Լոռիում խախտումներ են արձանագրվել վարչական հսկողության ենթարկված բոլոր 7 համայնքներում
Գայանե Սարգսյան
2016թ.-ի առաջին եռամսյակում Լոռու մարզպետարանի կողմից վարչական հսկողություն է իրականացվել մարզի 7՝ Ագարակ, Անտառաշեն, Բազում, Սարալանջ, Ուռուտ, Ջրաշեն և Սվերդլով համայնքներում:
Իրականացված հսկողության արդյունքում նշված համայնքներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ ու թերություններ: Հողաշինության ոլորտում խախտումներ են արձանագրվել վարչական հսկողության ենթարկված բոլոր համայնքներում:
Սվերդլով, Սարալանջ, Ջրաշեն, Ագարակ համայնքներում խախտվել են ՀՀ կառավարության 2010թ.-ի 16-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները. համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը 2014-2015թթ. տրամադրվել են վարձակալության առանց համայնքի ավագանու հետ համաձայնեցնելու:
Ագարակ համայնքում կայացած աճուրդում պարտված մասնակիցը նախավճարը չի մուծել. խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ կետը:
Անտառաշեն, Սվերդլով, Ուռուտ, Ջրաշեն, Ագարակ համայնքներում թերի է պահպանվել ՀՀ կառավարության 1477-Ն որոշմամբ սահմանված կարգը. ոչ բոլոր արոտօգտագործողների հետ են կնքվել արոտավայրերից օգտվելու պայմանագրեր:
Բազում և Ուռուտ համայնքներում թերի են պահպանվել ՀՀ կառավարության 286-Ն որոշման 49-րդ կետը. մրցութային հանձաժողովի կազմում մարզպետարանից ներկայացուցիչներ չեն ընդգրկվել:
Ջրաշենում չի պահպանվել ՀՀ կառավարության 266-ն որոշման 23-րդ կետը. կայացած աճուրդում օտարվել է 0.05 հեկտար արոտավայր, որը պակաս է համայնքում սեփականաշնորհված մեկ հողաբաժնից:
Ջրաշենում հողամասերի կառուցապատման ու վարձակալության իրավունքի տրամադրման համար համայնքի ղեկավարի կողմից մրցութային հանձնաժողով չի ստեղծվել:
Ֆինանսական բնագավառի խախտումներով աչքի են ընկել Սվերդլով և Ջրաշեն համայնքները:
Սվերդլով և Ջրաշեն համայնքներում չի պահպանվել «Ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, համաձայն որի վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանած կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի եկամտի 80 տոկոսից:
Չի պահպանվել ՏԻՄ օրենքի 34-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը կազմակերպում է տեղական հարկերի ու տուրքերի, վճարների, վարչական սահմաններում գտնվող համայնքային ու պետական սեփականություն հանդիսացող հողերի, գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
«Այս առումով միտում եմ տեսնում, համայնքի ղեկավարները չեմ կարող ասել ցանկություն չունեն, թե ինչ, բայց դատական կարգով բռնագանձումներ չեն կատարում, ժամանակացույցեր չեն կազմվում: Արդյունքում կուտակվում է հողի հարկի ու գույքահարկի մեծ ապառքներ»,- մայիսի 25-ին Լոռու մարզխորհրդի նիստի ընթացքում այսպես մեկնաբանեց գրանցված թերությունները Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, ով նաև վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահն է:
Որպես առավել հաճախ գրանցվող խախտում վերջինս մատնանշեց նաև «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի պահանջի չկիրառումը:
«Համաձայն օրենքի՝ տեղական տուրք կամ վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորոթյունների կամ գործողությունների իրականացումը: Լոռու համայնքներում կիրառվում է ճիշտ հակառակ պրոցեսը. սպասում են, որ աշխատանքները կատարվեն, նոր գանձեն, բայց հետագայում էլ չեն գանձվում այդ գումարները կամ գանձվում են թերի»:
Գնումների գործնթացին առնչվող խախտումներով ևս Սվերդլով ու Ջրաշեն համայնքներն առանձնացել են: Այս համայնքներում չեն պահպանվել ՀՀ կառավարության Գնումների գործընթացի կազմակերպման մասի թիվ 168-Ն որոշման 21-րդ կետի պահանջը, ըստ որի մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը պետք է հաստատի գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակի www.gnumner.am ինտերնետային կայքում
Համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների կողմից իրականացրած լիազորությունների վարչական հսկողության արդյունքում հայտնաբերված հիմնական խախտումների թվում Ա. Սարգսյանն առանձնացնում է մի քանիսը.
- սեփականության իրավունքով գույք ձեռք բերելիս կամ գույքն օտարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում պետք է կատարվեն համապատասխան փոփոխությունները: Այնինչ կարող են գույք վաճառել կամ օտարել, բայց այդ փոփոխությունը չի երևում էլի մի քանի տարի. խախտվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը:
- բազմիցս զգուշացվել է, որ համայնքի ավագանու անդամը իր ընտանիքի և մերձավոր բարեկամների շահերին առնչվող որոշումների քվեարկությանը պետք է չմասնակցի: Դրանով խախտվում է «ՏԻՄ մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Այնինչ նման դեպքեր դեռևս գրանցվում են:
Վարչական հսկողության ենթարկված գրեթե բոլոր համայնքներում չի պահպանվել «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքի 12- րդ հոդվածի պահանջը. ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարի կողմից հրապարակել տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:
«Բոլոր թերությունները արձանագրվել են, ներկայացվել են համայնքի ղեկավարներին, տրվել է 20-օրյա ժամկետ թերությունները վերացնելու համար: Ժամկետը լրանալուց հետո պատասխանել են, որ բոլոր թերությունները վերացված են»,- համայնքապետերի հավաստիացումը փոխանցեց Ա. Սարգսյանը:
Այս հայտարարությանն ի պատասխան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հետարքրքվեց. «Երբ համայնքներից 20-օրյա ժամկետում գրում են, որ թերությունները վերացված են, մենք ինչպե՞ս ենք վերահսկում՝ այդ թերությունները վերացվա՞ծ են, թե՝ ոչ»:
Պարզվեց, մինչ այժմ մարզպետարանում հավատացել են համայնքապետերի գրածին ու բավարարվել նրանց հավաստիացումներով: Հիմա էլ չեն հավատում:
«Նախկինում մենք կարելի է ասել հավատում էինք այդ գրությանը, բայց ներկայումս պահանջում ենք փաստաթղթային ապացույց այն մասին, թե թերությունների վերացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ է կատարվել: Համայնքի ղեկավարները հրավիրում են ավագանու արտահերթ նիստ, ավագանու նիստում քննարկում են այդ հարցերը և թղթային, արդեն ուղղված-ճշտված տարբերակները կցվում են գրությանն ու ներկայացվում մեզ»,- տեղեկացրեց Ա. Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել