HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարայնացումը Հայաստանում փոքր-ինչ նահանջել է

Այս տարվա ապրիլին Հայաստանում դոլարայնացման մակարդակի որոշակի նվազում է արձանագրվել մարտ ամսվա համեմատ։ ՀՀ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։ Դրանով ցույց է տրվում, թե ավանդների և վարկերի ընդհանուր ծավալում ինչ կշիռ ունեն արտարժութային (գլխավորապես՝ դոլարային) ավանդներն ու վարկերը։

Ինչպես վկայում են ԿԲ տեղեկագրում տեղ գտած ցուցանիշները, այս տարվա ապրիլին մարտի համեմատ հինգ ուղղությամբ նվազում է գրանցվել։ Ուղղություններից հաճախ առավել կարևորվում են D1-ը և D2-ը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ Առաջինը ցույց է տալիս ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը, երկրորդը՝ արտարժութային ավանդների և ընդհանուր ավանդների հարաբերակցությունը։ Առաջինն ապրիլին նվազել է 1,4%-ով, երկրորդը՝ 1,2%-ով։ Պատկերը փոքր-ինչ այլ է 2015 թվականի տարեվերջի հետ համեմատությամբ։  Թեև առաջին երկու ուղղություններով նվազում է գրանցվել, սակայն երկու ուղղությամբ աճ կա՝ D3-ի և D5-ի։ Իսկ տարեկան համեմատությամբ՝ 2015-ի ապրիլի համեմատ, այս ապրիլին ընդհանուր ավանդներում արտարժութային ավանդների կշիռը որոշակիորեն նվազել է (D2), սակայն փողի զանգվածում աճել է (D1):

Այս տվյալները վկայում  են, որ ՀՀ բանկերում ավանդների և վարկերի կազմում շարունակում է գերակշռել դոլարը։ Հիշեցնենք, որ դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում արտարժույթից՝ դրանից բխող բացասական հետևանքներով։ Տնտեսությունը դառնում է ավելի խոցելի, նվազում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter