HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիից Քաշաթաղ, այնուհետև՝ Երևան. Էմմա Սուջյանի 34-ամյա որդին մինչ օրս անձնագիր չունի

Թիֆլիսահայ Էմմա Սուջյանը տարիներ շարունակ բողոքներ է գրում Հայաստանի Հանրապետության և Արցախի իրավապահներին ու իշխանություններին: Էմմա Սուջյանը պնդում է, որ 1995թ.-ից ի վեր, ինչ ինքը որդու հետ Թբիլիսիից տեղափոխվել է ՀՀ, այնուհետև՝ Արցախ, իր տվյալները կեղծվում են, իսկ իր տունը խաբեությամբ իրենից վերցրել են: Սակայն դրա համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել:

Վրացերեն ու հայերեն փաստաթղթերի կապոցով տիկին Էմման արդեն շատ դռներ է թակել: Եկել է նաև «Հետքի» խմբագրություն: Նրա բողոքները, սակայն, այլևս ուշադրության չեն արժանանում: Մինչդեռ 34-ամյա որդին՝ Լևոն Մխիթարյանը, մինչ օրս այդ պատճառով Հայաստանում գոյություն չունեցող անձ է՝ առանց անձնագրի: Չնայած՝ զինվորական ծառայության նրան, այդուհանդեձ, կարողացել են զորակոչել:

Էմմա Սուջյանը պատմում է, որ Թբիլիսիում մանկավարժ է աշխատել: 1995-ին Թբիլիսիի բնակարանը վաճառել և տեղափոխվել է Երևան, Ավան-Առինջ 2/5, բն 64 հասցեում նոր բնակարան գնել: Սակայն բրոքերային խումբը նրան առաջարկել է փոխանակել բնակարանը և խաբեությամբ տունը վերցրել է: «Առաջարկեցին փոխել բնակարանը: Բարեկամներս Նորքի Մասիվում էին, ես էլ ասի՝ մոտիկ տեղ տուն վերցնեմ, ավելի լավ տեղ էր: Պարզվեց՝ իրենք էդպես ինձնից խլեցին բնակարանը»,- պատմում է տիկին Էմման: Տիկին Էմմայի ասելով՝ բրոքերային խմբի դեմ ինքը՝ միայնակ մայրը, ոչինչ չի կարողացել անել և զրկվել է տանիքից:

Երկու տարի մի կերպ գոյատևելուց հետո՝ 1997-ի գարնանը տիկին Էմման որդու հետ տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջան: Նախ Բերձորում հանրակացարան է հատկացվել նրան: Որդուն տեղափոխել են գիշերօթիկ, իսկ իրեն առաջարկել են հավաքարար աշխատել: 1999-ին տեղափոխվել է Սանասար գյուղ և տեղի միջնակարգ դպրոցում աշխատանքի է անցել որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1982թ. ծնված Լևոնին շուտով զորակոչել են Արցախի պաշտպանության բանակ: Տիկին Էմման դիմումներ է գրել, որ որդուն զորակոչելու իրավունք չունեին, քանզի նա ոչ միայն գրանցում, այլև անձնագիր չի ունեցել, իսկ ինքը միայնակ մայր է և հաշմանդամ: Հաշմանդամությունը ձեռք է բերել Քաշաթաղում. ընկել է աստիճաններից և վնասել ոտքը: Այժմ տիկին Էմման կաղում է:

Արցախի դատախազությունը, պատասխանելով տիկին Էմմայի գրությանը, նշել է. «Ինչպես Քաշաթաղի շրջանի մյուս զորակոչային տարիքի երիտասարդները, նա (Լևոնը) նույնպես հաշվառման է վերցվել, իսկ հետագայում զորակոչային հանձնաժողովի որոշմամբ օրինավոր կարգով զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության»:

Տիկին Էմման հաշմանդամության 2-րդ կարգ է ունեցել: Նրա դիմումների հիման վրա, ի վերջո, որպես միակ հաշմանդամ մայր ունեցող զինծառայողի, մեկ տարի ծառայելուց հետո Լեւոնին վաղաժամկետ զորացրել են: Զորացրվելուց հետո 2001թ. փետրվարին հաշվառվել է Քաշաթաղի զինկոմիսարիատի պահեստազորում, և նրա կացարանի և գրանցման անձնագիր ստանալու հարցը պետք է լուծվեր Քաշաթաղի շրջանում, որի մասին հանձնարարություն էր տրվել Քաշաթաղի ոստիկանության անձնագրային բաժնի պետին: Այդ մասին նշված է Արցախի դատախազության գրության մեջ: Լևոնին այդպես էլ անձնագիր չեն տվել Քաշաթաղում:

Տիկին Էմման և որդին տեղափոխվել են Երևան: Տիկին Էմման դիմել է ՀՀ պատկան մարմիններին: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, պատասխանելով տիկին Էմմայի՝ նախագահին գրված դիմումին, հայտնել է, որ տղայի անձնագրի համար պահանջվել են Լևոնի անձը հաստատող փաստաթղթերը՝ ծննդյան վկայական, զինգրքույկ: Էմմա Սուջյանն ասում է, որ որդու ծննդյան վկայականը կորցրել են տեղափոխումների հետևանքով, իսկ զինգրքույկով անձնագիր չեն տվել: Պահանջում են, որպեսզի տիկին Էմման վերադառնա Թբիլիսի և արխիվից հանի որդու ծննդյան վկայականը: Մեկ անգամ տիկին Էմման գնացել է, սակայն քանի որ իր՝ ԽՍՀՄ-ի անձնագիրն այլևս չի պահպանվել, նոր՝ ՀՀ անձնագրով նրան չեն կարողացել նույնականացնել:

Լևոնը լուսանկարվել չի ցանկանում: Հարցնում եմ՝ ինչո՞վ ես զբաղվում: «Դիվան եմ քշում»,- պատասխանում է Լևոնը քմծիծաղով: Մասնագիտություն ունի՝ մետաղի դիզայներ է: Սովորել է Թորոս Ռոսլինի անվան քոլեջում, սակայն չի ավարտել: Համակարգիչներ է կարգավորում: Պատմում է, որ անձնագիր չունենալու պատճառով չի կարողանում նորմալ աշխատանք գտնել: Իսկ անձնագրի հարցում որևէ գերատեսչություն չի ընդառաջում: «Ես կամ, բայց չկամ»,- ավելացնում է Լևոնը:

Մայր և որդի այժմ ապրում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վարձած 12 քմ հանրակացարանի սենյակում: Տիկին Էմման միջոցներ չունի, որ մեկնի Վրաստան՝ որդու ծննդականի հարցերով զբաղվելու համար: 

Լևոնը զրույցի վերջում ասում է, որ ուզում է «աշխարհի անձնագիր» ունենալ: Վստահ է, որ դրանից, օրինակ, Քըրք Քըրքորյանն ունի: Իրեն էլ դա պետք կգա ճանապարհորդելու համար: