատելով, մի երկու տող էին գրում Վանի, Մասիսի, Անիի ավերակների մասին, դրանով կատարած համարելով իրենց հայրենասիրական պարտքը` ծափահարություններ, շքանշաններ եւ բարեկեցություն էին կորզում:

Մեր ապագան անցյալում փնտրող, մեր հայրերի եւ պապերի սխալները չտեսնող, ադ սխալների մասին բարձրաձայն խոսելը անթույլատրելի համարող հայրենասիրությունը մեզ միշտ էլ վնասել է: Այսպես մեր պապերը սիրել են արդեն այս երկիրը եւ այդ սիրո արդյունքում մենք փոքրացել ու մի աննշան կետ ենք դարձել աշխարհի քարտեզի վրա: Նրանք մեզ պարտություններից ու գաղթից զատ ոչինչ չեն ժառանգել: Սա արդեն եղել է: Մայրասպանությունը եւ հայրասպանությունը բոլորովին էլ հայրենասիրություն չեն: Եկեք դատապարտենք Սամվելին, ինչպես կանեինք, եթե նա լիներ մեր հարեւանը, եւ գնանք առաջ, թող մեր երեխաները ազատորեն, քննադատաբար, ինչու± չէ, նաեւ հեգնանքով նայեն մեզ ու մեր պապերին, թող ծիծաղեն մեր պապերի ու մեր այս ՙչարոխային՚ հայրենասիրության վրա, ձերբազատվեն դրանից ու կերտեն մեր պետությունն իրենց` XXI դարի քաղաքացուն հարիր պատկերացումներով:

Դրա համար, բոլորովին չսահմանափակելով մարդու իրավունքնեը, կարելի է, որ մեր մամուլը եւ հեռուստատեսությունը ռեւանշիստական գաղափարներ քարոզողի քարոզչությամբ չզբաղվեն եւ մեր երեխաների մեջ ատելություն չսերմանեն ոչ հարեւան ժողովուրդների, ոչ էլ պետությունների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter