HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն աճել է. որտեղից են եկել և ինչ նպատակով

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան  է ժամանել 252 հազ. 506 զբոսաշրջիկ։ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշը 8,6%-ով աճել է:

Միևնույն ժամանակ՝ 2016թ. առաջին եռամսյակում, զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 հազ. 499 մարդ։ Այս ցուցանիշն էլ 5,9%-ով է աճել, տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

Հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 12,1%-ն է իջևանել հյուրանոցներում։ Ընդհանուր առմամբ՝ նրանք տեղավորվել են թվով 58 հյուրանոցներում։

Զբոսաշրջիկների մեծ մասը՝ 87,9%-ը, նախընտրել է իջևանել Հայաստանում գտնվող բարեկամի ու հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում։ 2015-ի նույն ամիսներին ևս զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը չի իջևանել հյուրանոցներում։

Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնածներին, ապա ԱՎԾ տվյալները վկայում են, որ նրանց մեծ մասը նախընտրում է ինքնուրույն կազմակերպել իր ուղևորությունը և միայն 0,3%-ն է այդ հարցում դիմել զբոսաշրջային գործակալությունների օգնությանը։

ԱՊՀ-ից եկած զբոսաշրջիկների թիվն աճել է, ԵՄ-ից՝ նվազել

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 32,2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14,6%-ը` ԵՄ երկրներին և 53,2%-ը` այլ երկրներին:

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Նկատելի է, որ ԱՊՀ երկրներից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը, 2015-ի առաջին եռամսյակի համեմատ, 4,2%-ով աճել է, մասնավորապես Ուկրաինայից՝ 5,3%-ով, Ռուսաստանից՝ 5,6%-ով։ Իսկ ԵՄ զբոսաշրջիկների թիվը 15%-ով նվազել է։ Ինֆոգրաֆիկայում առանձնացված երկրներից միայն Գերմանիայից եկած զբոսաշրջիկների թիվն է աճել՝ 13%-ով։ Իսկ ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվն, օրինակ, 20,1%-ով նվազել է։

Հարևան Իրանից եկածների թիվն աճել է 35,3%-ով, Թուրքիայից՝ 2,1 անգ., թեև այս երկրից եկածների տեսակարար կշիռը շարունակում է փոքր մնալ։ Իսկ Վրաստանից եկածների թիվը 24,3%-ով նվազել է։

Գալիս են հիմնականում գործնական և հանգստանալու նպատակով

Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկների 30,4%-ի այցելության նպատակը գործնական է եղել, 40,5%-ը եկել է հանգստանալու նպատակով, 0,3%-ը՝ բուժման, իսկ 28,8%-ն՝ այլ։ Իսկ Հայաստանի մեկնած և զբոսաշրջիկ համարվող անձանց 77,1%-ը մեկնել է հանգստանալու նպատակով, 3,4% -ը՝ գործնական, 19,5%-ն՝ այլ։

Ներքին զբոսաշրջություն

ԱՎԾ-ից նաև տեղեկանում  ենք, որ այս տարվա հունվար-մարտին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 75 հազ. 486 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12,4%-ով: Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter