
Ահաբեկչություն Միացյալ Նահանգներում. կա 50 զոհ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, վերջին տեղեկությունների համաձայն, զոհ է գնացել 50 մարդ, ևս 53-ը վիրավոր են:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել ԼԳԲՏ համայնքի գիշերային ակումբում կիրակի առավոտյան: Pulse ակումբի աշխատակազմը վաղ առավոտյան Ֆեյսբուքում կատարած գրառումով կոչ է արել բոլորին դուրս գալ ակումբից ու փախչել:
The Guardian-ը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի՝ միջադեպը սկսվել է գիշերը 2-ին (10:00-ին՝ Երևանի ժամանակով), երբ ակումբ մտած անձի և պահակային ծառայություն իրականացնող ոստիկանի միջև փոխհրաձգություն է սկսվել: 3 ժամ անց ոստիկանության ուժերը ներխուժել են ակումբ՝ ազատելով 30 պատանդների: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է հանցագործության հեղինակը:
Pulse Shooting: The shooter inside the club is dead.
— Orlando Police (@OrlandoPolice) June 12, 2016
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկիչը 29-ամյա Օմար Մաթինն է, ով զինված է եղել հրացանով, ատրճանակով և «ինչ-որ սարքավորումով»: Լրատվամիջոցները հայտնում են, որ Օմարը Միացյալ Նահանգների քաղաքացի է՝ Աֆղանստանի ծագումով:
Suspect identified as Omar Mateen, 29. An American citizen born in New York. @FBI first became aware of him in 2013 pic.twitter.com/gt18lhTM4G
— Orlando Police (@OrlandoPolice) June 12, 2016
Ամերիկյան ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու՝ արդյոք Օմարը միայնակ է գործել, թե որևէ ահաբեկչական խմբավորում է ներկայացնում: Մինչ այդ, տեղեկություններ են հաղորդվում, որ ահաբեկչության ժամերին նա զանգահարել է 911, հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը իր հավատարմության մասին և հիշատակել Բոսթոնի ահաբեկչությունը: Իսկ «Ռոյթերզ»-ը մեջբերում է ԻՊ-ի «Ամաք» (Amaq) գործակալության հաղորդագրությունը, համաձայն որի՝ խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
Pulse ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը զոհերի թվով խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ՝ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: CNN-ի հաղորդմամբ՝ մինչ այդ խոշորագույն ահաբեկչություններն էին Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի դեպքը 2007թ-ին և Սանդի Հուկ տարրական դպրոցինը 2012-ին՝ համապատասխանաբար 32 և 27 զոհերով: Օռլանդո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
լուսանկարը՝ EPA-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել