Կինոնկարիչ Արմեն Ղազարյան. «Հայկական կինոարտադրությունը նման է չիլի պղպեղին»
Ազատուհի Խաչատրյան
«Ֆիլմում սիրո տեսարանի համար կնոջ ու տղամարդու մարմնի վրա տիեզերք նկարեցի: Ներկերը, որոնք արտասահմանից են բերվել, ֆոսֆորային են, դրանք միայն հատուկ լույսի ներքո են երևում. շատ շքեղ ստացվեց»,-ասում է կինոնկարիչ Արմեն Ղազարյանը: Դիտողի տպավորությունների մասին չգիտի, քանի որ ֆիլմը դեռ չի թողարկվել, բայց կարծում է՝ կհավանեն:

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նկարահանվող Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուզ» ֆիլմում մարմնի վրա նկարելը (Body Art) այդ ֆորմատով արվող նրա առաջին գործը չէ, մինչ այդ եղել է «Իմ Անի»-ն ու էլի մի քանի նախագծեր: Այդ աշխատանքները հաճախ կնոջ՝ Հասմիկ Ղազարյանի հետ է անում, ով կինոյում դիմահարդարման մասնագետ է:
Արմեն Ղազարյանը կինոաշխարհում իր կարիերան սկսել է 30 տարի առաջ` Հայֆիլմ կինոստուդիայում՝ որպես բեմադրող նկարիչ: 2013թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը «Թափառում» ֆիլմի համար արժանացել է «Լավագույն նկարիչ» մրցանակին: Մասնակցել է նաև չորս անիմացիոն և քսանից ավելի գեղարվեստական ֆիլմերի արտադրության: Այդ թվում՝ «Փեսացուն Կրկեսից», «Poker.am», «Քայլ ձիով», «Thank you, հայրիկ», «Հյուսիս-հարավ» և այլն:

| Դրվագ «Հյուսիս-Հարավ» ֆիլմից |
Արմենը կարծում է, որ կինոն բոլոր արվեստների սինթեզն է՝ լուսանկարչություն, երաժշտություն, նկարչություն…: Դրա համար դժվար է շատ հանճարեղ բան ստանալ: Այն շատ էներգիա է խլում, բայց նաև ստեղծագործելու նոր մտքեր է տալիս: «Մի բան է, որի մեջ ներքաշվում ես, ու որը քեզ տանում է»,-ասում է նա:

| «Thank you հայրիկ» ֆիլմից դրվագ |
Իսկ ո՞րն է նկարչի աշխատանքը կինոյում:
«Էկրանից երևացող ողջ պատկերը` լինի բնության գրկում, թե բնակարանում, ընտրում է նկարիչը, որի վրա էլ աշխատում է: Դեկորը, բուտաֆորիան (իրական առարկաներին փոխարինող իրեր), հագուստը, պատերի գույնը, կահավորումը, սեղանին դրված դետալները, ֆոնային իրերը, բոլորը մտածված ու համադրված են կինոնկարչի կողմից: Անգամ ափսեի պարունակությունը, ուտելիքի տեղադրությունը, դերասանի ձեռքի շարժումը ուտելիս, կիքսեր չունենալու ու էդ ամենի համապատասխանեցումը նկարչի գործն է,- ասում է դետալների վարպետ Արմենը,-բայց Հայաստանում կան ռեժիսորներ, որոնք ասում են, որ իրենց նկարիչ պետք չէ, ու այդպես ֆիլմ են նկարում»:
Ստացվում է, որ միտքը վիզուալացնելը, պատկեր դարձնելն ու դրա ճիշտ շարժումը ամբողջությամբ կախված է կինոնկարչից, բայց նրա մասին ամենաքիչն է խոսվում պրեմիերաների ժամանակ և առհասարակ, իսկ սովորական դիտողը անգամ նրա գոյության մասին չգիտի: Ո՞րն է այն արձագանքը, որը կարող է հատուցել նրա աշխատանքը, ոգևորել նոր գործերի համար:

Արմենը աշխատանքի հաջողությունը, դիտողի գոհունակությունն ու խրախուսանքը համարում է դրա աննկատությունը: «Երբ դիտողը չի տեսնում, թե ինչ է արվել, նշանակում է՝ ամեն ինչ բնական ու ներդաշնակ է, ուրեմն ինձ հաջողվել է լավ գործ անել. այդ արձագանքին եմ ես սպասում»,-ասում է կինոնկարիչը:
Բայց այդ ամենը համառ ու երկար աշխատանք է պահանջում: Հատկապես, երբ հագուստ, զարդ կամ հնաոճ առարկա պետք է ստեղծել, որը խոշոր պլանով է նկարվելու:
«Վերջերս ռուսական համագործակցությամբ ֆիլմ էր նկարվում: Ես այդ ֆիլմի նկարիչը չէի, բայց եկան ու խնդրեցին ինձ, որ հին գիրք սարքեմ: Ֆիլմում գիրքը խոշոր պլանով Մատենադարանում մյուս գրքերի մեջ դրված նկարվեց, որը կադրում ոչնչով չզիջեց բնօրինակին»,- օրինակ է մատնանշում Արմենը:

| Դրվագ «Անի» ֆիլմից |
Հետո խոսում ենք հայաստանյան ֆիլմարտադրության մասին` աշխատանքային պրոցեսի, մի քիչ էլ՝ ներքին խոհանոցի մասին: Շարունակ քննարկումներ, բանավեճեր, մեկ-մեկ էլ վիճաբանություններ են լինում: Այդպիսին է արվեստագետի աշխատանքը: Մեկ օրինակով կինոնկարիչը պարզաբանում է հայկական կինոոլորտը. «Ի՞նչ ա լինում, երբ չիլի բիբարը մի տեղ են լցնում՝ վառվում ա, իսկ առանձին, մի ուրիշ տեղ համ ու հոտ ա տալիս: Մեր կինոն էլ ա տենց. շատ լավն են մերոնք ու շատ լավ արդյունք են ունենում, երբ գնում են արտասահման ու իրանց գործն են անում, բայց էստեղ կինոն ամբիցիայի խնդիր ա դարձել: Ամեն մեկն ուզում ա երևա, ինքը լինի, իսկ դրանից հենց արդյունքն ա տուժում. վառում են իրար»:
Գլխավոր լուսանկարը՝ «Հյուսիս-Հարավ» ֆիլմից
Լուսանկարները Արմեն Ղազարյանի անձնական արխիվից են
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել