HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժբախտ պատահար Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում. ջարդող բանվորն ընկել է զետեղարան և մահացել

Երեկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ջարդման արտադրամասի ջարդող բանվոր, 35-ամյա Վազգեն Շալաղոյանը ընկել է արտադրամասի զետեղարանի մեջ և տեղում մահացել:

ԼՀԿ-ի տնօրեն Մարտուն Հակոբյանը դեպքից հետո զոհված բանվորի հորեղբորը՝ Հովիկ Շալաղոյանին հայտնել է, թե չի կարող թոշակ սահմանել աշխատատեղում զոհված Վազգենի երեք անչափահաս երեխաների գոյատևելու համար, սակայն հուսադրել է, որ նրա ընտանիքի որևէ անդամի իր ընկերությունում կընդունի աշխատանքի:

Վազգեն Շալաղոյանի ընտանիքի միակ չափահաս անձը նրա կինն է՝ Աննան, որն անառողջ է և, իր ասելով, ի վիճակի չէ աշխատելու: ԼՀԿ-ի ջարդման արտադրամասի զետեղարանում աշխատանքային վտանգավոր օպերացիաները կատարվում են բանվորների ձեռքի աշխատանքով, որն էլ Վազգեն Շալաղոյանի դեպքում դարձել է մահվան պատճառ:

Մասնագետները ասում են, որ խորհրդային տարիներին զետեղարանում այդ նույն աշխատանքը կատարվել է վիբրացիոն սարքավորումների միջոցով:

«Երեկ, վաղ առավոտյան՝ ժամը 6-ին Վազգենը գնացել է հերթափոխի: Դեպքը պատահել է ժամը 9-ին: Նա մենակ չի եղել: Երկու հոգով են ընկել բունկեր: Մյուս տուժողը նույն արտադրամասի բանվոր Արմեն Դալլաքյանն է: Իմ տեղեկություններով, նա կոտրվածք ունի»,-հայտնեց տուժածի հորեղբայր Հովիկ Շալաղոյանը:

Արմեն Դալլաքյանի ընտանիքում թաքցրեցին նրա վթարի ենթարկվելու փաստը: Դեպքից հետո ԼՀԿ-ում Հովիկ Շալաղոյանին նաև հայտնել են, որ եղբոր տղան՝ Վազգենը և ԼՀԿ-ի ղեկավարությունը հավասարապես մեղավոր են դժբախտ պատահարի համար. «Երկու կողմն էլ մեղք ունեն: Աշխատանքի անվտանգությունը պահպանված չի եղել, մյուս կողմից էլ… »,- Հովիկ Շալաղոյանը դեռ խոսքը չավարտած՝ նրան միջամտեց ջարդման արտադրամասի ավագ ջարդող Արարատ Բեգջանյանը. «Նրանք ամեն ինչը ապահովել են, ես էլ եմ էնտեղ աշխատում: Վազգենի հետ էի աշխատում, ավագ դրաբելչիկ եմ: Ես չեմ կարա ասեմ, թե դեպքը ոնց է եղել, ես հերթափոխը առավոտը հանձնել եմ Վազգենին ու տուն եմ գնացել: Բայց հիմնարկը ամեն ինչ ապահովում է՝թոկերով, ռեմեններով: Էդ որ գնացել են շուրովկա անելու, հանքաքարը գալիս է բունկեր, էդ բունկերի պատերին կպչում է, 1-2 աշխատող թոկերով կապված իջնում եմ բունկերը, հանքաքարը պատերից քերում և մանրացնում են, որպեսզի արտադրամասի աղացը հեշտ աղա հանքաքարը»,-բացատրեց ավագ ջարդողը:

«Իմ տեղեկությունը ստուգված է: Ես ու Վազգենը երկար տարիներ ջարդման արտադրամասում իրար հետ աշխատել ենք: Ես պատկերացնում եմ ինչ է կատարվել: Գնացել են շուրովկա անեն, էդ աշխատանքը այդպես է կոչվում, հանքաքարը պատերից լցնում են վարովկի մեջ, որ գնա ջաղաց: Շատ վատ վիճակ է էդտեղ: Հանքաքարը ցեխոտ է եղել, իրենք որտեղ կանգնել են պատերից հանքաքարը քաշելու համար, տեղը թեք է եղել, լոմով քանդել են, կամաց-կամաց , ու հետո հանքաքարը փախել է, եկել է հարվածել թեք տեղում կանգնած Վազգենին: Էդ ժամանակ ֆաբրիկան աշխատել է, բայց հանքաքարի պատճառով ջարդման արտադրամասը կանգնած է եղել, դրա համար էլ գնացել են շուրովկա անելու: Եթե ժամանակին հանքաքարը ավտոմեքենաներով բերեին, Վազգենը չէր գնա տանջվի ու չարչարվի, վերջումն էլ՝ զոհվի: Ինչ անվտանգության մասին ենք հարցնում, ստեղծված վիճակում միակ տարբերակը չընկնելու համար պետք է թոկ լինի: Ես չեմ կարող ասել, այդ պահին այդտեղ թոկ եղել է, թե՝ ոչ: Կարող է թոկ էլ չի եղել»,- ասաց Վազգենի ընկերը՝ Կարեն Դարչինյանը:

Երեկ՝ երեկոյան, մեր այցելության պահին, հարզատները դեռ Վազգենի մահվան հետ կապված դատական բժշկի եզրակացությանը տեղյակ չէին: «Խեղդամահ է եղել հանքաքարի տակ: Նա հանքաքարի տակին է մնացել»,- բացատրեց Կարենը: Ջարդման արտադրամասի աշխատողներից մեկի ասելով՝ բանվորների ձեռքով կատարվող այդ աշխատանքը խորհրդային տարիներին զետեղարանում կատարվել է վիբրատոր սարքավորումների միջոցով: Ավագ ջարդող Արարատ Բեգջանյանի ասելով՝ ԼՀԿ-ում թոկերն ու ռեմենները դիտվում է անվտանգության միջոցներ: «Թոկով իջնում ենք, գնում ենք էդ աղացած հանքաքարի վրա կանգնում, որպեսի պատերի նստած հանքաքարը հեշտությամբ գնա դեպի աղաց: Բունկերը կիսով չափ լիքն է եղել, այդ ժամանակ փլվածք է առաջացել: Վազգենը մնացել է փլվածքի տակ»,- բացատրեց Ա. Բեգջանյանը:

ԼՀԿ-ի արտաքին կապերի և բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը այսօր «Հետքին» հայտնեց, որ պատկան մարմինների, այդ թվում նաև ոստիկանության կողմից այս պահին դեպքի վայրում մասնագիտական քննություն է գնում՝ ֆաբրիկայի ջարդման արտադրամասի զետեղարանում երեկ զոհված Վազգեն Շալաղոյանի մահվան հանգամանքները պարզելու համար: «Համապատասխան եզրակացությունից հետո քայլեր կձեռնարկվեն և տեխնիկական լուծումներ կտրվեն այդ աշխատատեղում հետագա անվտանգություն ապահովելու համար»,- հայտնեց Գագիկ Շահնազարյանը:

Վերջինիս ասելով՝ մի քանի տարի առաջ նույն զետեղարանում նմանատիպ դեպք էլի է կրկնվել, որը, բարեբախտաբար, մահով չի ավարտվել: «Այն ժամանակ մասնագետները մեզ խորհուրդ են տվել թոկերով կապվելուց հետո կատարել զետեղարանում պահանջվող աշխատանքերը»,- բացատրեց պարոն Շահնազարանը:

Նա վստահ է, որ մասնագիտական եզրակացությունից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Զետեղարանում վիբրատորներ տեղադրելու առնչությամբ Գագիկ Շահնազարյանը բացատրեց, որ խոնավ հանքաքարի դեպքում վիբրատորները իրենց չեն արդարացնում:

Վազգեն Շալաղոյանի 5 անձից կազմված ընտանիքը վարձով ապրում է կիսաքանդ մի բնակարանում և գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Վազգենի 3 անչափահաս երեխաներից ավագը 12 տարեկան է, փոքրը՝ 6 տարեկան: ԼՀԿ-ում Վազգենի աշխատավարձը սահմանվել է 100 հազար դրամ: Նա արդեն 3 ամիս է աշխատավարձ չի ստացել: «Ես 35 հազար դրամ թոշակ եմ ստանում: Չգիտեմ ոնց անեմ, հա մեմեն ճաշացու եմ տալի, փող եմ տալի, ասենք՝ մի բան առնում ենք, տալիս ենք տղայիս ընտանիքին, բայց դե չենք կարողանում նորմալ օգնենք»,- արտասվելով պատմեց Վազգենի հայրը՝ Վառլեն Շալաղոյանը:

Աննան ասաց, որ Վազգենի հետ իրենց ընտանիքը պահել են մի կերպ՝ պարտքով:«Վազգենը 100 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, մթերային խանութին 200 հազարից ավելի պարտք ունենք»,- աաց նա:

«Ջարդման արտադրմասում ջարդիչը մեկն է, վերցրեցին կրճատումներ արեցին, թողեցին 3 աշխատող: Առաջ միշտ մեկը վերևը կանգնում էր , անվտանգությունը ապահովում էր, էդ մեկը կրճատված է: Էսենց բաներից էլ դեպք է լինում: Ինչ պետք է լինի՝ անտերանոց հիմնարկ է: Ուղղակի այնտեղ աշխատողների համար շատ մեղք վիճակ է: Իրենք ոնց ուզում են աշխատողների հետ վարվում են»,- ասաց Վազգենի հորեղբոր կինը:

«Վազգենը 217 հազար 790 դրամ մեր խանութին պարտք ունի: Իրենք վատ են ապրում: Վազգենը մեր կլենտն է եղել, մենք հարմարվել ենք: Ամիսը խանութից 70-80 հազար դրամի ուտելիք է տարել, աշխատավարձից կարողացել է վճարել 50 հազար դրամ, նորից մինչև աշխատավարձ պարտքն ավելացել է: Մոտ 1,5 տարվա ընթացքում 217 հազից ավելի պարտք է կուտակել: Հիմա էլի չպետք է կարողանար լրիվ տալ: Ամսի 15-ի օրը աշխատավարձը գար, ես գիտեմ մի 50-60 հազար դրամ պարտք էր տալու»,-բացատրեց Վազգենանց շենքի բակի խանութի վաճառող Սմբատ Պողոսյանը: 

Մեկնաբանություններ (1)

Nver
նախ Վազգենի կնոջ անունը Անի է, և Վազգենը շատ աշխատող, ընտանիքին նվիրված, հարեհաս, աշխատասեր , բոլորին պետք եղած ժամանակ օգնող տղա էր: Շատ ահավորա այս դեպքը, ինքը ապրում էր վարձով, պահում էր անսուններ, խոզեր, կովեր, նաև դրանով էր իր ապրուստը հոգում, հազար ափսոս, իսկ ինչ մնում է ընտանիքի անդամին գործ տան մենակ իրա կիննա 3 աղջիկ երեխա ունի 2-ը դպրոցահասակ են մյուսը փոքրա: եթե կինը Անին ի վիճակի չի աշխատելու էլ ում պետք է աշխատանք առաջարկեն, որ Վազգենի ընտանիքին այդ գումարը ամեն ամիս հասնի ու դրանով յոլա գնան: եղբայրը իրա ընտանիքն ունի առանձին են ապրում, ծնողների հետ, հո նա նրանց համար չի աշխատելու պարզա որ ոչ, միանշանակ: Պետք է ձևակերպվի գոնե նպաստ, թոշակ ստանան, կնոջն էլ մի թեթև աշխատանք առաջարկեն որ իր երեխաներին պահի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter