HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Լ. Մնացականյան․ «Ադրբեջանը համոզվեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մեթոդով խոսելն անարդյունք է…»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

-Սկսենք այսօրվա իրավիճակի գնահատականից, ինչպիսին է այն։

- Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է և այն, իհարկե, համեմատելի չէ ապրիլյան պատերազմին հաջորդած առաջին օրերի իրավիճակի հետ: Դա արտահայտվում է բոլոր առումներով` և' կրակոցների, և' օգտագործվող զինատեսակների տրամաչափերի, և' լարվածության անհամեմատ նվազման տեսանկյունից: Բայց ինձ թվում է, որ  այդ հանգիստը հարաբերական է և երկար չի տևի,  այն ժամանակավոր է։ Կարծում եմ, որ այս իրավիճակը,  կտևի մինչև հունիսի վերջ կամ հուլիսի առաջին տասնօրյակ, որից հետո առաջնագծում կստեղծվի որոշակի լարվածություն :

-Ինչի՞ արդյունքում եք եկել այդ եզրահանգման, որ հենց այդ ժամանակ լարվածություն կառաջանա առաջնագծում։

-Մեր ունեցած տվյալների վերլուծության։ Գաղտնիք չէ, որ այս ժամանակահատվածում հակառակորդի ակտիվության նվազումը պայմանավորված է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելության և դրա արդյունքում սպասվող  բանակցությունների հանգամանքով… Այլ պատճառներ ևս կան, բայց դրանց չեմ անդրադառնում։

-Դուք վերջին ռազմական գործողությունների ծավալումը կապո՞ւմ եք Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ։

Իհարկե, քանի որ գնալով այդ երկրի ղեկավարությունը ներքաղաքական որոշակի խնդիրների առաջ է կանգնում։ Լենքորանում տեղի ունեցած բողոքի ակցիաները դրա ապացույցն են, որոնք ճնշելու համար  Ադբեջանն օգտագործեց իր Ներքին զորքերի ստորաբաժանումները: Կան դժգոհություններ ազգային փոքրամասնությունների նկատմամբ դրսևորած ոչ համաչափ վերաբերմունքի պատճառով, որոնց մասին հաճախ տեղեկություններ են լինում սոցիալական ցանցերում: Փաստեր են շրջանառվում, որ Բաքվից ու այլ խոշոր բնակավայրերից գրեթե զինծառայողներ չեն բերում առաջնագիծ, որպեսզի հնարավորինս թաքցնեն իրենց զոհերի իրական թիվը հասարակության լայն շերտերից: Առաջնագծում ծառայողները հիմնականում սահմանամերձ շրջանների գյուղական համայնքների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, որոնց կորուստների մասին (այդ թվում նաև ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում) ադրբեջանական հասարակությունը գրեթե անտեղյակ է լինում:

-Իսկ տարածաշրջանի իրադարձությունները հնարավո՞ր է կապ ունեն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ, ասենք՝ Թուրքիայի դեպքերը կամ Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը։

-Բնական է,  որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտած առճակատման վրա: Այստեղ թուրքական գործոնի առկայությունն ակնհայտ է ինչպես Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համատեքստում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացվող բացահայտ ադրբեջանամետ քաղաքականության տեսանկյունից: Միայն վերջին մեկ տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջան կատարած յուրաքանչյուր այցի ընթացքում շփման գծում, կարծես թե, օրինաչափորեն լարվածություն է ստեղծվել, ինչն արտահայտվել է ինչպես դիվերսիոն-հետախուզական գործողությունների ակտիվացմամբ, այնպես էլ տարբեր տրամաչափի հրետանային զինատեսակների կիրառմամբ: Թուրքիայի հանրապետության նախագահը, նրա քաղաքական վերնախավը միշտ էլ բացահայտ շեշտել և շեշտում են, որ իրենք Ադրբեջանի կողքին են, որ իրենք անընդհատ Բաքվին աջակցելու են բոլոր հարթակներում` լինի քաղաքական, թե ռազմական: Ասվածի, թերևս, փաստացի ապացույցն է թուրքական որոշ ստորաբաժանումների առկայությունը Նախիջևանում, դրա պացույցն է նաև նրանց մասնակցությունը վերջին ռազմական գործողություններին: Մեր տվյալներով` ապրիլյան առճակատումից հետո, դիակներով բեռնված երկու ինքնաթիռ է գնացել Թուրքիայի ուղղությամբ: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Անկարան իր անմիջական մասնակցությունն է ունեցել ռազմական գործողություններին:

- Շատ են խոսում, որ ապրիլյան պատերազմը դասեր է տվել բոլորիս, նաև՝ սպաներին, բանակի ղեկավարությանը: Ի՞նչ դասեր տվեց պատերազմը։

Իսկ ինչո՞ւ  միայն ապրիլյան պատերազմը: Ես կշեշտեի ցանկացած բնույթի մարտական, դիվերսիոն-հետախուզական, անգամ հակառակորդին պատժելու նպատակով իրականացված մեր գործողություններից ստացած դասերն ու դրանցից արվելիք հետևությունները: Իհարկե ապրիլյան առճակատման տված դասերի առանձնահատկությունն ավելի ուսանելի և ընդգրկուն էր, քանի որ այն իր ձևով և բովանդակությամբ անհամեմատ լայնածավալ էր, իսկ ռազմավարական ու մարտավարական խնդիրներով` նշանակալից: Առաջին ու, թերևս, ամենակարևոր դասն այն է, որ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ պատերազմը կարող է սկսվել ավելի շուտ, քան մենք սպասում ենք: Ասել է թե` նման հակառակորդ ունենալու պարագայում մեզ անհրաժեշտ է հանկարծակիությունը չափել ոչ թե օրերով կամ ժամերով, այլև րոպեներով, անգամ` վարկյաններով: Համոզվեցինք նաև նրանում, որ ամենաարդիական զենքերով սպառազինված և «իգիլական» հոգեբանությամբ առաջնորդվող բանակին կարելի է հաղթել, եթե հավատում ես քո պատրաստությանն ու կամքին: Իսկ դա մեր զինվորը ցուցադրեց… Ինչ վերաբերում է արվելիք հետևություններին, ապա կրակի դադարեցման պահից սկսած մենք կատարել ու կատարում ենք մանրակրկիտ վերլուծություններ, ուսումնասիրում իրականացված մարտական գործողությունների դինամիկան ըստ րոպեների, առանձնացնում թերացումները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկում համապատասխան միջոցներ: Միաժամանակ հաշվի ենք առնում այն դրականը, որ մենք ունեցել ենք և փորձում ենք այն զարգացնել ու հետագա մարտերի ընթացքում կիրառման մեջ դնել:

Պարոն նախարար, այս ընթացքում բազմաթիվ դիրքեր եմ այցելել և որոշ թերություններ եմ նկատել՝ խրամուղիների, զինվորների համազգեստի, կոշիկների ոչ բարվոք վիճակը: Ինչո՞ւ նման հարցերը արագ չեն լուծվում։

Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել։ Ինչ վերաբերում է հանդերձանքին, ապա դրանք հիմնականում փոխարինվել են նորերով, իսկ որտեղ դեռևս չենք հասցրել` ընթացքի մեջ են: Առաջնագծի ինժեներական կահավորման, մասնավորապես խրամուղիների և հաղորդակցման ուղիների վերականգնման ու կատարելագործման մասով ևս համապատասխան աշխատանքներ կատարվել են և դեռ շարունակվում են իրականացվել: Իհարկե Ձեզ` որպես քաղաքացիական անձի համար, հնարավոր է, կատարվածն ինչ-որ առումով տեսանելի չլինի, ընդունում եմ, բայց որ բավականին նպատակասլաց աշխատանք է իրականացվել հակառակորդի կողմից զանգվածային հրետակոծության ենթարկված դիրքերի վերականգնման, մարտավարական տեսանկյունից հույժ կարևորություն ունեցող նոր բնագծերի ստեղծման ու կահավորման ուղղությամբ, դա փաստ է: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում խրամաբջիջների կառուցապատման, հրակնատների և մարտական ապահովման այլ միջոցների տեղադրման, հավանական հարվածային ուղղությունները ժամանակակից պաշտպանական համակարգերով համալրելու գործընթացների վրա: Սրանք աշխատանքներ են, որոնք կրում են շարունակական բնույթ և դրանց ընթացքը գտնվում է բանակի հրամանատարության ամենօրյա վերահսկողության տակ:

Տարբեր դիրքերում երբ լինում եմ, ասում են՝ նախարարը այցելել է, հանձնարարություններ է տվել։ Երբ դուք գնում և հանձնարարություններ եք տալիս, հետո ինչպե՞ս եք հետևում դրանց կատարմանը, ինչպե՞ս եք իմանում՝ կատարվե՞լ են դրանք, թե՞ ոչ, հնարավոր է՝  նաև չկատարեն, սահմանագիծը երկար է և, բնականաբար, անընդհատ չեք կարող լինել ամենուր։

Դրա համար գոյություն ունի մեխանիզմ. առաջին հերթին դրանց կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում են տեղերից: Իհարկե, լինում են դեպքեր, երբ տվյալ զեկույցները ոչ լրիվությամբ են համապատասխանում իրականությանը: Դրանց ճշտությունը պարզելու համար` ազատ ժամանակացույցով, իմ կողմից նշանակված պատասխանատուների միջոցով, իրականացվում են ստուգումնր: Բացի դրանից, յուրաքանչյուր օր բանակի շտաբի հանձնախմբերը տեղերում աշխատում և կատարվածի մասին զեկուցում են վերադասին: Աշխատանքներն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար` իմ հրամանով ընթացիկ ժամանակահատվածում զորքերն զբաղված են միայն ու միայն այն հանձնարարականներով, որոնք բխում են ընթացիկ ռազմաքաղաքական պահանջներից և հավանական պատերազմի վերսկսման դեպքում լիարժեք ապահովելու են ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական հաջող գործողությունների վարման դինամիկան:

Իսկ ովքե՞ր են ստուգումները կատարում։

Բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի ծառայության և բաժնի պետերն ու նրանց ենթակայության տակ գտնվող սպայակազմը: Այսինքն` մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, գիտեն այս կամ այն հանձնարարականի կատարման կարճ և, միևնույն ժամանակ, արդյունավետ ուղին, քաջատեղյակ են իմ պահանջներին, ունեն խնդիրներ լուծելու համապատասխան փորձառություն…

Բացթողումների մասին որ ասում եք, դրանց համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու, կոնկրետ պաշտոնյաներ: Նրանք պատասխանատվության ենթարկվե՞լ են։ Կա՞ն մեխանիզմներ նրանց պատասխանատվության ենթարկելու, եթե սխալներ են եղել,  եթե նրանց սխալների պատճառով, ասենք, նույնիսկ կարող է զոհեր են եղել։ Ինչպե՞ս են պատժվում այդ մարդիկ։

Եթե խոսքը վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա, իհարկե, կատարված վերլուծությունների ընթացքում անդրադարձել ենք նաև Ձեր բարձրացրած հարցերին: Մարդիկ, միանշանակ, պատասխանատու են իրենց ղեկավարած զինվորական կառույցի համար և, այն, ինչ տեղի է ունեցել, նաև դրա համար են պատասխանատու: Վերլուծելով չորսօրյա պատերազմի արդյուքները, մենք կատարել ենք համապաատասխան հետևություններ և, ըստ այդմ` ընդունել մի շարք որոշումներ, այդ թվում նաև` կադրային փոփոխությունների տեսքով: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված երկու զորամասերի հրամանատարներն ու այլ պաշտոնատարներ, որոշ ստորաբաժանումներում տեղի են ունեցել կադրային տեղաշարժեր, մարտական գործողությունների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ նշանակվել են ավելի բարձր պաշտոնների… Բոլորովին վերջերս էլ տեղի ունեցավ միավորման մակարդակով մեկ փոփոխություն` նշանակվեց միավորման նոր հրամանատար: Սրանք գործընթացներ են, որոնք որքանով կապված են ապրիլյան իրադարձությունների հետևանքների հետ, այնքանով էլ համահունչ են բանակում իրականացվող կադրային քաղաքականության տրամաբանությանը:

Հրամանատարները հպարտությամբ են խոսում զինվորների մասին։ Դուք՝ որպես բանակի հրամանատար, ինչպե՞ս եք գնահատում հայ զինվորին, ի՞նչ արեց զինվորը այս պատերազմում։

Հայ զինվորը այդ չորս օրվա ընթացքում շարունակեց պատվով կատարել իր պարտականությունը, անառիկ պահեց երկրի սահմանը, ապահովեց իր ժողովրդի անվտանգությունը: Չնայած հարավում և հյուսիսում հակառակորդի ունեցած մասնակի հաջողությանը (իսկ իրենց պարագայում ես դա հաջողություն չեմ համարում), այդուհանդերձ մեր զինվորը լիարժեք կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը: Եթե մենք զինվորական տեսանկյունից  քննենք կատարվածը, ապա կհամոզվենք, որ առաջնագծի ողջ ճակատով անցնել հարձակման և միայն հարավային ու հյուսիսային ուղղություններով համապատասխանաբար մխրճվել 200-300 մետր և 600-800 մետր խորությամբ, ոչ այլ ինչ է, քան կատարյալ ձախողում: Իմ նախորդ հարցազրույցներից մեկում ես արդեն ասել եմ, որ հակառակորդի բանակը չորս օրվա մարտական գործողությունների արդյունքում կատարել է դասակի, առավելագույնը` վաշտի խնդիր: Մինչդեռ այդ ընթացքում նա կիրառել է քանակական ու որակական առումներով բազմիցս գերազանցող ռազմական տեխնիկա և կենդանի ուժ: Բացի դրանից`դա մտածված և նախօրոք պլանավորված օպերացիա էր, չնայած որոշ մարդիկ, չգիտեմ ինչ ենթադրություններից ելնելով և ինչ նկատառումներով գտնում են, որ դա լայնածավալ չէր: Իսկ ինչ բնորոշիչներ են հարկավոր օպերացիան լայնածավալ կոչելու համար, երբ հակառակորդը մարտական գործողության մեջ է մտցնում մի ամբողջ հատուկ նշանակության բրիգադ, իսկ այնուհետև` մոտոհրաձգային կորպուսներ, հարյուրավոր զրահատեխնիկա, հեռահար հրթիռահրետանային միջոցներ, մարտական օդուժ, իսրայելական արտադրության հակատանկային կայանքներ, տասնյակ հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքեր, TOS տիպի հրանետներ, «Սմերչ» կայանքներ և այլն: Ինչպես կարելի է օպերացիան լայնածավալ չհամարել, երբ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների կողմից պահվող մեկ դիրքի ուղղությամբ հակառակորդը հանկարծակի հարձակում է ձեռնարկել առնվազն 100 հատուկ նշանակության ջոկատայիններով, իսկ որոշ տեղերում անգամ կրկնակի ուժերով: Միայն Սեյսուլանի ուղղությամբ 28 դիակ է թողել մեր պաշտպանության հատվածում, իսկ մնացածը` քարշ տալով հանել: Նույն պատկերն է եղել նաև պաշտպանական մյուս բնագծերում: Կրակի դադարեցումից հետո մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի հակառակորդը` անգամ գիշերները լուսավորելով, իր դիակները հավաքի միջդիրքային տարածքից: Այդ աշխատանքներին մասնակցում էր հինգ մեքենա անձնակազմ, որին չխանգարեցինք… Իսկ որ դրանք հիմնականում հատուկ նշանակության բրիգադի, մասնավորապես 72-րդ խմբի զինվորների դիակներն էին, ապացուցվում է մեզ մոտ հայտնված փաստաթղթերով… Ահա այս ամենից հետո ինչպես կարելի է գնահատել հայ զինվորին: Իհարկե նրա կատարածը հերոսություն է, հայրենիքին ազնվորեն ծառայելու վառ  օրինակ… Նա իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով և առաջին հերթին բարձր ոգու շնորհիվ:

Իսկ Ադբեջանի նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր ուզում անել հակառակորդը։

-Նպատակը՝ անակնկալի բերել մեր զինված ուժերին, վերահսկողության տակ վերցնել սահմանամերձ մի շարք բնակավայրեր և հաջողության հասնելու դեպքում այն զարգացնել: Դատելով սկզբնական շրջանում նրանց տարածած տեղեկություններից, պարզ երևում էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես պատրաստել էր տեղեկատվական քարոզչության հստակ պլան և ըստ այդ պլանի հաջորդաբար պետք է իրականացվեին հետագա քայլերը: Առաջին տեղեկատվական քայլը, որ նրանք կատարեցին, հակամարտության վերսկսման մեղքը հայկական կողմի վրա բարդելն էր և, ըստ այդմ` միջազգային հանրության շրջանում կարծիք ստեղծելը… Հաջորդը, քանի որ նրանք համոզված էին, որ հեշտությամբ կճեղքեն մեր պաշտպանությունը և վերահսկողության տակ կվերցնեն մի շարք բնակավայրեր, սկսեցին հայտարարություններ տարածել, թե իբր արդեն գրավել են Թալիշը, Մատաղիսը և Սեյսուլանը: Այնինչ դա իրականությանը չէր համապատասխանում: Չնայած Ադրբեջանի ունեցած լավատեսությանը, մարտական գործողությունների մեկնարկային պահերից պարզ դարձավ, որ այն խնդիրը, ինչ հակառակորդը ծրագրել էր լուծել (իսկ խնդիրը հետևյալն էր` մարտադաշտում հասնել հաջողության, գրավել տարածքներ և բանակցությունների սեղանի շաւրջ հանդես գալ պարտադրողի դերում), անհնարին է: Տեղի ունեցած առճակատման արդյունքում Ադրբեջանը համոզվեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մեթոդով խոսելն անարդյունք է և ստիպված խնդրեց հրադադար:

Հարձակման ժամանակ Ադրբեջանն օգտագործեց նաև նոր զինատեսակներ, առաջին անգամ էր դրանց մի մասը օգտագործում։ Նաև պարզվեց, որ Ղարաբաղի զինուժը համապատասխան զինատեսակներ չունի նրանց հակահարված տալու համար։ Այդ բացերը ինչպե՞ս են լրացվում։

Առաջին հերթին մտածում ենք այդ զինատեսակներից արդյունավետ պաշտպանվելու մասին։ Լուծման ուղիները գտել ենք և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Նաև աշխատում ենք նման միջոցներին հակադարձելու ուղղությամբ։ Քանի որ գրոհային անօդաչու թռչող սարքերի կիրառման պրակտիկան ապրիլյան առճակատման ընթացքում, մեղմ ասած, մեզ համար որոշակի խնդիրներ առաջացրեց, ուստի ավելի շատ շեշտը դնում ենք դրանց դեմ պայքարի վրա: Իհարկե չնայած դրանց կիրառման հանկարծակիությանը, բայցևայնպես մենք կարողացանք արդյունավետ հակաքայլեր իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների: Միայն այդ օրերի ընթացքում ղարաբաղյան բանակը խոցեց 20 անօդաչու սարք, որից 14-ը ընկավ մեր, իսկ 6-ը` հակառակորդի տարածքում: Այնպես որ դրանց դեմ պայքարի միջոցներ արդեն ունենք, իսկ նոր տեսակներ անկասկած կունենանք:

Տեսակետ կա, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Դուք ի՞նչ կարծիքի եք՝ որպես Պաշտպանության նախարար։

1994-ին, երբ զինադադարը կնքվեց, Ղարաբաղը բանակցային կողմ էր։ Իսկ, եթե ընդունենք, որ հակամարտության գոտում տիրող այսօրվա վիճակը 94-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքն է, ապա ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին, որքանով տրամաբանական, այնքանով պարտադիր է: Համոզված եմ, որ այդ պահն անխուսափելի է:

Այդ դեպքում երբ ապրիլին ռուսների միջոցով Ադրբեջանը հրադադար խնդրեց, ինչո՞ւ համաձայնվեցիք։ Գուցե ասեիք՝ համաձայն չեք, որովհետև մեզ հետ պետք է պայմանավորվեք, բանակցեք, ինչպես 94-ին էր։

Իհարկե, հարցը տրամաբանական է: Բայց յուրաքանչյուր պատերազմ ավելի վատ է, քան հարաբերական հրադադարը: Իսկ ինչ վերաբերում է մեզ հետ պայմանավորվելուն, ապա, ինչպես քիչ առաջ ասացի, մենք արդեն մի անգամ 94-ին պայմանավորվել ենք և այն է շարունակում մնալ ուժի մեջ, այլ ոչ թե 2016թ. ապրիլի 5-ին Ադրբեջանի կողմից արված խնդրանքը:

Բայց այդ ժամանակ նաև պատրաստ էիք հակահարված տալ։ Հրադադարը կանգնեցրեց նաև այդ գործողությունները։

Իհարկե, պատրաստ էինք: Բայց դա քաղաքական որոշում էր և զինվորականներս պարտավոր էինք դրան ենթարկվել: Ի դեպ, հակահարվածի համար հյուսիսային և հարավային ուղղությամբ արդեն ամեն ինչ պատրաստ էր…

Չեք ափոսո՞ւմ։

Չեմ ափսոսում միայն այն բանի համար, որ դրա ժամանակը էլի է գալու։ Չեմ համարում, որ դրա ժամանակը չի գալու։

Իսկ ո՞րն է եղել ամենամեծ սխալն այս ընթացքում։

-Որ 1994-ին կանգնել ենք, դա է եղել մեր սխալը։

Լուսանկարը` Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսպանական հեղինակավոր «El pais» թերթում ես կարդացել եմ,որ հայկական կողմը ոչ թե 8, այլ 20 քառ. կմ տարածք է կորցրել ապրիլյան պատերազմում:
հայ
Եթե դուք ի վիճակի չեք արտահայտելու սեփական համոզմունքը, ապա ինչպես եք արտահայտում Ադրբեջանի համոզմունքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter