HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վասիլի Ստուսի պոեզիան` հայերեն

Բայցև գուշակում են մարգարեները,

Որ դեռ կճեղքվի գետինը այս հոգնած,

Ու թե փրկվես կամ թե անդունդն էլ ընկնես,

Կտեսնես երկիրը քո թագադրված:

Վ. Ստուս

Ուկրաինայի ազգային հերոս, անկախ պետականության գաղափարակիր, խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Վասիլ Ստուսի պոեզիան  հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ (բացառությամբ Ռ. Պապայանի թարգմանած մի քանի բանաստեղծությունների):

Եթե չլինեին Ուկրաինայի քաղաքական շղթաները, Ստուսն իր ներունակությունն ամբողջությամբ պոեզիային պիտի նվիրաբերեր: Բնությունն, անկասկած, Ստուսի տեղը պոետների դասակարգում էր նախանշել: Բայց կյանքն իր կանոններն է թելադրում, և Ստուսը կյանքի ու բնության հակադրումից ստեղծված խաչը տարավ մինչև իր երկրային մահը, մինչև իրեն պարտադրած վախճանը:

Խորհրդային  ժամանակաշրջանում Ստուսի ստեղծագործությունները ոչ միայն չէին տպագրվում, այլև հետապնդվում էին, և այդ պատճառով դրանք արտագրվում ու գաղտնի փոխանցվում էին ձեռքից ձեռք:

Ստուսը հիմնականում ստեղծագործել է անազատության մեջ և հիմնականում` գաղտնի: Խորհրդային կարգերը մերժողը բանաստեղծություն գրելու իրավունք չուներ: Ստուսն իրեն հանցագործի գոյություն արտոնած պետական համակարգի առաջ «մեղանչել էր», և քանի որ այն տարիներին աստված չկար («Այս երկրի վրա էլ աստված չկա/Ազատել է աստված իրեն մեզանից» Վ. Ստուս), ապաշխարել էլ չէր կարող, ու պիտի տառապեր, ու այդ տառապանքը պիտի լիներ ոչ թե վեհացնող, այլ նսեմացնող տառապանք, որը երբեք չի կարող ինտելեկտուալ դրսևորում ունենալ:

Բայց այդ պայմաններում անգամ Ստուսի պոեզիան կայացավ: Նրա հեղինակած բանաստեղծություններից ու թարգմանություններից (Գյոթե, Լորկա, Կիպլինգ, Ռիլկե) ընդամենը 500-ն է հասել մեզ: «Մահվան ճամբարում» իր կյանքի վերջին շրջանն ապրող անուղղելի «խղճի  բանտարկյալին» արգելվել է հարազատներին ուղղված նամակների մեջ բանաստեղծություններ գրել: Մորդովիայի 19-րդ ճամբարում Ստուսի բանաստեղծություններից հիսունն իմ խնդրանքով արտագրել էին Վ. Օվսիենկոն և Ի. Կրավցիվը, և ես կարողացա դրանք դուրս բերել: Նրանց ձեռքով գրված տետրի բնօրինակը պահպանել եմ մինչ օրս, իսկ պատճենը ուղարկել եմ Էվգեն Սվերստյուկին: Իմ ու Ստուսի հետ նույն ճակատագրով նույն վայրում հայտնված հրեա գրող, Միխայիլ Հեյֆեցը Ստուսի բանաստեղծություններից մոտ վաթսունը անգիր էր արել ու այդպես փրկել դրանց կյանքը: Խուզարկության ժամանակ Հեյֆեցը հսկիչներին ասել էր, որ Ստուսի բանաստեղծություններն իր մոտ գտնել չեն կարող, դրանք իր գլխում են և խլելու միակ միջոցն իրեն գլխատելն է:

1985-ին, երկար տարիներ կալանավայրերում ու աքսորում անցկացրած տառապալից կյանքից հետո, բանտի պատժախցում Ստուսը կնքեց իր մահկանացուն: Նրա բանտային գրավոր ունեցվածքը անիրավորեն չհանձնվեց  հարազատներին, և հայտնի չէ` այդ գրառումները պահպանվո՞ւմ են արդյոք: Դրանց մեջ էր նաև կյանքի  վերջին շրջանում նրա թղթին հանձնածը` հարյուր բանաստեղծություն ու հարյուր թարգմանություն՝ «Հոգու թռչուն» խորագրով:  Տիրող հասարակարգն ամեն կերպ ջանում էր տնօրինել Ստուսի պոեզիայի ճակատագիրը, բայց այդ պոեզիայի ճակատագիրը տնօրինողը Ստուսի հայրենասիրությունն ու ազատատենչությունը եղան` նրա գաղափարական ու ոգեղեն կերտվածքի  հիմնական սպասարկուները: Ստուսի հայրենասիրությունն ու պոետիկան պայմանավորված են միմյանցով ու այսօր էլ միասին շարունակում են լրացնել ընդամենը 47 տարի ապրած պոետի ու հասարակական գործչի չհասցրածը: Զարմանալի զուգադիպությամբ նույն տարիքում են իրենց մահկանացուն կնքել Ուկրաինայի մեծ կոբզար Տարաս Շևչենկոն, մեր Պարույր Սևակն ու Մինաս Ավետիսյանը: Այդ տարիքում զոհված Սևակը երևի իրպեսների մասին է ասել. «Ապրում են դժվար, բայց մեռնում են հեշտ»:

Պատկերացնելու համար, թե ինչ է նշանակում կալանավայրում ապրել քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու ազնվական կեցվածքով, պետք էր այդ պայմաններում տեսնել Վասիլ Ստուսին: Նա ԳՈՒԼԱԳ-ի պատմության մեջ սկիզբ դրեց ասոցացված անդամության և միասնական պայքարի գաղափարին` հայտարարելով իրեն հայկական անլեգալ կազմակերպության` Ազգային Միացյալ Կուսակցության համակիր անդամ: Ստուսն այդ քայլն ասպետականորեն արեց այն պահին, երբ ԱՄԿ-ին ամենից շատ էր դա պետք: Ստուսի արարքին հետևեցին շատ քաղաքական գործիչներ` ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, լիտվացիներ, լատվիացիներ, էստոնացիներ: Եվ պատմամշակութային անհրաժեշտություն եմ համարում, ինչպես նաև՝ իմ հոգու պարտքը, որ Ստուսի պոեզիան, որ թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, նաև հայ ընթերցողի սեփականությունը դառնա:

Ինձ, որպես Ստուսի գաղափարակցի ու մտերիմ ընկերոջ, հաճախ է տանջում այն  հարցը, թե Ուկրաինայի համար ճակատագրական այս շրջանում ինչպիսին կլիներ Ստուսի ներգրավվածությունը: Ես Ստուսին ազատության մեջ չեմ տեսել, բայց գիտեմ, որ ազատությունը նրա շունչն էր ու դրանից էր սերվում նրա միտքն ու արարքը: Իսկ երբ ընկերոջս փոխարեն սրտնեղում եմ նրա հայրենիքում կատարվող արյունահեղությունների պատճառով, հիշում եմ նրա լուսավոր տողերը, որոնք կուզեի` հեղինակի պես  մարգարեական լինեին.

Եվ խինդով այնժամ, ցոլքերով լույսի

Երկնքից ներքև կթափվեն շանթեր, 

Լույս կիջնի հոգուն հզոր Տարասի,

Դնեպրի ջրերին կցոլան վարդեր:

Մարդկության պատմությունը ճշմարտությունների ապացուցման պատմություն է: Դա զոհեր պահանջող արարողություն է: Վասիլ Ստուսի կյանքն այդպիսի մի զոհաբերություն էր: Այն ապացուցեց, որ ազատությունը, որ կյանքի նախապայմաններից մեկն է, ավելին արժե, քան կյանքն ինքը:

Աշխարհի երեսին եղած բոլոր տեսակի բռնությունների հիմքում ազատության սահմանափակումն է, և բոլոր տեսակի հերոսությունները միտված են  ազատության նվաճմանը:  

Ազատության տենչի դրսևորմամբ ընտրյալները մարդկությունը փրկում են ինքնաոչնչացումից:

Չէի ցանկանա որևէ մեկը տուրք տար այն մտայնությանը, թե խորհրդային գերտերությանն ընդդիմացողները կյանքից հրաժարված անձինք էին: Միանգամայն հակառակը. իրական կյանքի նկատմամբ նրանց սերն ու ակնալիքները դարաշրջանի թույլ տվածից շատ ավելին էին: Վկա նրանց ազատասիրությունը, որ գոյության նկատմամբ ազնիվ դրսևորում է, վկա Ստուսի պոեզիան, որ կյանքի իմացություն է ու ապրելու տենչ:

Խոսքիս ավարտին շնորհակալությունս եմ հայտնում Ստուսի համերկրացիներին, որոնք նրա համախոհն ու երկրպագուն լինելով` մեծ ներդրում ունեցան այս նախաձեռնության իրականացման գործում` Էվգեն Սվերստյուկին, Միխայլինա Կոցյուբինսկայային, բանաստեղծությունների մեծ մասը ուկրաիներենից ռուսերեն տողացի թարգմանած Վասիլ Օվսիենկոյին, Կիևի ազգային համալսարանի պրոֆեսոր Անատոլի Տկաչենկոյին, ինչպես նաև նրա ղեկավարությամբ ուկրաիներենից տողացի թարգմանություն կատարած ուսանողներին, որոնց անունները ուզում եմ նշել մեկ առ մեկ. Վիկտորյա Աֆանասևային, Նատալյա Գրաբին, Օքսանա Գուլչակին, Լյուդմիլա Դյադչենկոյին, Մարինա Կովենկոյին, Նադյա Կորոբչուկին, Աննա Օստապչուկին, Օլգա Պարաշչուկին և Կատերինա Ռիպյանսկայային:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ժողովածուի թարգմանիչ Երազիկ Գրիգորյանին: Երկու այլ թարգմանիչների հետ համագործակցելու չհաջողված փորձերը պատճառ հանդիսացան, որպեսզի ժողովածուն նախատեսվածից ուշ տպագրվի, բայց Ստուսի պոեզիան, կարծում եմ, ի վերջո գտավ իր թարգմանչին: Լավ ծանոթ լինելով Ստուսի ապրած ժամանակաշրջանին, գրչով ու ոճով լինելով էսթետ, նա ընթերցողին է ներկայացնում Ստուսի պոեզիայի և հայերենի մի շատ գեղեցիկ ու ոգեղեն համադրություն:   

Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանություններ (1)

vanuhi
Շնորհակալությո՛ւն, Ռազմիկ Մարկոսյանին, Ստուսի հետ մեզ հաղորդակցելու համար։ Միայն Ազատության հարգն իմացողը, Մարդու իրավունքների անխոնջ պաշտպանը և Մեծ Նվիրյալը կարող էր լծվել այսպիսի գործին․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter