HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան շահույթ ու հարկեր են գրանցում Հայաստանի բուքմեյքերական ընկերությունները

Այսօրվա դրությամբ Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Նախարարության կայքում հրապարակված փաստաթղթից էլ տեղեկանում ենք, որ ներկայում ևս  4 ընկերություն էլ ունի ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա։

Նախ հակիրճ «վիճակախաղեր» և «շահումով խաղեր» հասկացությունների մասին։ Ըստ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի՝ վիճակախաղն հրապարակային միջոցառում է, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջեւ անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում՝ շահումները կախված չեն նրա գործողություններից եւ կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության։ Իսկ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի համաձայն շահումով խաղը ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղն է, որը որեւէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն։ Այսինքն՝ թեև օրենքը զատում է այս երկու հասկացությունները, սակայն երկուսի դեպքում էլ հաճախորդի համար նույն տրամաբանությունն է գործում՝ գումար ներդնել խաղի մեջ շահելու ակնկալիքով։

Վիճակախաղեր (տոտալիզատորներ) կազմակերպող ընկերություններն առավել հայտնի են բուքմեյքերական ընկերություններ անվամբ։ Դրանց գրասենյակների թիվը, հատկապես Երևանում, գնալով ավելանում է։ Ինչպես խաղատների վերաբերյալ «Հետքի» հոդվածում, այնպես էլ այս հոդվածում չենք քննարկի դրանց գործունեության ազդեցությունը հասարակության, հատկապես՝ երիտասարդների ու անչափահասների վրա։ Այն տեսակետի հետ, որ դրանց ազդեցությունը հաճախ բացասական է լինում, հավանաբար, շատերը կհամաձայնեն։  Բայց դա թողնենք, օրինակ, հոգեբաններին։ Իսկ  մենք փորձենք հասկանալ, թե որքան շահույթ են ստանում այս ընկերությունները և որքան հարկեր  վճարում, ինչպես նաև՝ թե ովքեր են սեփականատերերը։

Գործող բուքմեյքերական ընկերություններն են՝ «Վիվառո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և  «Գուդվին-Բետ»-ը (GoodWin): Բոլորը՝ ՍՊԸ են։ «Ինտեր լոտոն» վիճակախաղեր է կազմակերպում նաև լոտոների միջոցով։

Ինչպես նշեցինք վերևում, չորս ընկերություն էլ ներկայում ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում։ Եվ չնայած դրանք առանձին գրանցված ընկերություններ են, սակայն իրականում փոխկապակցված են բուքմեյքերական չորս ընկերություններին։ Դրանք են «Վիվառո Գեյմ»-ը, «Այգեյմս»-ը, «Տոտո Գեյմինգ»-ն ու «Գուդվին Կազինո»-ն (բոլորը՝ ՍՊԸ)։  «Վիվառո Գեյմ»-ն անմիջականորեն կապված է «Վիվառո Բեթինգ»-ին,  «Գուդվին Կազինո»-ն՝ «Գուդվին-Բետ»-ին, «Տոտո Գեյմինգ»-ը՝ «Ինտեր Լոտո»-ին, իսկ «Այգեյմս»-ը՝ «Եվրոֆուտբոլ»-ին։  Այս ընկերություններից համեմատաբար «երիտասարդը» «Գուդվին Կազինո»-ն, որն ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության, գրանցվել է այս տարվա ապրիլին,  իսկ «Տոտո Գեյմինգ»-ը՝ 2014-ին, «Այգեյմս»-ը՝ 2012-ին, «Վիվառո Գեյմ»-ը՝ 2011-ին։

Այսինքն՝ բուքմեյքերական չորս ընկերություններն իրենց գործունեության ընթացքում որոշել են նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվել և այդ նպատակով բացել են նշված ընկերությունները։   

Ովքեր են  սեփականատերերը

Բուքմեյքերական ընկերությունները պատահական քաղաքացիների  ձեռքերում չեն։ Այս ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի վերաբերյալ հնարավոր եղավ որոշ տեղեկություններ ստանալ։

«Վիվառո Գեյմ»-ը և «Վիվառո Բեթինգ»-ը պատկանում են գործարար եղբայրներ Վահե և Վիգեն Բադալյաններին։ Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ նրանք են այս ընկերությունների հիմնադիրները։ Նրանք նաև մի շարք ընկերություններ են հիմնադրել, այդ թվում՝ «Ֆասթ Կրեդիտ»-ը (վարկային կազմակերպություն) և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրը։  Ըստ պետռեգիստրի՝ «Վիվառո Բեթինգ»-ը գրանցվել է 2008 թվականին, իսկ «Վիվառո Գեյմ»-ը՝ 2011-ին։

Բուքմեյքերական ընկերություններից ամենահինը «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ն է։ Պետռեգիստրի տվյալներով՝ հիմնադրվել է 2004-ին։ Ընկերության 100% բաժնետեր է հանդիսանում Սուրեն Սիմունի Արծվունին, ով նաև ընկերության ներկայիս տնօրենն է։  

«Ինտեր Լոտո»-ն հիմնադրվել է 2008-ին։ 100% բաժնետեր է  Լենդրուշ Վարդանյանը։ Մոտ երկու ամիս առաջ հայաստանյան մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Ինտեր Լոտո»-ն կապ ունի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ընտանիքի, մասնավորապես՝ եղբոր հետ։ Ավելի ուշ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը կապ չունի այս ընկերության հետ, բայց նաև չհերքեց, որ իր եղբայրը բիզնեսով է զբաղվում։

«Գուդվին-Բետ»-ն էլ հիմնադրվել է 2011-ին։ Բաժնետերերն են Արման Սերյոժայի Մանուկյանը՝ 53%, Մանուշակ Արմենակի Մելիքյանը՝ 35% և Արտակ Գոռի Ալեքսանյանը՝ 12%:  «Գուդվին-Բետ»-ը պատկանում է գործարար Սերյոժա Մանուկյանին, ով հայտնի է շինանյութի առևտրի ոլորտում ծավալած գործունեությամբ, ինչպես նաև՝ որպես Երևանի «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի սեփականատեր։ «Գուդվին-Բետ»-ի 53% բաժնետեր հանդիսացող Արման Մանուկյանը նրա որդին է։

2015-ին ամենամեծ շահույթը գրանցել է «Վիվառո Բեթինգ»-ը

Բուքմեյքերական ընկերությունների տարեկան հաշվետվությունները, որոնք աուդիտի են ենթարկվում, թույլ են տալիս որոշ հետևություններ անել նրանց ֆինանսական վիճակի մասին։  Այդ հաշվետվությունները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարությունների կայքում։

2015 թվականին ամենամեծ հասույթն ունեցել է «Ինտեր Լոտո»-ն, բայց ամենամեծ շահույթը գրանցել է «Վիվառո Բեթինգ»-ը։ 2014-ի տվյալներով ևս այս ընկերությունը առաջատարն է շահույթով։

Այսպիսով, Հայաստանում  գործող չորս բուքմեյքերական ընկերությունները նախորդ տարի միասին գրանցել են 38,1 մլրդ դրամի հասույթ և 2,27 մլրդ դրամի շահույթ։

Եթե հիմնվենք «Եվրոֆուտբոլ»-ի և «Գուդվին-Բետ»-ի տվյալների վրա, ապա՝ ստացվում է, որ վիճակախաղերի կազմակերպումն այս ընկերությունների դեպքում այնքան շահավետ բիզնես չէ, որքան «Ինտեր Լոտո»-ի և առավել ևս՝ «Վիվառո Բեթինգ»-ի  դեպքում։ «Ինտեր Լոտո»-ի հասույթի և շահույթի նման մեծ տարբերությունը բացատրվում է նրանով, որ հասույթի շուրջ 85%-ը գրավել է ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը։ Իսկ «Վիվառո Բեթինգ»-ի ինքնարժեքն, 50%-ի չի հասել, ինչի արդյունքում գրանցված շահույթը զգալի է եղել։ Ինքնարժեք ասելով՝ պետք է հիմնականում հասկանալ խաղադրույքներով հաճախորդներին վերադարձված գումարները։

Ըստ հաշվետվությունների, սակայն, «Վիվառո Բեթինգ»-ի շահույթը մեկ տարում 31,1%-ով նվազել է։ Մնացած երեքն աճ են գրանցել։ «Ինտեր Լոտո»-ի շահույթն ավելացել 6,1%-ով, «Գուդվին-Բետ»-ինը՝ 20,1%-ով, «Եվրոֆուտբոլ»-ինը՝ 2,7 անգամ։

Պետք է նկատի ունենալ, որ բուքմեյքերական ընկերությունների շահույթը իրականում այսքանը չէ։ Դրանց պետք է գումարվի իրենց փոխկապակցված ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների շահույթը և  բնականաբար, դա ավելի մեծ գումար կկազմի։ Բայց ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները չեն հրապարակվում, ինչը թույլ կտար համադրել տվյալները։

Քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ այս ոլորտում շրջանառվող գումարներները, եթե չասենք զգալի են, ապա՝ փոքր չեն։ Եվ թե որքանով են բուքմեյքերական ընկերությունների հաշվետվություններում առկա ցուցանիշները արտացոլում նրանց ֆինանսական վիճակի և դրամական հոսքերի վերաբերյալ իրական պատկերը, ասել չենք կարող։ Համենայնդեպս, աուդիտորները եզրակացրել են, որ չորս ընկերություններ էլ 2015-ի իրենց ֆինանսական հաշվետվություններում արտացոլել են իրենց ֆինանսական վիճակի ճշմարիտ և իրական պատկերը։

ՀՀ պետական եկամուտների կոմիետի տրամադրած տվյալները ցույց են տալիս, թե բուքմեյքերական  ու  նրանց փոխկապակցված ընկերությունները ինչ ծավալի հարկեր են վճարում։ Դրանք նաև թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել փոխկապակցված ընկերությունների դիրքի վերաբերյալ։

Որքան հարկ են վճարում բուքմեյքերները

Բուքմեյքերական և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունները դասվում են հանրապետության խոշոր հարկատուների շարքում։ Նրանցից առավել մեծ ծավալի հարկեր 2015-ին վճարել է  «Ինտեր Լոտո»-ն և հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 168-րդ տեղը։ Հաջորդում են «Վիվառո Բեթինգ»-ն ու «Վիվառո Գեյմ»-ը՝ համապատասխանաբար 222-րդ և 399-րդ հորիզոնականներով։ «Գուդվին-Բետ»-ը 354-րդ տեղում է, «Եվրոֆուտբոլ»-ը՝ 471-րդ, «Տոտո Գեյմինգ»-ը՝ 829-րդ և վերջինը «Այգեյմս»-ն է՝ 901-րդ հորիզոնականում։ Ընդ որում ՝ ընկերությունների մեծ մասը մեկ տարում ավելացրել է հարկերի չափը։

«Այգեյմս»-ը և «Տոտո Գեյմինգ»-ը 2014-ին չեն հայտնվել խոշոր հարկատուների շարքում։ «Տոտո Գեյմինգ»-ը լիցենզիա է ստացել այդ տարվա վերջում, ուստի՝ հավանական է, որ կամ այդ տարի հարկեր չի վճարել, կամ դրանք մեծ ծավալների չեն հասել։ Իսկ «Այգեյմս»-ի լիցենզիան տրվել է  2014-ի տարեսկզբում, սակայն ընկերության վճարած հարկերը տարվա ընթացքում չեն հասել 105 մլն դրամի, քանի որ այդ տարի 1000-րդ խոշոր հարկատուն հենց այդքան է վճարել։ Իսկ «Գուդվին Կազինո»-ն, ինչպես նշեցինք, նոր է բացվել։  Ու դատելով վճարած հարկերի ծավալներից՝  «Վիվառո Գեյմ»-ը ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների շարքում առաջատարն է։

Ստացվում է, որ «Վիվառո Բեթինգ»-ն ու «Վիվառո Գեյմ»-ը միասին վճարել են  876,5 մլն դրամի հարկ, «Ինտեր Լոտո»-ն ու «Տոտո Գեյմինգ»-ը՝ մոտ 828 մլն դրամի, «Եվրոֆուտբոլ»-ն ու «Այգեյմս»-ը՝ 343,4 մլն դրամի։

Իսկ եթե ավելի ենք ընդհանրացնում ցուցանիշները, ապա՝ վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտից ՀՀ պետբյուջեն նախորդ տարի ստացել է ընդհանուր առմամբ  2 մլրդ 366,6 մլն դրամի հարկ։

Այսպիսով, 2015 թվականին Հայաստանում գործող չորս բուքմեյքերական ընկերություններից ամենամեծ հասույթն ու հարկերը գրանցել է «Ինտեր Լոտո»-ն, իսկ ամենամեծ շահույթը՝ «Վիվառո Բեթինգ»-ը։ Իսկ եթե նկատի ենք առնում նաև փոխկապակցված չորս ընկերությունների տվյալները, ապա ամենամեծ ծավալի հարկերը միասին գրանցել են «Վիվառո Բեթինգ»-ն ու «Վիվառո Գեյմ»-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter