HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում` 100 տոննա ժամկետանց դեղ

Թագուհի Հակոբյան
Նորա Աբրահամյան
Գայանե Մանուկյան

Փաստը, որ դեղագործական ոլորտի հսկողությունը հայտնվել է բարձիթողի վիճակում, չհերքեցին անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում:

Այլապես 2002թ. հոկտեմբերին ՀՀ նախագահը խորհրդակցություն չէր հրավիրի եւ վերոհիշյալ ծառայությանը չէր հանձնարարի ուսումնասիրություններ կատարել Երեւան քաղաքի 10 դեղատներում դեղերի վաճառքի եւ դեղերի որակի նկատմամբ հսկողության իրականացման գործընթացի վերաբերյալ:

Իսկ պատահական ընտրանքով դեղատներում կատարած շրջայցի, որին մասնակցել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները, հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը եւ «Դեղգործակալություն» ՓԲԸ-ի աշխատակիցները, նպատակն է եղել պարզել` արդյո՞ք ՀՀ դեղատներում կան չգրանցված դեղատեսակներ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդպիսիք առկա են գրեթե բոլոր դեղատներում: Տասը դեղատներից հայտնաբերվել է 41 անուն չգրանցված դեղատեսակ: Դրանց թվում են մեծ պահանջարկ ունեցող բարալգինը, տետրացիկլինի 1 տոկոսանոց քսուքը, անհայտ ծագման կալցիումի քլորիդը (5%, 100 մլ), պարացետամոլը, նիկոտին ամիդը, էվկալիպտի լուծույթը եւ այլն:

Պարզվել է նաեւ, որ, որոշ դեղատեսակներ միայն արտաքին զննման արդյունքում, ըստ մասնագետների, ակնհայտ կեղծված են:

Հայաստան ներկրվող դեղատեսակները միայն «Դեղգործակալություն» ՓԲԸ-ում լաբորատոր հետազոտությունների ենթարկվելու եւ բոլոր պարամետրերին համապատասխանելու դեպքում են գրանցվում, որից հետո էլ թույլատրվում է վաճառել:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ Վահրամ Աբրահամյանի հավաստմամբ, հայտնաբերված չգրանցված դեղերի մասին տեղեկանք է ուղարկվել առողջապահության նախարարություն, այնուհետեւ` Պետական եկամուտների նախարարություն եւ գլխավոր դատախազություն: Ի դեպ, չգրանցված դեղատեսակները ներմուծվում են մաքսային ծառայությունների հսկողությունից դուրս ճանապարհներով:

Վ. Աբրահամյանը նշեց, որ մարդասիրական օգնության ճանապարհով ներկրում են դեղեր, որոնց ժամկետը մոտ է լինում լրանալուն եւ, եթե այդ ընթացքում չի սպառվում, համարվում են ժամկետանց:

Նա վստահեցրեց, որ դեղ ներկրող կազմակերպությունները զգուշացված են, եւ սովորաբար հաշվարկում են, թե որ դեղից որքան է անհրաժեշտ ներկրել: Եվ եթե այդքանից հետո էլ չվաճառված դեղերի ավելցուկ է առաջանում, ապա դրանք մնում են դեղատներում: Բայց չկա ոչ մի երաշխիք, որ այդ դեղերը չեն վաճառվի:

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության իրավաբանի օգնական Սուսաննա Պողոսյանը մեզ տրամադրեց 2001-2002թթ. սպառողներից ստացված դիմումներում ներկայացված տվյալները: Կոմիտաս 30 հասցեում գտնվող կոմերցիոն դեղատնից մի հիվանդ, գնելով «աչքի կաթիլներ» դեղը, հայտնաբերել է դրա կեղծված լինելը:

Նույն դեղատնից մեկ այլ հիվանդ, գնելով «տրիֆոսադենիտ» կոչվող դեղը, հայտնաբերել է, որ ժամկետանց պիտակի վրա նոր պիտակ է կպցրած: Մալաթիայի շուկայից գնած «կլոֆիլին» ճնշման դեղը մի քաղաքացի դադարեցրել է օգտագործել այն բանից հետո, երբ պարզվել է, որ «կլոֆիլին»-ի հաբերը պետք է սպիտակ լինեն: Իսկ իր գնած դեղի հաբերը դեղին են եղել:

Նշենք, որ շուկայում դեղորայք վաճառողները լիցենզիա չունեն, եւ տեղեկանալով, որ «Սպառողների միություն» ՀԿ-ի աշխատակիցները պատրաստվում են այցեր եւ ստուգումներ կատարել Մալաթիայի շուկայում, մի քանի օր շարունակ չեն երեւացել այնտեղ:

ՀՀ կառավարության` 1999 թ. հուլիսի 31-ի թիվ 478 որոշման համաձայն, ժամկետանց դեղերը պետք է ոչնչացվեն ներկրողի հաշվին: Այդ որոշման հիման վրա հանձնարարվել է բնապահպանության նախարարությանը, որ սահմանի ժամկետանց դեղերի ոչնչացման կարգ: ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը հավաստիացնում է, որ իրենք հաշվառում են ՀՀ սինթեզվող վտանգավոր նյութերը: Ժամկետանց դեղերը դասվում են վտանգավոր թափոնների շարքին:

Բնապահպանության եւ Առողջապահության նախարարությունները համատեղ մշակել է կարգ, որում նշվում է, թե ինչպես պետք է ոչնչացվեն դեղամիջոցները: Ըստ տիկին Ալեքսանդրյանի, ՀՀ-ում չկա այդպիսի ձեռնարկություն, որտեղ անվտանգ եղանակով կարելի է ոչնչացնել ժամկետանց դեղորայքը: Սակայն հնարավոր է օգտագործել ՀՀ տարածքում գտնվող ձեռնարկությունների առկա հզորությունները: Ասենք, դեղերի ինչ տեսականի հնարավոր է այրել ցեմենտի գործարանում:

Առողջապահության նախարարության հետ համատեղ 1999թ. հաշվառվել է այդ պահին առկա դեղորայքը, որը պահվել է պահեստներում, հիվանդանոցներում, դեղատներում, ԱՆ, ՊՆ եւ մաքսային պահեստներում : Այն կազմում է մոտ 100 տոննա:

Հաշվարկներով պարզվել է, որ Հայաստանում մեկ տոննա դեղորայքը ոչնչացնելու համար անհրաժեշտ է հազար դոլլար: Ինչպես նշված է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, դեղերի ոչնչացման հետ կապված բոլոր ծախսերը պետք է հոգա դեղերը տնօրինող կազմակերպությունը:

Ինչպես են վարվում ժամկետանց դեղերի հետ դեղատներում: Ներկայացնում ենք մայրաքաղաքի մի շարք դեղատներում անցկացրած մեր հարցումների պատասխանները:

«Յունիֆարմ»-Ժամկետանց դեղերը մենք պահում ենք, քանի որ գոյություն չունի ոչնչացման կարգ:

«Արնիկա» - Քանի որ պետությունը ոչ մի կարգ չի մշակել դեղերի ոչնչացման համար, մենք մեր դեղերը արդեն երեք տարի է պահում ենք պահեստնեում: Եթե պետք լինի, կարող ենք դեռ 30 տարի էլ պահել:

«Ֆարմեստ»- Դուրս ենք գրում եւ մեր գումարներով ոչնչացնում: Դեղերի մի մասը այրվում է, մյուսը` թաղվում: Այդ գործով զբաղվում է Ֆարմինսպեկցիան:

«Ֆարմ Դոն»- Գցում ենք աղբարկղը: Դրանք պահելը ավելորդ գլխացավանք է:

«Աստերիա» - Պահեստավորում ենք եւ պահում: Մեկ տարվա ընթացքում արդեն հինգ արկղ դեղ ենք կուտակել:

«Ֆարգաֆարմ» - Դեղերի ժամկետը լրանալուն պես տանում եւ նետում ենք աղբարկղը: Արդեն 15-25 տուփ դեղ ենք թափել:

«Սավ» - Պահում ենք պահեստներում: Կան հայկական դեղեր, որոնք ժամկետը չանցած,փչանում են:

ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն էլ մեր զրույցի ժամանակ հավաստիացնում էր, որ թույլատրում են ներմուծել առնվազն մեկ տարվա ժամկետ ունեցող դեղեր: Բացառություն է կազմում մարդասիրական օգնության ճանապարհով ներկրվող դեղորայքը, որի ժամկետը կարող է լինել մինչեւ վեց ամիս: Առողջապահության նախարարությունը հրահանգ է տվել ՀՀ բոլոր բուժհաստատություններին ներկայացնել պիտանելիության ժանկետն անց դեղերի անվանացանկը եւ քանակը կգ-ով:

«Հավանաբար պահանջվող խոշոր ֆինանսն՞երն են պատճառը, որ բնապահպանության նախարարությունը չի շտապում կուտակված ժամկետանց դեղորայքի ոչնչացմամբ զբաղվել»- մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Կան դեղերի ոչնչացման ավելի էժան, մատչելի մեթոդներ: Երբ կարգը պաշտոնապես ընդունվի, կմտածենք, թե որ մեթոդը կիրառենք»:

Իսկ առայժմ 100 տոննա ժամկետանց դեղերը` խիստ վտանգավոր թափոնները Հայաստանի տարբեր բնակավայրերում պահեստավորված է եւ հայտնի չէ երբ եւ ինչպես է այն ոչնչացվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter