HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտրությունները Հարավային Կովկասում. քայլ առա՞ջ, թե՞ ետընթաց»

Ինչպիսին էր հարավկովկասյան երեք երկրների իշխանությունների եւ ընտրազանգվածի կեցվածքը 2003-ի ընտրությունների ընթացքում: Որքանո՞վ էին պատրաստ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները անցկացնելու արդար, ժողովրդավարական ընտրություններ: Արդյո՞ք տարածաշրջանի երեք երկրների ընտրազանգվածների ակտիվությունը բխում էր այն գիտակցումից, թե ժողովրդավարության իրականացման լավագույն միջոցը ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորումն է: Հարավկովկասյան երկրներից ո՞րն ավելի մոտեցավ Եվրոպային ընտրություններից հետո: Այս հարցերն էին վերլուծում հարավկովկասյան երեք երկրների քաղաքագետները Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած ինտերնետ-կոնֆերանսի ընթացքում (ս.թ. նոյեմբերի 11-14): Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ կոնֆերանսի նյութերից, որոնց ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net):

Մուբարիզ Ախմեդողլու - Այնպիսի ընդդիմությունը, ինչպիսին վրացականն է, իշխանությունների շարքերից սերված, էապես կրճատում է իշխանությունների մանեւրելու հնարավորությունները: Պաշտպանության նախարարությունը չի կարող խառնվել իրադարձություններին, անհրաժեշտ է խորհրդարանի պաշտոնական համաձայնությունը: Վրաստանում զարգացող ներկայիս իրադարձությունների պատճառով խորհրդարանը կարող է չտալ նման համաձայնություն, եւ դա էական հանգամանք է: Վրաստանում ընտրությունները շատ վատ էին կազմակերպված: Ընտրաթերթիկները տեղ հասցնելու ուշացումներ, քվեարկության օրը քվեարկելու ժամերի փոփոխություն չի եղել եւ ոչ մի տեղ: Սա վրացական ԿԸՀ-ի մեղքն է: Այն մասնակցում էր քաղաքական բանավեճերին:

Շահին Ռզաեւ - Սիրելի Մուբարիզ, լավ է, որ կազմակերպվում են նման ֆորումներ, թե չէ հարյուր տարի է, որ չենք շփվել: Հետաքրքիր բաներ եք գրում. «Տվյալներ ունեմ, որ քվեարկությանը մասնակցել են մարդիկ (Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ - Լ.Բ.), որոնք չեն մասնակցել որեւէ ընտրության սկսած ցարական իշխանություններից»: Հարց է ծագում, ուրեմն քանի՞ տարեկան են այդ ընտրողները: Իմ համեստ հաշվարկներով` 103 տարեկանից ոչ պակաս, քանի որ ցարական իշխանությունների ժամանակ նրանք պետք է հասած լիեին չափահասության: Այլ մեջբերում. «Իշխանության կուսակցության գրեթե ամեն մի ակտիվիստի կցված էին 5-10, երբեմն նույնիսկ 20 ընտրողներ»: Եկեք բաժանենք ընտրողների ընդհանուր թիվը 10-ի, նույնիսկ 20 -ի, միեւնույն է, չի ստացվում: Բայց, ես համաձայն եմ Ձեզ հետ մեկ բանում, որ ընտրությունների ժամանակ գրանցվեց ըտրողների ռեկորդային ակտիվություն: Անձամբ ես դա բացատրում եմ Հեյդար Ալիեւի բացակայությամբ: Իշխանության կողմնակիցները տեսան, որ բան ունեն կորցնելու, իսկ ընդդիմության կողմնակիցները` որ վերջապես եկել է ժամը: Բայց Հեյդար Ալիեւը այնպես լավ է գործի գցել իշխանության մեխանիզմը, որ այն դեռ երկար կաշխատի ավտոպիլոտի ռեժիմով:

Մարինա Մուսխելիշվիլի - Վրաստանում քվեարկության արդյուքները նախանշված էին նախընտրական փուլով, այլ ոչ թե քվեարկության օրը կատարված խախտումներով: Ի դեպ, նախընտրական քարոզարշավը, ինչպես եւ այդ նպատակներով միջազգային կազմակերպություններից գումարներ ստանալը բխում էր նրանից, որ Շեւարդնաձեի ռեժիմը նույնացվում էր, ասենք, Միլոշեւիչի ռեժիմի հետ: Արդյունքում ընդդիմությունը հայտնվեց հզոր բռնապետության դեմ պայքարողի դերում: Վրաստանի ընդդիմության մանիպուլյացիոն հնարավորություններն ավելի մեծ էին, քան իշխանություններինը: Առանձին էր քվեարկողների ցուցակների հարցը: Իշխանությունները թույլ տվեցին ճակատագրական սխալ, գնացին միջազգային կազմակերպությունների ետեւից եւ փորձեցին նախապես ուղղումներ մտցնել դրանց մեջ: Իհարկե, եղած կարճ ժամանակահատվածում դա անել հնարավոր չեղավ, ընդդիմությունն արեց ամեն ինչ, որ էլ ավելի վատացնի ցուցակների հետ կապված իրավիճակը: Այս ամբողջն ուղղվեց իշխանությունների դեմ եւ մարդկանց փողոցներ դուրս բերեց:

Ստեփան Գրիգորյան - Հայաստանում այնքան վատն է ընտրական հանձնաժողովների կազմավորման մեխանիզմը, որ ընդդիմությունը հնարավորություն չունի տեղեր ստանալու: Ի միջի այլոց, ԵԱՀԿ դիտորդները գրանցեցին մի զվարճալի միջադեպ, երբ քվեատուփերում թերթիկներ գցելիս բռնվել է ԱՊՀ դիտորդը: Որքան ինձ հայտնի է, Վրաստանում այդ իմաստով իրավիճակն ավելի լավն էր: Թեկուզ միայն նրանով, որ քվեարկողների մատներին հատուկ նշումներ էին արվում: Այդ պատճառով, ինձ թվում է, մեր ընտրությունների ժամանակ կատարված խախտումները քվեատուփերի ներսում հայտնաբերելը շատ դժվար էր, իսկ Վրաստանում կա ճշմարտությունը վերականգնելու հնարավորություն:

Ռասիմ Մուսաբեկով - Ընտրությունների ժամանակ հատկապես ոչ քաղաքակիրթ վարք դրսեւորեցին Ադրբեջանի իշխանությունները: Սակայն, հավանաբար, Ալիեւին որդի Իլհամով փոխարինելու խնդիրն այլ կերպ լուծել հնարավոր չէր: Չէ որ Ադրբեջանում բողոքող տրամադրությունները, հնարավոր է, ավելի հզոր էին, քան Վրաստանում եւ Հայաստանում: Ընդդիմությունը հանրահավաքներ էր կազմակերպում, որոնք ավելի բազմամարդ էին, քան հայաստանյան կամ այժմ վրաստանյան հանրահավաքներն են: Ադրբեջանում գրանցվեց ընտրողների բավական մեծ ակտիվություն եւ արդյունքում, նույնքան խորը հիասթափություն: Եւս մեկ վտանգի մասին: Այսպիսի ընտրություններից հետո ընտրողների մոբիլիզացումը առաջիկայում բավական բարդ է լինելու: Բայց սա արդեն իշխանություններին չի հուզում: Մեզ մոտ` Ադրբեջանում, քվորումը հանված է: Այնպես, որ ընտրություններին քիչ մարդ կգա, ուրեմն քիչ գլխացավանք կլինի եւ ավելի հեշտ կդառնա արդյունքների խեղաթյուրումը:

Սուրեն Բաղդասարյան - Կովկասի ավանդույթներն այնպիսին են, որ քաղաքականությունն այստեղ միշտ արել եւ անում են վերեւից: Հասարակության ընտրական ռեակցիան, որ ամենատարբեր ձեւերն ընդունեց Երեւանում, Թբիլիսիում եւ Բաքվում, ցույց տվեց. հասարակությունը, կամ նրա մի մասը, լրջորեն վերաբերվեց այն համոզմանը, թե ժողովրդավարությունը նշանակում է ժողովրդի կողմից կառավարում: Հարավային Կովկասի երկրներում դեռ երկար ժամանակ են «ձերբազատվելու» իրենց քաղաքական կյանքի ասիական կողմերից: Քանի դեռ այստեղ տարածում կունենան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ` «հայր», «որդի», «հերոս», «զինվոր» եւ այլն, այդքան ժամանակ էլ կունենանք այն, ինչ ունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter