HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիվանդներն ու հաշմանդամները չեն ընտրել

Հասմիկ Մկրտչյան

ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը միայն իր հաշվառման վայրում տեղակայված ընտրական տեղամասերում: Քվեարկության որեւէ այլ եղանակ նախատեսված չէ:

Ստացվում է` մարդիկ, որոնք ընտրական տեղամաս հասնելու դժվարություններ զրկվում են ընտրելու հնարավորությունից: Իրավաբան Հրայր Թովմասյանի խոսքերով` (նա ՀՀ Ընտրական օրենսգրքի հեղինակներից է) սա դեռեւս հռոմեական իրավունքից հայտնի է որպես «մերկ իրավունք»` երբ ունես իրավունք, սակայն չես կարող այն օգտագործել:

Հ. Թովմասյանը նշում է, որ այսօր մեզ մոտ չի ապահովվում ընտրական իրավունքի համընդհանրությունը: Սա հատկապես վերաբերում է հիվանդանոցներում, առողջարաններում գտնվող անձանց, հաշմանդամների, ինչպես նաեւ այդ օրը իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող բժիշկների, ոստիկանների, հրշեջների քվեարկությանը:

Ընտրություններին մասնակցելու խնդիրը բարդ է հատկապես այդ պահին հիվանդանոցներում գտնվող եւ բուժում ստացող անձանց համար: Եթե անգամ որոշ հիվանդների թույլատրվում է դուրս գալ հիվանդանոցից եւ մասնակցել ընտրություններին, ապա կան հիվանդներ, որոնց արգելված է դուրս գալ: Խոսքը սուր վարակիչ հիվանդություններից բուժվող մարդկանց մասին է: Օրինակ` 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում գրանցված է եղել 150 հիվանդ: Իսկ Երեւանի ուռուցքաբանության գիտական կենտրոնում` 280: Փաստորեն 430-ից ավելի քաղաքացի զրկվել է իր ընտրական իրավունքից: Եւ սա միայն Երեւանի 2 հիվանդանոցների տվյալներով:

Մինչեւ 1999թ. Ընտրական օրենսգրքի մշակումը գործում էր երկու կարգ: Նախ` տեղամասեր էին ձեւավորվում նաեւ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում: Սա հնարավորություն էր տալիս մարդկանց առանց նշված հաստատությունները լքելու քվեարկել: Մյուս կարգը շրջիկ արկղերն էին:

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բժիշկ Լաուրա Գրիգորյանի խոսքերով` իրենց մոտ այս երկու ձեւերից եւ ոչ մեկը երբեք չի կիրառվել: Ուռուցքաբանության գիտական կենտրոնում, սակայն, շրջիկ արկղերի մասին հիշում են:

Իրավաբան Հ. Թովմասյանի տվյալներով` 1996-1998թթ. ընտրությունները ցույց տվեցին, որ այս երկու կարգերը բավականին մեծ չարաշահումների տեղիք են տվել: Պրն. Թովմասյանն այդ ժամանակ առաջարկել է այլ միջոցներ, որոնք կապահովեին այս քաղաքացիների ընտրական իրավունքը: Դրանցից առաջինը նախօրոք քվեարկությունն էր, որը նախատեսված էր հատկապես ընտրության օրը իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնող մարդկանց համար: Երկրորդ ձեւը լիազորագրով քվեարկությունն էր, երբ մարդը հնարավորություն չունի մասնակցելու ընտրություններին եւ լիազորում է իր վստահված անձին իր փոխարեն քվեարկելու: Երրորդ ձեւը փոստով քվեարկությունն էր: Այս ձեւերը, սակայն, չընդգրկվեցին Ընտրական օրենսգրքում` համարվելով ընտրակեղծիքների նոր աղբյուր:

Պրն. Թովմասյանը պնդում է, որ հիվանդանոցներում եւ նման այլ հիմնարկություններում տեղակայված ընտրատեղամասերի եւ շարժական արկղերի օգտագործման ժամանակ ցանկության դեպքում հնարավոր է խուսափել խախտումներից:

Ի տարբերություն մեզ` Արեւմուտքում, ամեն ինչ արվում է ընտրություններին մասնակցելը հնարավորինս դյուրին դարձնելու համար:

Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընտրողների ցուցակներ չկան: Ընտրողը ներկայացնում է անձնագիրը, նրա տվյալները գրանցում են, եւ քաղաքացին արդեն կարող է քվեարկել:

Հոլանդիայում ընտրական տեղամասերից շատերում քվեաթերթիկներ ընդհանրապես չկան, ընտրողների ցուցակներ էլ, որպես այդպիսին, չկան: Դրված է մի քանի համակարգիչ եւ հատուկ սարքեր: Անձնագիրն անցկացնում են այդ սարքերի միջով, եւ դրա բոլոր տվյալները մուտքագրվում են համակարգիչ: Այնուհետեւ քաղաքացին հենց համակարգչի վրա կարող է քվեարկել: Հաջորդ քվեարկությունը այդ համակարգչի վրա կարելի է անել միայն 30 վայրկյան հետո: Այդ ընթացքում արդեն քվեարկած անձը պետք է հեռանա համակարգչի մոտից: Ընտրություններից հետո ամբողջ տեղեկատվությունը հավաքվում է մեկ համակարգչում, եւ կատարվում է հաշվարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter