Հայ պանրագործների խնդիրներն ու պանրի արտահանման աճը
Դիանա Ղազարյան
Համաշխարհային շուկայում կաթի փոշու գնանկումը վերջին երկու-երեք տարում պատուհաս
դարձավ պանրագործների համար։ 2015 թվականի տարեկսզբից սկսած կաթի փոշու մեկ տոննայի
գինը 5,2-5,5 հազ. դոլարից հասավ 2,1-2,2 հազ. դոլարի։ Այժմ շուրջ 2 հազ. դոլար է։
Ավելի վաղ «Հետք»-ը գրել է, որ կաթի փոշու գնանկումը հանգեցրել է դեպի Հայաստան դրա ներմուծման ծավալների աճին, ինչն էլ բերել է տեղական կաթի պահանջարկի նվազմանը: Դա պատճառ է դարձել, որ արտադրողները գյուղացիներից կաթը մթերեն ավելի էժան գներով: Գյուղացիները, որոնք չեն ուզում նախկին գնի համեմատ ցածր գնով վաճառել կաթը վերամշակողին, անձամբ են պանիր պատրաստում տնային պայմաններում և փորձում վաճառել այն: Այս երևույթը պանիր արտադրող ընկերություններին ստիպել է, մրցակցության պայմաններից ելնելով, իջեցնել պանրի գինը, ինչը կրճատել նրանց եկամուտները:
Հաճախ նրանց արտադրանքը չի կարող մրցակցել շատ ավելի ցածր գնով առաջարկվող տնական պանրի հետ: Եվ բացի դա, նաև կաթի մթերման խնդիր է առաջանում այս դեպքում։ Միևնույն ժամանակ, պանրագործներից շատերի համար արտահանումը դարձավ պակաս եկամտաբեր՝ հաշվի առնելով պանրի ամենամեծ պահանջարկ ունեցող շուկայի՝ Ռուսաստանի տնտեսական անկումը։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք, որ տարիներ շարունակ հայ պանրագործները ահազանգում են՝ պանրի արտահանման ծավալների կրճատման, գնանկման, արտադրական տեմպերի թուլացման մասին։
«Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի կարծիքով՝ հայ պանրագործների համար ճգնաժամը սկսեց հենց 2013-2014- ից, երբ նվազեց կաթի փոշու գինը․ «Ես նույնիսկ չեմ հիշում, թե 2011-2012 թվականից հետո հայ պանրագործը, երբ է իրեն լավ վիճակում զգացել։ Ոլորտը շատ բաց վիճակում է և այդ ոլորտը լավ գնահատելն արդեն իսկ ճոխություն կլինի»,- նշում է Գիգոյանը։ Գիգոյանը, պանրագործների կողմից հաճախ շեշտվող, արտահանման ծավալների նվազման, տեմպերի դանդաղեցման պատճառ է համարում մեկ արտաքին շուկայի (ԵՏՄ-հեղ․) հետ կապ ունենալը, ռուբլու արժեզրկումը։
Թեև հավելում է՝ արտահանում իրականացվում է, սակայն ոչ իրենց սպասումների և ակնկալիքների չափով։ Եվ այս ֆոնին առնվազն անհասկանալի են թվում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։ 2015 թվականին Հայաստանից արտահանվել է 9,115 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 23,6 մլն դոլար։ Մեկ տարում պանրի և կաթնաշոռի արտահանման ֆիզիկական ծավալներն աճել են 5,9 անգամ, իսկ մաքսային արժեքը՝ 4,8 անգամ։
«Պանիր և կաթնաշոռ» ապրանքախմբի մեջ գերիշխում է պանիրը, քանի որ դրա արտադրության ծավալները Հայաստանում զգալի գերազանցում են կաթնաշոռի արտադրության ծավալները։ Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 18,6 հազ. տոննա պանիր, իսկ կանթաշոռի արտադրությունը 1 հազ. տոննայի էլ չի հասել։ Ընդ որում՝ մեկ տարում պանրի արտադրությունն աճել է 1,5%-ով։ Նշենք, որ հայկական պանրի հիմնական գնորդը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ա. Գիգոյանը, սակայն, չի ցանկանում մեկնաբանել այս տվյալները, միայն նշում է՝ այն միության շրջանակներում, որոնք պանրագործները իրականացնում են արտահանում, աճ չի նկատվել, անգամ՝ Ռուսաստանի դեպքում։ Նկատելի են ավել-պակաս դինամիկա, սակայն կտրուկ տատանումները բացակայում են։
Իրենց ունեցած տվյալներով՝ այս պահին պանրագործներին (գործարան մտնելիս) հասանելի կաթի
գինը 120-150 դրամի շրջանակներում է։ Թեև պանրի պատրաստման համար մթերվող կաթի գինը
նվազել է ու պանրի արտադրության ծավալները մեծացել են, խանութներին պանիրը հանձնվում է
առավել էժան գնով, սակայն Գիգոյանը հավաստում է՝ գնորդը այդ էժանացումը չի զգում, կամ էլ զգում է չնչին դրամներով։
Կարծում է՝ պանրի գինը մինչև գնորդին հասնելը զգալի բարձրանում է․ «Եթե մենք բարձրաձայնենք այս հարցը, հետևանքներն ինչպիսի՞ն կարող են լինել։ Ոչ մի բան չի կարող փոխվել։ Եթե ասենք՝ գիտեք, խանութներում պանրի գինը պահում են, ոչինչ չի տալու։ Քանի որ պանրագործների մեջ մրցակցությունը ազատ է, ապա մենք չենք կարող ասել՝ եթե ձեզ բերում, ավելի էժան գնով պանիր են տալիս, դրան համարժեք դուք գինը իջեցրեք։ Խանութի տերը շատ պատճառներ կարող է բերել, թե ինչու նա չպետք է իջեցնի պանրի գինը։ Հետո, եթե խանութ տերը պանրի գինը իջացնում է, նա, անկախ իրենից, կարող է նպաստի, առանց այդ էլ պանրի իջած գինը առավել նվազմանը։ Խանութներին սպառնալ, գին թելադրելը կարող է վատ հետևանքներ ունենալ»,-պարզաբանում է միության նախագահը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օրեր առաջ այցելել էր Ցամաքասար համայնքում գործող «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվ, ծանոթացել պանրագործության հաջողություններին, պանրատեսակներին, պանրի արտադրության սարքավորումներին։ Սակայն Գիգոյանը ցանկանում է, որ քաղաքացիները տարբերակեն հեռուստատեսությամբ ցուցադրվող, իրականության հետ այդքան էլ չառնչվող կոոպերատիվը իրականից, որտեղ առկա են բազում խնդիրներ և բացեր։ Կարծում է՝ կոոպերատիվները լավ մոդել են, սակայն դրանց միջոցով պանրագործների աշխատանքը առավել եկամտաբեր և արդյունավետ չի կարող լինել, քանի որ պանրագործությունը, ինչպես այլ արտադրություններ, բիզնես են և կոոպերտիվների միջոցով բիզնեսի զարգացում գրանցելու համար՝ անհրաժեշտ է ապահովել շուկայի ստաբիլությունը, վարկային սիստեմը, հումքերի ձեռքբերումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել