Կխստացվի հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի տրանսպորտի վարչության և ՃՈ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 53 արձանագրություն: Մայրաքաղաքում վերականգնվել և փոխարինվել է բացակայող 31 ճանապարհային նշան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և խստացնել հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Աշխատակազմի տրանսպորտի և առևտրի վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է խստացնել հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ ու համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության և դատախազության հետ` բացառել նման ապօրինությունները:
«Օրենքով հստակ սահմանված է ավտոկայանատեղի համար տուրքի գանձման կարգը, ըստ որի նախատեսված չէ, որ ինչ-որ մեկը փողոցում կայանման գումար վերցնի քաղաքացուց: Բայց վերջերս էլի սկսել են դեպքեր արձանագրվել, երբ ինչ-որ անհայտ անձինք մեր քաղաքացիներից ավտոմեքենայի կայանման համար ապօրինի գումար են գանձում: Այս հարցը պետք է լինի խիստ հսկողության և ուշադրության կենտրոնում: Անթույլատրելի և աններելի է, երբ մեր քաղաքացին նախապես բարեխիղճ կատարում է ավտոկայանման համար օրենքով սահմանված վճարումը, իսկ ինչ-որ մարդիկ հենց այդ նույն քաղաքացուց գումար են շորթում կայանման համար: Օրենքը շրջանցողները և անօրինական գումար գանձողները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության: Այս հարցում ակնկալում ենք նաև մեր համաքաղաքացիների աջակցությունն ու զգոնությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, կտեղադրվեն արգելափակման սարքեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել