Հարկային օրենսգրքի նախագծի տեղական հարկերի մասին դրույթը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի համընկերության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագիծը (Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0) : Այդ նախագծում սահմանված են տեղական հարկեր համարվող անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ տեղ է գտել հետեւյալ դրույթը՝ «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչեւ 10 տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող տեղական հարկերի հաշվարկման օրենքով սահմանված դրույքաչափերը»։
Տեղական հարկերի կարեւոր բնութագրիչներից մեկը դրանց դրույքաչափերի սահմանումն է համայնքի ավագանու կողմից, օրենքով նախատեսված շրջանակներում։ Օրենսգրքի նախագծի «...կարող է մինչեւ 10 տոկոսով բարձրացնել...» ձեւակերպումը պասիվ դերակատարման հնարավորություն է տալիս համայնքի ավագանուն, որը կարող է նույնիսկ չքննարկել այդ հարցը։ Թվում էր թե 2010թ.-ից գործող օրենսդրության մեջ տեղ գտած տեղական հարկերի դրույքաչափերի սահմանման սխալը կուղղվի օրենսգրքի նախագծում եւ կսահմանվի դրույքաչափերի միջակայք, մանավանդ որ դրա մասին նշվել է նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 2014թ. մարտի 26-ին ընդունած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» զեկույցում։ Սակայն դա արվել է մասնակիորեն։ Բացի դրանից, օրենսգրքի նախագծից հանվել է ներկայումս գործող օրենսդրության մեջ առկա երրորդ տեղական հարկը՝ հյուրանոցային հարկը։
ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումը հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագծի տեղական հարկերի դրույքաչափերի սահմանմանը վերաբերող դրույթը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության Հոդված 185-ի 3-րդ կետին՝ ըստ որի «Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր» եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Հոդված 9-ի 3-րդ կետին՝ համաձայն որի «Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը գոյանում է տեղական հարկերի եւ վճարումների հաշվին, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են սահմանել օրենքով նախատեսված շրջանակներում»։ ՀաՄաՏեղ ծրագրի համընկերությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագծի վերը նշված դրույթը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային, ինչպես նաեւ նախագծում ավելացնել հյուրանոցային հարկի մասին դրույթը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել