HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրում եմ ֆանտաստիկայի, այսինքն` արդարադատության մասին

Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Դռան վրայի «վոլչոկը» բացվում է: Սմենն ընդունող հսկիչն ասում է. 

- Մհերին ասա`թող մոտենա:

- Ստեղ չի Մհերը,- ասում է Սողոմոն Քոչարյանի ու իմ խցակիցը:

- Ո՞նց ստեղ չի, - արդեն անհանգստանալով` ասում է հսկիչը:

- Դե, ստեղ չի, տուն ա գնացել…

- Սողոյին ասա`թող մոտենա:

- Ինքն էլ ստեղ չի, -պատասխանում է մեր խցակիցը:

- Կողքի քաշվի, - նա մի կողմ է կանգնում, որ հսկիչը տեսնի մահճակալները, - վեր կացեք, ժամանակ չկա`սմենն ենք հանձնում:

Իմ և Սողոմոնի տեղերում պառկած «մարդիկ» չեն շարժվում:

-Շարժի, թող ոտի կանգնեն, իա՜:

Խցակիցը ծածկոցները բարձրացնում է և դռան մոտ հավաքված աշխատակիցները տեսնում են, որ մուլյաժներ են պառկած:

Աղմուկ-աղաղակ, իրարանցում. դուռը բացում են`ներս է մտնում բանտի պետը: Չեն հավատում, որ տուն ենք գնացել… Տեղակալներից մեկը փնտրում է մահճակալների տակ, զուգարանում և ամենահետաքրքիրը`ամանների փոքրիկ դարակներում:

-Մի հատ էլ բաժակների մեջ ման արի, -ծիծաղը զսպելով` ասում է աշխատակիցներից մեկը, - պա՞րզ չի`փախել են:

Կես ժամ անց որսորդական շներ բերեցին, որ հոտոտեն մեր շորերը, բայց անարդյունք`ամեն բանի վրա օծանելիք էինք փչել ու բիբար ցանել:

***

Այս պատմությունն արդեն որերորդ անգամ պատմում է խցակիցս, ով այն ժամանակ չէր դիմել փախուստի`հավատալով, որ 20 տարի անց պայմանական վաղաժամկետ կազատեն: Արդեն 22-րդ տարին է, որ բանտում է:

Առավոտյան մարմնամարզությունս ավարտեցի, սուրճ պատրաստեցի, սովորության համաձայն մոտեցա սեղանին, ձեռքս առա գրիչը, նայեցի դիմացիս սպիտակ թղթին: Էլի սովորության համաձայն, ճաղերի արանքով նայեցի երկնքին…

-Ինչ՞ի մասին ես գրելու այս անգամ, - հարցրեց խցակիցս:

-Արդարադատության, - մի փոքր մտածելուց հետո`ավելացրեցի, - ինչ էլ գրում եմ`արդարադատության մասին ա ստացվում…

Խցակիցս ժպտալով ասում է.

-Այսինքն, ֆանտաստիկայի մասին ես գրում. նույնն ա, ինչ այլմոլորակայինների մասին գրես…

Մարդկությունը միշտ էլ ենթադրել է, որ գոյություն ունեն այլմոլորակայիններ, բայց երբեք չենք տեսնում նրանց. շատ նման է մեր արդարադատությանը…

***

Թեպետ մեր երկրում արդարադատությունը ֆանտաստիկա է հիշեցնում, ամեն դեպքում շարունակում եմ դիմել դատարան, մինչև որ հասնեմ 1996 թ-ի անարդար դատավճռի բեկանման: Այս անգամ դատավճիռը վիճարկելու եմ դատական սխալի հիմքով:

20 տարվա դատավճռում առկա կեղծիքների մասին իմացա՝ տեղափոխվելով Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրս: Քրեական իրավունք առարկայից կուրսային աշխատանք էի գրում հենց իմ քրեական գործի մասին: Որոշեցի մանրակրկիտ ինքս ուսումնասիրել գործի բոլոր նյութերը`ստացածս գիտելիքների լույսի ներքո:

Զարմանքս չուներ չափ ու սահման, քանի որ մինչ օրս գիտեի, թե ես դատապարտվել եմ մահապատժի գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքի վրա: Բայց անգամ այդ ցուցմունքն է խեղաթյուրվել դատավճռում: Չէի հավատում աչքերիս, երբ նույնիսկ պարզից էլ պարզ դարձավ, որ հենց դատավճռում դատավոր Զինավոր Ղուկասյանի կողմից են կեղծիքներ արվել, այն էլ այնպիսի, որ ակնհայտորեն ազդել են գործի ելքի վրա:

Այս մասին դեռ կգրեմ մանրամասն, երբ շուտով դիմենք դատարան, իսկ մինչ այդ կհանդիպենք երկուշաբթի օրը, հունիսի 13-ին, ժամը 12-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, որտեղ լսվում է ինձ զրպարտելու մասին հայցը:

Մեկնաբանություններ (3)

Գագիկ
Մհեր ջան, էս անգամ որ տուն գնաս ել հետ չգնաս ախպեր ջան։ Գնալդ լինի գալդ չլինի!
Մարտիկ
հենց դատավճռում դատավոր Զինավոր Ղուկասյանի կողմից են կեղծիքներ արվել - այս մասին կարծես թե չի գրվել, թե ես սխալվում եմ, ի՞նչ կեղծիք է արել այդ դատախազը, ես հետևում եմ նյութերին, բայց լավ կլինի կոնկրետացնեք։
Ջուլիետա
Հույս ունեմ, որ այս դատավարությունն արդեն ԱԶԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ կբերի քեզ, Մհեր ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter