HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իղձ» սոցիալական ձեռնարկության դժվարությունը ապրանքի իրացումն է

Արփինե Մինասյան

«Եթե կինը մեկ օր կար չանի, ուրեմն այդ օրը օր չէ»,-ասում է դերձակուհի Գայանե Եղոյանը: Նա Մարտունի քաղաքի «Իղձ» սոցիալական ձեռնարկության կարի արտադրամասում է աշխատում: Մինչ այստեղ աշխատելը Մարտունու մարզադպրոցի բասկետբոլի մարզիչն է եղել:

«Տանը եւս կար եմ արել, հիմա էլ եմ անում՝ հագուստի ձեւափոխում եմ անում: Սա շատ հարազատ աշխատանք է, բոլորս նույն հագուստի վրա աշխատում ենք, ամեն մեկս մի բան է անում»,-իրենց ամենօրյա աշխատանքից է պատմում 54-ամյա տիկին Գայանեն:

Կարինե Իսրայելյանը 20 տարի մանկապարտեզում դաստիարակչուհի աշխատելուց հետո տնային տնտեսությամբ է զբաղվել: 53-ամյա կնոջ համար աշխատանքը հոգեպես շատ կարեւոր է: «10 տարի տանն եմ նստել: Երբ լսեցի այս ծրագրի մասին, դիմեցի: Աշխատանքն ինձ հոգեպես շատ օգնեց, որովհետեւ երկար ժամանակ տանը նստելուց հետո հասկացա, որ հիվանդության հետ կարող եմ աշխատել, կյանքս շատ փոխվեց: Սիրում եմ իմ աշխատանքը: Երբ կտորից ինչ-որ  հագուստ ես կարում, ասես ինչ-որ նոր բան ես ստեղծում»,-պատմում է Կ. Իսրայելյանը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է 2014թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, “Save the children” («Սեյվ դը չիլդրեն») կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բարելավում զբաղվածության միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ծրագրի շահառուն է «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ն:

Սոցիալական ձեռնարկությունում գործում են կարի արտադրամասը եւ տպարանը:  Թողարկում են տրիկոտաժե հագուսըներ՝ շապիկներ, նորածինների հագուստ՝ հայատառ գրություններով, ասեղնագործ սփռոցներ, նաեւ՝ վերջին զանգի հագուստների պատվերներ են կատարել:  

«Մենք հիմա աշխատում ենք 30% արտադրական ծավալով: Մեր ամենամեծ դժվարությունը իրացումն է, հիմնականում ցրելով ենք իրացնում: Պատվերներ քիչ ենք ունենում: Մեր արտադրանքի գները մատչելի են, օրինակ՝ թեւերով 36 չափի այս շապիկը 800 դրամ է, բայց  շուկայում 1200 դրամից պակաս այսպիսի շապիկներ չեք գտնի: Սա ամենաբարձր խտության տրիկոտաժն է»,-հավաստիացրեց «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանը, ում խոսքով՝ պետությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաեւ այլ կառույցներ պետք է աջակցեն ապրանքի իրացմանը: 

Տիկին Գեւորգյանն ասում է, որ շուկայի ուսումնասիրություն են կատարել տարածաշրջանում եւ պարզել, որ Գեղարքունիքի մարզում կարի արտադրամաս եւ տպարան չկան:  

«Մեր կարի արտադրամասը եւ տպարանը միակն են Գեղարքունիքի մարզում:  Դրանք հագեցած են համապատասխան սարքավորումներով: Աշխատողներն արդեն վարպետացել են, մենք ամեն տեսակի հագուստ կարող ենք կարել:  Լրացուցիչ պատվերներ ենք կատարում, մեր մեքենաների կեսն ազատ են: Գունավոր ցուցանակներ ենք տպագրում, նաեւ շապիկների ու կտորեղենի վրա ենք տպագրում¦,-նշեց Անահիտ Գեւորգյանը:

«Իղձ» սոցիալական ձեռնարկությունում աշխատում է հաշմանդամության տարբեր կարգ ունեցող 10 անձ:

«Մեր համակարգչային ձեւավորողը 1-ին խմբի հաշմանդամ է, 2 ոտքերը կորցրել է բանակում: Նաեւ թույլ լսողությամբ եւ խոսքի դժվարություն, ասթմա ունեցող աշխատողներ ունենք»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter