HY RU EN

Գագիկ Աղբալյան

34 տարվա «Մերսեդես», 80-ականների ԶԻԼ եւ ՈՒԱԶ. ավտոպարկերը թեթեւացնում են

Կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներ եւ 3 միավոր սարքեր կամրացվեն Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու նպատակով:

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել են մի քանի գերատեսչություններում ավտոմեքենաների կրճատման եւ օտարման մասին նախագծեր:

Կառավարության աշխատակազմի ավտոպարկից կրճատվող ավտոմեքենաների թվում կա 2002 թվականի «Տոյոտա Լենդ Կրաուզեր», 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500», 1995 թվականի արտադրության «Մերսեդես 124», տարբեր տարիների արտադրության 10 միավոր ԳԱԶ 3110 եւ 3102 մակնիշների ավտոմեքենաներ, ինչպես նաեւ 2 միավոր ՎԱԶ մակնիշի ավտոմեքենա: Կկրճատվեն նաեւ ավտոկցորդներ եւ էլեկտրաբարձիչներ:  

24 միավոր ավտոմեքենա կկրճատվի Ազգային ժողովի աշխատակազմի ավտոպարկից: Դրանք 1980-90-ականների արտադրության ՈւԱԶ-ներ են՝ 186 հազար դրամ սկզբնական արժեքով, ԶԻԼ-եր, ՎԱԶ, «Միցուբիշի», ինչպես նաեւ 2003 թվականի արտադրության ԳԱԶ եւ «Պեժո» մակինիշների ավտոմեքենաներ:

Ավելի թարմ ավտոմեքենաներ է կրճատելու Առողջապահության նախարարությունը: Այստեղ մեծ թիվ կկազմեն 2005 թվականի արտադրության «Լադա Նիվաները»՝ յուրաքանչյուրը 3,5 միլիոն դրամ սկզբնական արժեքով: Ամենաթանկ ավտոմեքենան 2003 թվականի արտադրության «Աուդի» է, որը ժամանակին ձեռք է բերվել 27,3 միլիոն դրամով:

Կրճատման ենթակա ավտոմեքենաների ցանկում կան նաեւ 2007 թվականի արտադրության «Շեւրոլե Նիվաներ», որոնց սպասարկումը, ըստ գործադիրի քննարկմանը ներկայացրած նախագծի, մեծ ծախսեր է պահանջում:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված եւ օտարման ենթակա 26 ծառայողական մարդատար ավտոմեքենաներից 17-ն արդեն 5-10 տարի չեն շահագործվում` անսարքությունների պատճառով: Մնացած ինը ավտոմեքենաները շահագործվում են եւ գտնվում սարքին վիճակում:

Կրճատումներին զուգահեռ` առողջապահության նախարարության աշխատակազմին կամրացվեն 2009 թվականի «Հյունդաի Սոնատա»՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2015 թվականի արտադրության «Սուզուկի»՝ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ից, 2012 թվականի արտադրության «Հյունդաի Տուսոն»՝ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ից, 2010 թվականի արտադրության «Նիսսան Ալտիմա»՝ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից:

Կառավարության քննարկմանը ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարարի տեղակալներին եւ նախարարության աշխատակազմի ղեկավարին անհրաժեշտ ծառայողական ավտոմեքենաներ տրամադրված չեն` նկատի ունենալով դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը: Այս պաշտոնյաներին սպասարկում են այլ կազմակերպություններին պատկանող ավտոմեքենաներ:

Վերը նշված հիմնարկները, աննպատակահարմար գտնելով իրենց ամրակցված թանկարժեք մեքենաների շահագործումը, դրանք նվիրում են առողջապահության նախարարության աշխատակազմին:

Լուսանկարը` fizzip.com-ից