HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Ընտրությունների ընթացքում լրագրողները ենթարկվել են ճնշումների

Այսօր էլ հայկական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ 2003-ի նախագահական ընտրությունների երկու փուլերի ընթացքում գրանցված խախտումներին եւ կեղծիքներն։ Նույն ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ հնչել են սպառնալիքներ, կիրառվել են ճնշումներ ու բռնություններ: Այս դեպքերը արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները: «Մասնավորապես, որոշ լրագրողներ հայտնել են, որ իրենց նկատմամբ ճնշումներ, հարկադրանք եւ խմբագրական միջամտություններ են գործադրվել, ընդհուպ մինչեւ գրաքննություն` հետեւելով նրանց կողմից արված ընդդիմության հանրահավաքների եւ ձերբակալումների մասին լուսաբանումներին», նշված է ԵԱՀԿ դիտորդական խմբի նախնական հաշվետվության մեջ:

Թվարկենք նման մի քանի դեպք.

1. Ընտրատարածքների հանձնաժողովների անդամները (ինչպես նաեւ՝ անհայտ անձինք) խոչընդոտել են «Այբ- Ֆե» թերթի ու «Ա1+» հ/ը լրագրողներին կատարել իրենց մասնագիտական պարտքը: Մասնավորապես, արգելել են նկարահանումներ կատարել, հարցազրույցներ անել վստահված անձերի հետ եւ մասնակցել քվեների հաշվարկմանը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլի խախտումների վերաբերյալ ահազանգ էր ստացվել Դավիթաշեն գյուղի 93 դպրոցից, որտեղ կար երկու տեղամաս: Դպրոցում «Այբ-ֆե»-ի նկարահանող խմբին «դիմավորել են» կասկածելի վարքագծով մի խումբ երիտասարդներ, որոնք հանդես են եկել որպես «քաղաքացիներ» ու «օրենքի պաշտպաններ»` չթողնելով լուսաբանել ընտրական գործընթացը: Ի վերջո, տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը երկար դիմադրելուց հետո թույլ է տվել նկարահանումներ կատարել ու լուսաբանել: Մյուս տեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, վկայակոչելով օրենքը, արգելել է նկարահանումներ կատարել: Քիչ անց կասկածելի մարդկանցից մեկը մոտեցել է օպերատորին եւ խնդրել, որ իրեն էլ խոսեցնեն, հետո փորձել իմանալ, թե ինչ գրառումներ է արել լրագրողը:

«Գուգո անունով ներկայացած մի երիտասարդ փորձում էր ստանալ լրագրողական նոթատետրս: Տեսնելով, որ իր վրա դրված «առաքելությունը» կարող է տապալվել, նա մի խումբ մարդկանց հետ հարձակվեց մեքենայի վրա եւ քաշքշուկներից հետո բռնությամբ խլեց նոթատետրս»,- ասաց «Ա1+» հ/ը օպերատոր Արսեն Հակոբյանը: Հաջորդ դեպքը կատարվել է Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: 19:30-ի սահմաններում լրագրողները գնացել են ընտրատարածք՝ ընտրական գործընթացը լուսաբանելու եւ քվեների հաշվարկմանը մասնակցելու: Հենց սկզբից հանձնաժողովի նախագահը արգելել է նկարահանումներ կատարել եւ ԿԸՀ-ի (Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով) հավատարմագիր պահանջել: «Հանձնաժողովի նախագահը գոնե իրավական նորմերով ու օրենքներով խոսեր, քիչ այն կողմ բջջային հեռախոսով փորձում էր իմանալ՝ ու՞մն է «Ա1+»-ը»,-ասում է Արսեն Հակոբյանը: Մարզական կառուցվածք ունեցող մի երիտասարդ սպառնալի արտահայտություններ է արել, թե «Ա1+»-ը լավ չեն փակել: Հետո էլ «մեծահոգաբար» խորհուրդ տվել հեռանալ, քանի որ տեխնիկան ափսոս է: ԿԸՀ-ի հետ կապվելուց հետո միայն թույլ են տվել նկարահանումներ կատարել: 

 Էջմիածնի 26/073 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Վարդանյանը նույն «Ա1+» հ/ը նկարահանող խմբին արգելել է նկարահանումներ կատարել ու ԿԸՀ-ից մի ուղեցույց ցույց տվել, որի համաձայն միայն իր թույտվությամբ կարելի է նկարահանումներ անել: Մինչ նկարահանող խումբը փորձել է պաշտպանել իր իրավունքները, ինչ-որ երիտասարդներ հարձակվել են օպերատորի վրա, քաշքշել, փորձել խլել տեսախցիկը՝ գոռալով, որ «Ա1+»-ը լիցենզիա չունի: 

Խոչընդոտել են եւս մեկ լրագրողի՝ «Ա1+»-ի թղթակից Դիանա Մարկոսյանի աշխատանքին: Էրեբունու 0391/17 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արարատ Ռշտունին անձամբ քաշքշել է Դ. Մարկոսյանին, փորձել նրա ձեռքից խլել տեսախցիկը այն պահին, երբ լրագրողը փորձել է նկարահանել մի աղջկա, որը բազմաթիվ քվեաթերթիկներ է գցում քվեատուփ: «Ոստիկաններ կանչեցի, որպեսզի միջամտեն հանձնաժողովի նախագահի գործողություններին, սակայն նրանք ինձ պարզապես դուրս հրավիրեցին»,-ասաց Դ.Մարկոսյանը: Իսկ նույն հեռուստաընկերության լրագրող Կարինե Ասատրյանը նշեց, որ բանակցելու ընթացքում տեսախցիկը միացված է եղել եւ նկարահանել, թե ինչպես վստահված անձերից մեկը գոռացել է՝ ասելով, որ ոտնահարում են իր իրավունքները ու քվեատուփերը լցոնում: «Չնկատեցինք, թե ինչպես ընտրատարածք ներխուժեց մի խումբ եւ հարձակվեց մեզ վրա՝ բղավելով, որ «Ա1+»-ը լիցենզիա չունի, հետեւաբար նկարահանելու իրավունք՝ նույնպես: «Օպերատորի ձեռքը վիրավորեցին ու ուղղակի դուրս արեցին մեզ»,- ավելացրեց լրագրողը: Այս ամենի վերաբերյալ «Ա1+»-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին: 

Էրեբունի համայնքի 0391/18 տեղամասում Ա. Գեղամյանի վստահված անձը 25 քվեաթերթիկ ձեռքին « Առավոտ»-ի լրագրող Ռուզան Արշակյանին հայտնել է, որ բռնել է հանցագործին եւ թույլ չի տվել քվեաթերթիկները գցել տուփի մեջ: Այս դեպքի կապակցությամբ հանձնաժողովի նախագահն արձանագրություն չի կազմել, իսկ լրագրողների հետ անչափ կոպիտ է վարվել, թույլ չի տվել, որ «Ա1+»-ի օպերատորը նկարահանումներ կատարի, խանգարել է նաեւ «Առավոտ»-ի լրագրողի աշխատանքին եւ ոստիկանների խումբ կանչել: «Մեզ հետ շրջող օպերատորի տեսախցիկը մաս-մաս կոտրեցին տարբեր տեղամասերում»,- նշում է Ռուզան Արշակյանը: 

«Հայկական Ժամանակի»-ի լրագրող Վահագն Հովակիմյանին արգելել են լուսաբանել դատական նիստը եւ դուրս հրավիրել դատարանից: «Աշխատակազմի ղեկավարը ուղեկցում էր ինձ վերեւ, երբ հարձակվեցին մեզ վրա, հետո հրահանգ տվեցին ու դուրս հրավիրեցին ինձ»,- ասում է Վ. Հովակիմյանը: 

 «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող Աննա Բաղդասարյանին Ավանի թիվ 170 դպրոցի 0014 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահն առանց բացատրությունների արգելել է նկարահանումներ կատարել: 

Փետրվարի 19-ին Արաբկիրի Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված ընտրատարածքում, որի հանձնաժողովի նախագահն էր Կարինե Շահինյանը, «Այժմ» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ կիրառել են բռնություններ: Ժամը 12.00-ի սահմաններում ընտրատարածք են ներխուժել մի խումբ երիտասարդներ եւ ծեծել լրագրողին: «Ձայնագրիչը ձեռքիցս խլելուց երեք մատներս վնասեցին: Դիտորդներն էին օգնություն ցույց տալիս: Ձայնագրիչը, իհարկե, հետո վերադարձրին, բայց քաշքռտուքի ժամանակ այն անջատված չէր ու ձայնագրվել են բոլոր աներեւակայելի հայհոյանքները»,- ասում է Գ. Վեզիրյանը: «Քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ վիճակը շատ լարված էր, լրագրողներին անընդհատ վիրավորում էին, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս»,- ավելացրեց Գ. Վեզիրյանը: 

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի թղթակից Նանե Աճեմյանին ուղարկել են հարկադիր արձակուրդի: Նախընտրական արշավը լուսաբանելիս Ն.Աճեմյանի պատրաստած սյուժեները դուր չեն եկել գործող նախագահ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբին: «Կենտրոն»-ում հնչած մեկ հեռախոսազանգի արդյունքում Ն.Աճեմյանին առաջարկվել է գնալ արձակուրդի մինչեւ ընտրարշավի ավարտը: Լրագրողն ինքն է այդ մասին հայտնել «Ինտերնյուս» կազմակերպության «Անիվ» ծրագրի ուղիղ եթերում: Արդյունքում լրագրողը հեռացել է աշխատանքից: 

Ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ից դադարել է եթեր հեռարձակվել Հայաստանում: Հեռուստաընկերության լրատվական թողարկումներում լուսաբանվում էին Երեւանում ընդդիմության հանրահավաքները: «Պարադիզ» ընկերությունը, որը հեռարձակում էր «ՆՏՎ»-ի ծրագրերը Հայաստանում, հայտնել է, որ հաղորդիչների հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: Ընտրություններից մի քանի օր անց հեռուտաընկերության ծրագրերի հեռարձակումը վերականգնվեց: 

Հանրային հեռուստատեսության լրագրողները հայտնել են, որ իրենք նույնպես սպառնալիքներ են ստացել: Լրատվական բաժնի տնօրեն Գնել Նալբանդյանն ասաց, որ լրագրողներին ագելել են նախընտրական փուլի եւ հանրահավաքների ժամանակ նկարահանումներ անցկացնել: Մասնավորապես, լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել Ա. Գեղամյանի հանդիպումները մարզերում, իսկ ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ օպերատորին արգելել են նկարահանումներ կատարել: 

«Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդիկ Պետրոսյանը պարզապես հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել ՝ ասելով, որ բողոք ու պահանջ չունի: Չնայած լրատվական բաժնի տնօրեն Գագիկ Սիմոնյանն ասել է, որ բոլորին է հայտնի, որ իրենց օպերատորին ծեծի ու խոշտանգումների են ենթարկել, կոտրել տեսախցիկը: Ավելի վատ է եղել վիճակը մարզային լրատվամիջոցներում, սակայն այնտեղ աշխատող լրագրողները պարզապես վախենում են այդ մասին բարձրաձայն խոսել: Սա արդեն այլ պատմություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter