Վանաձորի քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկման՝ չհրապարակելով քննարկման ենթակա հարցի հիմնավորումները
Գայանե Սարգսյան
Հունիսի 15-ին Վանաձորի քաղաքապետարանը հրավիրել է հանրային քննարկում: Մինչ քննարկման օրը քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին առաջարկելով մինչ հունիսի 14-ը հանդես գալ առաջարկություններով ու դիտողություններով:
Հանրային քննարկման է ներկայացվել երեք հարց, որոնցից 1-ը վերաբերում է Վանաձորի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վարձավճարների վերանայմանը:
Քաղաքի մանկապարտեզներում ծնողական վարձավճարների բարձրացման մասին խոսակցությունները քաղաքապետարանում շրջանառվում են դեռ նախորդ տարվանից: Դրանք առավել ակտիվացան այս տարեսկզբին: Հարցը, սակայն, մինչ ավագանու նիստին ներկայացնելը, որոշվել է դնել հանրային քննարկման:
Հանրային քննարկմանը ներկայացված հարցերը տեղադրված են Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ամեն ինչ կարծես թե կատարվել է օրենքի տառին համապատասախան: Զարմանալին ու տարօրինակն այն է, որ օրակարգային հարցերը տեղադրվել են ոչ ամբողջությամբ: Մասնավորապես, վերը նշված հարցի նախագծի համաձայն նախատեսվում է ավագանուն առաջարկել ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2007թ. թիվ 7-Ն որոշումը, որով սահմանվել էր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վարձավաճարների չափը: Փոխարենն առաջարկվել է սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վարձավճարների 2016թ.-ի ամսական դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: Այսքան բան: Իսկ հավելվածը չկա:
Թե վարձավճարի ի՞նչ չափ է գործել մինչ այժմ քաղաքի բոլոր մանկապարտեսզներում, ի՞նչ չափ է առաջարկվում այսօր՝ դրանցից յուրաքանչյուրի դեպքում, ինչպե՞ս է հիմնավորվում նոր առաջարկը, այս մասին ոչ մի խոսք:Կարևորը, որ ամբողջ 15 օր է հատկացվել վանաձորցիներին չպարզաբանված ու չհիմնավորված հարցի մասին առաջակներ ու դիտողությւններ անելու համար:
Ու հարց է առաջանում, թե ինչ առաջարկություններ ու դիտողություններ կարող է անել վանաձորցին, եթե չկա համապատասխան տեղեկատվությունը, որի շուրջ կարելի լիներ առաջարկել ինչ-որ բան:
Վանաձորի ավագանին հունիսի 7-ի ավագանու նիստում հաստատել է համայնքում հանրային բաց լսումների ու քննարկումների անցկացման նոր կարգ, որի 13-րդ կետի համաձայն հանրային քննարկման հրավերի հետ մեկտեղ պետք է հրապարակվի.
1.հանրային քննարկումների դրվող նախագիծը կամ հարցը
2.նախագծի կամ հարցի հիմնավորումը
3.համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբ սահմանված այլ նյութեր:
Այս դեպքում, սակայն, Վանաձորի քաղաքապետարանը հրապարակել է քննարկման ենթակա հարցն ու նախագիծը՝ հարկ չհամարելով հրապարակել հարցի հավելվածն ու հիմնավորումները:
Նշենք, որ արդեն իսկ նշանակված է նաեւ ավագանու առաջիկա նիստի օրը, որի ընթացքում ավագանուն կներկայացվի վերը նշված հարցը: Մինչ այդ հունիսի 7-ին անցկացված ավագանու նիստի ավարտին, առանց լրագրողների ներկայության Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն արդեն իսկ ավագանու հետ քննարկել է մանկապարտեզների վարձավճարների բարձրացման հարցը:
Ծնողական վարձավճարների բարձրացման անհրաժեշտության մասին Ս. Դարբինյանն օրեր առաջ բարձրաձայնել էր նաեւ մեզ հետ հարցազրույցի ժամանակ:
«Պատրաստվում ենք մանկապարտեզների վարձավճարներն ավելացնել, որպեսզի մանկապարտեզներում պաշտպանվի երեխաների սննդի կալորիականությունը: Ավելացված վարձավճարների գումարով տվյալ մանկապարտեզները կարող են իրենց գազի, էլեկտրաէներգիայի գումարների մի մասը վճարել: Եվ ինչ-որ չափով սննդի վրա գումարը կավելացվի, որովհետեւ վերջին տարիների ընթացքում սննդամթերքի գներն անընդհատ բարձրացել են, իսկ մեր վարձավճարների մեջ փոփոխություն չի եղել, ու ամբողջ բեռը մնացել է համայնքային բյուջեի վրա»,- ասել էր նա:
Այս կարծիքը, սակայն, չեն կիսում ավագանու անդամների մի մասը: Նրանցից քանի՞սը ներկա կգտնվի հանրային քննարկմանը, ի՞նչ տեսակետներ կհայտնեն նրանք նախընտրական այս փուլում, պարզ կլինի հունիսի 15-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել