HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը Արարատի մարզում էր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ եւ Նորաշեն համայնքներ, որտեղ վերանորոգվել են դպրոցները, Վերին Արտաշատում` նաեւ մանկապարտեզը: Փոխվարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցերը նաեւ մարզպետարանում անցկացված խորհրդակցության օրակարգում են եղել, որին մասնակցել են Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուները:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում կատարվել են. դրանում ընդգրկված 84 ծրագրերից աշխատանքներն արդեն ավարտվել են 82-ում, իսկ Մասիսի թիվ 7 մանկապարտեզը սնող գազատարի կառուցման եւ Վեդու մշակույթի տան հիմնանորոգման` ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 1-ը:

Երկրորդ մասում ընդգրկված 41 ծրագրերից սկսվել եւ ընթացքի մեջ են 8-ի աշխատանքները: Ծրագրի երկրորդ մասով մարզի համայնքներում հիմնականում կվերանորգվեն կրթական, առողջապահական հաստատություններ, ներհամայնքային ճանապարհներ: Բացի վերանորոգման աշխատանքներից՝ կիրականացվեն նաեւ խոշոր ծրագրեր, օրինակ` Այնթապում կկառուցվի նոր մանկապարտեզ, կմաքրվի Արտաշատի քաղաքային` ճահիճի վերածված լիճը եւ կբարեկարգվի հարակից տարածքը:

Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքերի` ժամանակին եւ որակով իրականացումը`մարզպետին հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել ընթացքը:

Խորհրդակցությանը ներկայացվել են նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արարատի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3,6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3, 5 մլրդ դրամ (կատարողականը`95.9%):

Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91.8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,2 %-ով: Որոշակի նվազում է արձանագրվել գույքահարկի հավաքագրման մասով. կատարողականը կազմել է 78 %` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.1 %-ով:

Այս հարկատեսակի հավաքագրման մասով հիմնականում նվազում է նկատվում Արտաշատ, Վեդի, Այգեստան, Արալեզ, Արգավանդ, Գեղանիստ, Հովտաշատ, Նիզամի, Նորաշեն, Մարմարաշեն, Նոր Ուղի, Ջրաշեն, Սայաթ-Նովա, Վանաշեն համայնքներում: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարելով հավաքագրման տեմպերը` մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել հատկապես գույքահարկի մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաեւ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին: Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորել է մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան մինչեւ դեկտեմբերի 14-ն ավարտել նախագծերի կազմման եւ հաստատման գործընթացը ու փաստաթղթերը քննարկման ներկայացնեն ավագանու նիստերում:

Փոխվարչապետին զեկուցվել է նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվել է, որ ավարտին են մոտենում աշնանացանի աշխատանքները: Արդեն մոտ 4100 հա հողատարածքում ցանք է կատարվել, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 125 հեկտարով:

Նշվել է, որ ավելացումը պայմանվորված է ինչպես կառավարության կողմից իրականացվող սերմարտադրության, այնպես էլ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի»` ոռոգման համակարգի վերականգնման ծրագրերով: Մարզում այս տարի արտադրվել է 94600 տ խաղող` 1281 տ-ով ավելի, քան նախորդ տարի, մթերվել է 67687,7տ, որի դիմաց վճարումները կատարվել են 90%-ով: Արտադրված 26 300տ ծիրանի մեծ մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:

Նշվել է, որ բերքի սպառման հարցում խնդիրներ չեն առաջացել: Պահածոների գործարանների կողմից մթերվել է 26614 տ բանջարեղեն եւ 486.8 տ պտուղ, գյուղացիական տնտեսություններին վճարվել է մթերված բերքի գումարի 85%-ը: Տեղեկություններ են ներկայացվել սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման ընթացքի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին:

Ներկայացվել է նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի, համայնքների հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների կազմման ընթացքը: Տեղեկացվել է, որ այս տարի սկսվել է Մասիս եւ Այգավան համայքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացը: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Փոխվարչապետը կարեւորել է նաեւ համայքների կողմից համաֆինանսավորումների ժամանակին իրականացումը` նկատելով, որ դա առաջին հերթին բխում է այդ իսկ համայքների շահերից:

Խորհրդակցության ընթացքում տվյալներ են ներկայացվել մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Արարատի մարզում եւս փոխվարչապետն առանձին խորհրդակցություն է անցկացվել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանպարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ:

Ա. Գեւորգյանը պահանջել է պահպանել վերջին շրջանում իրավական ակտերում կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների` մասնավորապես իրավաբանական անձանց, կադաստրային գրանցումների, վարորոդական վկայականի տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter