HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է թերանում պաշտոնական կայքում համայնքների ավագանու որոշումները տեղադրելու հարցում՝ համայնքնե՞րը, թե Լոռու մարզպետարանի աշխատակազմը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում հատուկ տող է հատկացված մարզի համայնքների ավագանու որոշումների տեղադրման համար: Տողը հատկացված է, որոշումները, սակայն, համայնքների գերակշիռ մասի դեպքում մեղմ ասած բավականին հին են:

Երբ այս հարցով հունիսի 6-ին դիմեցինք Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանին, վերջինս նշեց.

«Մոտ երեք տարի առաջ եթե փոքր համայնքներ, որ ուշացրել են ժամկետների հետ կապված, այն ժամանակ էլեկտրոնային տարբերակով չէր առաքվում և բնականաբար, այն համայնքները, որոնք գտնվում էին հեռավոր վայրերում, մի փոքր ուշանում էր, բայց մոտ երեք տարի է, որոշումները էլեկտրոնային տարբերակով են գալիս: Հիմա կարելի է ասել 99.9 տոկոսով,  որ խնդիր չկա ժամկետների հետ կապված: Ընդամենը կարող է ինտերնետային կապի խափանման պատճառով մեկ-երկու օր ուշացվի, բայց մեր աշխատակիցները հետևողական են լինում, որ ժամկետների մեջ արվի այդ ամենը»:

Դ. Մանուչարյանի խոսքով` մարզպետարանում մուտք լինելուց հետո դրանք մակագրվում են իրավաբանական բաժին և ՏԻՄ վարչություն: Իրավաբանական բաժնում ավագանու որոշումներն ուսումնասիրելուց հետո դրանք փոխանցվում են ծրագրերի բաժին, որի մասնագետները տեղադրում են կայքում:

Հարցին, ո՞վ է պատասխանատու, ո՞վ է վերահսկելու, որ ավագանու որոշումները ժամանակին տեղադրվեն կայքում, Դ. Մանուչարյանը պատասխանում է.

«Հիմնականը ծրագրերի բաժինն է, բայց իրենք էլ ինչ ստացան, տեղադրում են ու չկան այդպիսի որոշումներ, որ գա իրավաբանական բաժին կամ ՏԻՄ վարչություն ու ծրագրերի բաժին չգնա»:

Վարչության պետի խոսքերից ելնելով ստացվում է՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ օրենքի ավագանու նիստերը պետք է անցկացվեն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, ներկայումս մարզպետարանի կայքում տեղադրված ամենահին որոշումները պետք  է թվագրված լինեն 2016թ.-ի մարտ ամսով: Կայքի համապատասխան բաժինը բացելուց հետո, սակայն, պարզվում է, որ համայնքների ավագանու որոշումներով հետաքրրքված անձանց անսահմանափակ անակնկալներ են սպասվում:

Ու թեև մեր հարցազրույցի հաջորդ օրն արդեն Լոռու մարզպետարանում ակտիվորեն սկսել էին կայքում ավագանու որոշումների թարմացման գործընթացը, սակայն  ինչպես և ակնկալվում էր, չէին հասցրել այն ավարտել մեկ օրում:

Եվ այսպես.

Կաճաճկուտ համայնքի դեպքում մարզպետարանի վերջին որոշումը  ըստ ներկայացվածի ընդունվել է 2016թ.-ի փետրվարի 8-ին:

Բացելով այդ տողում տեղադրված որոշումները,  նկատում ենք, որ այդ համայնքում ավագանու նիստը կայացել է հենց նույն օրը՝ փետրվարի 8-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարից մինչ օրս՝ վերջին 5 ամիսներին որևէ թարմացում չկա այս համայնքի որոշումների մասով, զարմանալի է թվում մարզպետարանում նույն օրը որոշումները ստանալու կամ գուցե նույն ամսաթվով հապճեպ թարմացման գործընթացը:

Մղարթ համայնքի դեպքում  տեղադրված վերջին որոշումները  2015թ.-ի  դեկտեմբերին կայացվածներն էին:

 Ստացվում է, որ 2016թ.-ը շուտով կկիսվի, իսկ համայնքում կամ ավագանու նիստ չեն հրավիրել՝ խախտելով օրենքը, կամ հրավիրել ու հարկ չեն համարել ուղարկել որոշումները Լոռու մարզպետարան, կամ մարզպետարանում են թերացել դրանք կայքում տեղադրելու հարցում:

 Նախորդ տարեվերջով են թվագրված նաև Ձորամուտ, Ծաթեր ու էլի մի քանի  համայնքների ավագանու որոշումները:

Դաշտադեմ համայնքի դեպքում տվյալները 2015թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացած համայնքի  ավագանու նիստի որոշումներն էին, որոնք մարզպետարանի կայքում էին հայտնվել հոկտեմբերի 14-ին:

Ստացվում է, որ համայնքները շուտով  կամփոփեն 2016 թվականի երկրորդ եռամսյակը, իսկ դաշտադեմցիներն ու այդ համայնքի ավագանու որոշումներին ծանոթանալ ցանկացողները դեռևս ստիպված են բավարարվել համայնքի 2015թ.-ի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին տրված տեղեկություններով:

Համայնքի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարմանն է առաջարկում ծանոթանալ նաև Լեռանցքի ավագանու նիստի վերջին որոշումը:

Ֆիոլետովոյում ավելի համարաձակ են գտնվել: Մարզի պաշտոնական կայքում տեղադրված վերջին որոշումներն այս համայնքից 2015թ.-ի սեպտեմբերի 11-ին են ընդունվել, ավագանու նիստն էլ կայացել է սեպտեմբերի 4-ին:


Մեզ թվում էր, որ ֆիոլոտովոյից հետո այլևս չենք զարմանա, բայց ինչպես ասում են, կենացները գնալով թանկանում են:

Դեբետ համայնքից տեղադրված ավագանու վերջին որոշումները թվագրված են նախորդ տարվա հուլիսի 28-ով:

Ծաղկաշատ համայնքի դեպքում վերջին մեկ տարվա կտրվածքով որևէ թարմացում չկա ու պարզ չէ, թե որ օղակում է բացթողումը՝ համայնքո՞ւմ, թե՝ մարզպետարանի աշխատակազմում:Ծաղկաշատի ավագանու վերջին որոշումները հրապարակվել են 2015թ.-ի մայիսի 5-ին, որով առաջարկվում է ծանոթանալ համայնքի 2015թ.-ի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման արդյունքներին:

Լեջան համայնքի դեպքում ավագանու որոշումների վերջին թարմացումը թվագրված է 09.03.2015թ.-ով: Ի դեպ, այս համայնքի դեպքում վերջին երեք տարիների մասով տեղադրված է համայնքի ավագանու մեկական նիստի որոշում, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս համայնքում տարին մեկ անգամ են ավագանու նիստ գումարում:

Գյուլագարակ համայնքը մարզի բոլոր համայնքներից առանձնանում է հենց թեկուզ միայն նրանով, որ այս համայնքի ավագանու վերջին երեքուկես տարվա գործունեության ու մասնավորապես որոշումների մասին որևէ տվյալ անհնար է գտնել մարզպետարանի պաշտոնական կայքում: Պաշտոնական կայքում տեղադրված  ավագանու վերջին որոշումը կայացվել է 2012թ.-ի դեկտեմբերի 4-ին, կայքում տեղադրվել 2013թ.-ի հունվարի 8-ին:

Միակ ինֆորմացիան, որ մարզպետարանի պաշտոնական կայքից կարող ենք իմանալ այս համայնքի մասին , դա 1996թ.-ից ընտրված ու մինչ օրս պաշտոնավարող համայնքի ղեկավարի կենսագրությանը ծանոթանալն է:

Ու եթե համայնքի ղեկավարի դեպքում բախտ է վիճակվում տեսնել դիմանկարն ու ծանոթանալ համառոտ կենսագրականին, ապա ավագանու անդամների դեպքում մարզի համայնքների գերակշիռ մասում ավագանու մասին տեղեկատվությունն ամփոփովում է անուն ազգանունով, ծննդայն տարթվով ու կրթական մակարդակի ցուցիչով:

 Ինչ վերաբերում է մարզի քաղաքային համայնքների, վիճակը գոնե այսօր՝ հարցազրույցից երկու օր անց,  ավելի բարվոք է:

Մարզկենտրոն Վանաձորի մասով տեղադրված վերջին որոշումներն այս տարվա  մարտի 15-ին կայացած ավագանու նիստից են: Դրանից հետո՝ ապրիլի 7-ին կայացած ավագանու նիստի որոշումը Լոռու մարզպետարանի կայքում տեղ չի գտել: Այն, սակայն, Վանաձորի քաղաքապետարանի կայքում տեղադրված է

Այն, որ մեր հետաքրքրվելուց հետո գոնե մարզպետարանում սկսել են տեղադրել համայնքների ավագանու որոշումները, արդեն իսկ լավ է: Հուսանք, որ այդ գործընթացը շարունակական կլինի ու ակտիվացման տենդենցները չեն նկատվի միայն լրագրողների ահազանգերից հետո:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter