HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանյան ընտրություններ` չինական ձեւո՞վ

Իջեւանի քաղաքապետի` նոյեմբերի 13-ին կայացած ընտրությունները լայն արձագանք ունեցան հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում, ինչը, սովորաբար, բնորոշ չէ ՏԻՄ ընտրություններին: Հասկանալի է, որ ընտրությունների նկատմամբ մեծ ուշադրությունը մեծապես պայմանավորված էր նրանով, որ դրանք տեղի ունեցան գալիք համապետական ընտրությունների նախաշեմին եւ այդ իսկ պատճառով կարող են դիտարկվել որպես վերոնշյալ ընտրությունների յուրօրինակ ստուգատես: Սակայն քաղաքապետի ընտրությունների հնչեղությանը ոչ պակաս նպաստեց ընտրությունների անակնկալ արդյունքը` ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանից:

Մամուլում արդեն եղել են բազմաթիվ հրապարակումներ այն մասին, թե ինչ կարող էր նշանակել ՀՀԿ-ի պարտությունը: Ներկայացված բազմաթիվ վարկածներից առանձնանում են հիմնականում երկուսը: Մեկնաբանների մի մասը գտնում է, որ ՀՀԿ-ն վատ է աշխատել, իսկ ԲՀԿ-ն` լավ, մյուս մասն էլ գրեթե համոզված է, որ ՀՀԿ-ն` ինչ-ինչ նկատառումներից ելնելով, միտումնավոր է զիջել ԲՀԿ-ին: Պետք է նշել, որ ի հիմնավորումն վերոնշյալ երկու տեսակետների, բերվել են բավականին համոզիչ փաստարկներ: Կարելի էր բավարարվել այս ամենով եւ փակել «Իջեւանի» թեման, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք:

Բանն այն է, որ ոչ ոք` այդ թվում ընտրություններին մասնակցած թեկնածուները, թեմայի շուրջ արտահայտված ընդդիմադիր գործիչները, դիտորդները, մեկնաբանները կասկածի տակ չեն դրել ընտրությունների օրինականությունը, այսինքն` ստացվում է, որ Իջեւանի քաղաքապետի ընտրությունները կարող են համարվել ազատ, արդար եւ թափանցիկ: Ընտրական գործընթացի հետ կապված, իհարկե, եղել են բողոքներ: Օրինակ` ԲՀԿ թեկնածուն բողոքում էր, որ գործող քաղաքապետն օգտագործում է վարչական ռեսուրսը, քաղաքային ԶԼՄ-ներում քարոզչություն իրականացնելու համար չկան հավասար պայմաններ եւ այլն: Գործող քաղաքապետը նույնպես ունեցել է բողոքներ եւ, նույնիսկ, ավելի շատ, քան իր մրցակիցը: Մասնավորապես, ՀՀԿ-ական թեկնածուն նշում էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն «ամբողջ շտաբի հետ միասին տարբեր ընտրակաշառքներ է բաժանել» եւ իր նկատմամբ կիրառել սեւ PR:

Սակայն բուն քվեարկության, ձայների հաշվարկի առումով ԲՀԿ-ականները գրեթե առարկություն չեն ունեցել: «Կարելի է իսկապես ասել, որ նորմալ ընտրություններ տեղի ունեցան… Նորմալ ասելով` ենթադրում եմ ազատ ընտրություններ»,- նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հանրապետական կուսակցությունն էլ շնորհավորել է հաղթող կողմին, իսկ նրանց պարտված թեկնածուն, թեեւ չի շնորհավորել մրցակցին, սակայն չի բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Կարելի է ենթադրել, որ այստեղ «արդար ընտրություններ» գնահատականի հիմքում ընկած են հիմնականում հետեւյալ հանգամանքները. ընտրացուցակների հետ կապված որեւէ լուրջ խնդիր չի ծագել, լցոնումներ չեն եղել, բռնություններ` նույնպես, հանձնաժողովները գործել են հավուր պատշաճի, ընտրակաշառքի վերաբերյալ բողոքներն իրավապահ մարմինների կողմից չեն հաստատվել, իսկ ԶԼՄ-ներով քարոզչության համար անհավասար պայմանների առկայության առումով ԲՀԿ-ն, թեեւ հրապարակավ դժգոհել է, սակայն չի բողոքարկել:

Ըստ էության, ստացվում է, որ հիմնականում աչք ծակող կոպիտ խախտումների բացակայությունը եւ մասնակիցների կողմից ընտրությունների արդյունքների ընդունումն է հիմք ծառայել ընտրություններն ազատ եւ արդար համարելու համար։ Կարելի է կռահել, որ գալիք համապետական ընտրություններից հենց այդպիսի ելք են ակնկալում իշխանությունները եւ, ինչու չէ, միջազգային հանրությունը։

Սակայն իջեւանյան ընտրությունների մասին խոսելիս չպետք է անտեսենք հետեւյալ հանգամանքը. վերոնշյալ ընրություններն իրականում այլընտրանքային չէին՝ երկու թեկնածուներն էլ ներկայացնում էին իշխանական կոալիցիան, իսկ հայաստանյան պայմաններում դա նշանակում է, որ կուլիսային պայմանավորվածության արդյունքում նրանք կարող էին նախապես որոշել ընտրությունների արդյունքը եւ հետո այն ապահովելու համար համապատասխան աշխատանք տանել բնակչության հետ։

Հնարավոր է նաեւ, որ Հայաստանում փորձում են աշխատեցնել անայլընտրանքային ընտրությունների չինական մոդելը, երբ տեղական իշխանությունների ձեւավորման ժամանակ լինում է իրական մրցակցություն, սակայն դա տեղի է ունենում միեւնույն քաղաքական ուժը ներկայացնող անձերի միջեւ եւ չի սասանում միակենտրոն ուղղաձիգ իշխանությունը։ Մեր պարագայում իշխանական կոալիցիան կարող է դիատարկվել որպես մեկ կուսակցություն, որտեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» ընդամենը խմբակցություններ են:

Ամեն դեպքում անայլընտրանքային ընտրությունները չեն կարող տեղավորվել ազատ եւ արդար ժողովրդավարական ընտրությունների շրջանակներում։ Սակայն, քանի որ ոչ ոք չի արգելել ընդդիմադիրներին մասնակցել քաղաքապետի վերոնշյալ ընտրություններին, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել է երկու թեկնածու (այստեղ պետք է նշել նաեւ, որ գալիք համապետական ընտրություններին մասնակցել ցանկացող ընդդիմադիր ուժերի` իջեւանյան ընտրություններում բացակայության փաստը չի խոսում վերջիններիս օգտին), դա ֆորմալ առումով հնարավորություն կտա հայտարարելու, որ այդ ընտրություններն այլընտրանքային էին։

Իսկ արդյո՞ք ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ ընթացող ընտրություններն ինքնաբերաբար այլընտրանքային կդառնան։ Վերջիվերջո` առնվազն տեսականորեն հնարավոր է, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունները ստվերային պայմանավորվածության մեջ մտնեն իշխանությունների հետ եւ փաստացի դառնան նրա մի մասը։ Իրապես այլընտրանքային ընտրություններ ունենալու նվազագույն պայմանը իրական այլընտրանքային սկզբունքով ձեւավորված, բաց եւ թափանցիկ գործելակերպ որդեգրած ընդդիմադիր ուժի (ուժերի) մասնակցությունն է ընտրություններում։

Եվ վերջում մի դիտարկում եւս. իջեւանյան ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 60%-ը,  իսկ դա նշանակում է, որ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է իշխանությունների օգտին` անկախ այն բանից, թե որ թեկնածուի օգտին է տվել իր ձայնը: Սա շատ լուրջ ազդանշան պետք է լինի բոլոր ընդդիմադիրների համար։ Իհարկե, եթե ընտրություններին մասնակցեին ընդդիմադիր թեկնածուներ այդ ձայները նաեւ կբաշխվեին նրանց միջեւ: Սակայն փաստն այն է, որ առանց կոպիտ կեղծիքների կազմակերպված ընտրությունների ժամանակ բնակչության մեծամասնության «ձեռքը գնացել է» «հակազգային», «քրեաօլիգարխիկ», «ավազակապետական» իշխանությունների օգտին քվեարկելու համար։   

Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter