Վանաձորում քննարկեցին ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող պատճառներն ու ոլորտի հեռանկարները
Գայանե Սարգսյան
Հունիսի 3-ին Վանաձորի զարգացման խորհրդի հրավերով (խորհրդի նախագահ Վանաձորի ավագանու անդամ Արմեն Մատինյան) մարզկենտրոնում էին հավաքվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ հետաքրքրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներ Լոռու, Շիրակի մարզերից ու մայրաքաղաքից:
Դեռևս նախորդ տարվանից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն անվճար հիմունքներով անց է կացնում դասընթացներ ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար: Տեսական դասընթացներից հետո, սակայն, սովորողները Վանաձորում պրակտիկ փորձառություն չեն կարողանում անցնել:
«Ամբողջ կրթական պրոցեսի ընթացքում մենք բարդության առաջ կանգնեցինք Վանաձորում, չկարողացանք մեր ուսանողներին ապահովել լիարժեք պրակտիկայով, որովհետև այստեղ դժվարացանք հայտնաբերել IT–ով (ՏՏ-խմբ․) զբաղվող կազմակերպություններ, թիմեր, ովքեր մեզ կաջակցեին այս հարցում և մեր ուսանողներին կներգրավեին իրենց աշխատանքներում»,- նշում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը, ով աջակցում է Վանաձորի կենտրոնին ծրագրերի իրականացման հարցում:
Տեխնոլոգիական կենտրոնի դասընթացների կազմակերպիչներն ստիպված են եղել այս հարցում ապավինել երևանյան ու Գյումրու կազմակերպություններին:
Ծնունդով լոռեցի Շավարշը, ով ընկերների հետ միավորվել ու Երևանում ստեղծել է վեբ ծրագրավորմամբ զբաղվող իր կազմակերպությունը, համագործակցել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ ու որոշել դասընթացներին մասնակցած երիտասարդների խմբից ձևավորել թիմ՝ առաջիկայում կազմակերպության վանաձորյան մասնաճյուղ բացելու և նրանց աշխատանքի ընդունելու ակնկալիքով:
«Մեկ տարի առաջ ցանկանում էինք ֆիրմա բացել Վանաձորում, բայց քանի որ այստեղ մասնագետ չկար, չկարողացանք: Հիմա հարցազրույցի արդյունքում ընտրված 15 հոգանոց թիմ ունենք, որոնց ապահովում ենք պրակտիկայով, առաջադրանքներով: Երկու ամսից մեր թիմը պատրաստ կլինի ու մենք նրանց հետ կշարունակենք աշխատել արդեն որպես աշխատակիցների»,- հանդիպման ընթացքում նշեց Շավարշը:
Ներկաներին հետաքրքրում էր՝ կա՞ որևէ հարթակ, որտեղ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ներկայացնում է ոլորտի թափուր աշխատատեղերն ու դասընթացների հայտարարությունները:
Պարզվեց՝ կենտրոնի ռեսուրսներն այս առումով բավականին սահմանափակ են: Հայտարարությունների տարածման համար օգտագործվում է ֆեյսբուքյան էջը, կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կայքերը:
«Ցավոք, մենք այս պահին ունենք 3 հնարավորություն: Մյուս միջոցները վճարովի են, դեռևս չենք դիմում»,- նշեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման խորհրդատու Պատվական Հախինյանը՝ հավելելով, որ նշված ռեսուրսներն օգտագործելով, սակայն, ներկայումս չեն կարողանում Վանաձորում մասնաճյուղ բացել ցանկացող կազակերպություններին ապահովել JavaScript-ի երկու մասնագետներով:
Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի պետ Արա Առաքելյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ՏՏ ոլորտին առնչվող թափուր աշխատատեղերի հայտարարությունների տարածման հարցում:
Կարևորելով Վանաձորւմ ՏՏ ոլորտի զարգացումը՝ վանաձորյան «Էլպիդա» կազմակերպության տնօրեն Արկադի Խիտարովը հարկ համարեց հիշեցնել՝ քաղաքը անցյալ ունի ու անցյալի զարգացած ոլորտները չպետք է մատնել մոռացության:
«Չմոռանանք, որ մեր քաղաքը անցյալ ունի, եկեք չջնջենք այն ամենը, ինչը եղել է, ու ասենք՝ եկեք սկսենք 0-ից: Այսօր դրան են գնում: Ոչ մի ոլորտի մասին խոսակցություն չի էլ գնում,- նշեց նա՝ ձևական համարելով ՀՀ կառավարության կողմից մի քանի տարի առաջ մշակված ինժեներական ոլորտի զարգացմանը միտված ծրագիրը,- 4-5 տարի անցավ, այդ ծրագիրը մնաց թղթի վրա, ոչ մի բան չարվեց: Նույնիսկ վարչապետին կից խորհուրդ էր ստեղծվել, որ էդ հարցերը քննարկեր: Ես անդամ եմ եղել, և 4-5 տարում ոչ մի անգամ էդ խորհորդը չի հավաքվել, ոչ մի հարց չի քննարկել: Երևի ինչ-որ մեկին պետք էր նման ծրագիր սարքել, սարքեցին ու դրեցին մի կողմ»:
«Կուզեի, որ IT ոլորտը դառնար գործիք բոլոր այլ ոլորտների համար». սա արդեն Ա. Խիտարովի ցանկությունների շարքից է:
Պ. Հախինյանը մատնանշեց, որ տեխնոլոգիական կենտրոնը լինելու է նաև ճարտարագիտության զարգացման կենտրոն և ճարտարագիտության ու սարքաշինության զարգացումը լինելու է տեխնոլոգիական կենտրոնի առաջնահերթություների շարքում:
Քննարկման կարևորագույն հարցը դարձավ այն, թե ինչ անել, որ դրսի ՏՏ ոլորտի մասնագետները գան Վանաձոր: Ա. Եղոյանը կիսվեց Գյումիում ունեցած փորձով.
«Ես գնում եմ կազմակերպություններ, ասում, որ ունենք ուսանողներ, որ ուզում ենք Գյումրիում զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, որ իրենք մնան, աշխատեն Գյումրիում, խնդրում ենք օգնել մեզ այդ հարցում: Ասում ենք, որ մենք չունենք բարձրակարգ մասնագետներ, որ մենք փնտրում ենք ոչ թե այն բիզնեսմեններին, որոնք ուզում են գալ Գյումրիում փող աշխատել, այլ փնտորւմ ենք այն հայրենասեր բիզնեսմենին, ով Երևանում փող աշխատելով հանդերձ, կգա Գյումրիում էլ մեզ հետ կչարչարվի, որ ոլորտը զարգանա: Հավատացեք՝ այս մեսիջը շատ լավ աշխատում է»:
Ամալյայի խոսքով՝ հաջողության հասնելու կարևորագույն գրավականը գործի մեջ սիրտ ու հոգի դնելն է: «Մենք շատ ենք չարչարվում, ժպիտ, հոգի ու սիրտ ենք դնում այս ամենի մեջ: Մենք չենք նայում սրան որպես պայմանագրով աշխատանք, դա չի ստացվելու այդ դեպքում»:
Ինչ վերաբերում է վանաձորյան փորձին, աշխատանքների սկզբնական փուլում լոռեցիները հիասթափեցրել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրենին:
«Ոչ մի դպրոց մեզ լսարան չէր տալիս, ասում էին՝ գումարով: Ես ապշել էի: Ո՞նց, այսքան թանկ ծրագիրը մարզում արվում է, մենք լսարանի համար վարձ տա՞նք: Մինչև մարզպետը չաջակցեց, խնդիրը չլուծվեց։-հիշեց Ամալյան՝ կարծիք հայտնելով,- Մինչև տեղից չլինի ոգևորիչ գործոնը, մինչև շնորհակալություն չհայտնեն, որ մարդն այստեղ աշխատատեղ է ստեղծում, ոչ ոք չի գալու»:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Նելսոն Մամուլյանի կարծիքով՝ ՏՏ ոլորտի մասնագետների Վանաձոր չգալու պատճառների հիմքում նաև քաղաքի միկրոմիջավայրերի անբավարար վիճակն է:Առկա բացերը վեր հանելու, համակարգելու ու քաղաքի 2017-2022 հնգամյա զարգացման ծրագրում ներառելու համար կենտրոնն այժմ ակտիվորեն համագործակցում է Վանաձորի քաղաքապետարանի հետ, որպեսզի հաջորդ ծրագիրը չլինի նախորդի կրկնությունն, ու զարգացման մասով նախատեսված կետերը չմնան թղթի վրա:
Վանաձորի քաղաքապետարանի ծրագրերի ու արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանն ինքն էլ ընդունում է՝ քաղաքի զարգացման ծրագիրն այքան էլ զարգացման չէ:
«Զարգացման ծրագիրը մեր թույլ կողմն է: Երևի ամենալավը ես եմ ծանոթ մեր քառամյա ծրագրին ու ինքս գտնում եմ, որ դա այնքան էլ զարգացման ծրագիր չէ»,- անկեղծանում է բաժնի պետը:
ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող պատճառների թվում Երևանից հրավիրված ծրագրավորողները մատնանշեցին քաղաքի բուհերի մասնագիտական պատրաստվածության անբավարար վիճակը:
«Այստեղ մասնագետ չի պատրաստվում: Խնդիրն այսօր առաջին հերթին ոչ թե այն է, որ մասնագետ չկա, այլ այն, որ մինչև հիմա մասնագետ պատրաստող չի եղել, էսօրվա բուհերը դիպլոմ վաճառողներ են: Եվ ոչ թե լավ մասնագետներն էստեղից գնացել են, այլ էստեղից գնացել ու Երևանում են դարձել լավ մասնագետ: Մարդը, որ սովորել է Վանաձորի պոլիտեխնիկի ծրագրավորման բաժնում, համակարգչից կարողանում է օգտվել այնքանով, որ մտնի ինտերնետ, դուրս գա»,- նկատեց ծրագրավորողներից մեկը:
«Դե եթե դուրս էլ է գալիս…»,- կատակի տվեց ներկաներից մեկը:
Վերջին 1.5 տարվա ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի դասընթացներին մասնակցել է 300-ից ավելի երիտասարդ: Չնայած սրան, կենտրոնի գոյության ու գործունեության մասին պատկերացումները բազմաթիվ վանաձորցիների մոտ դեռևս աղոտ են: Վանաձորի զարգացման խորհրդի անդամ Արամ Հախինյանի խոսքով՝ շարքային վանաձորցու համար տեխնոգիական կենտրոնը դեռևս ընդամենը գեղեցիկ շենք է ու անհրաժեշտություն կա կենտրոնի գործունեության ու գործառույթների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել ավելի լայն շրջանակների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել