HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նժդեհի ուրվականը, ռուսական նեոբոլշևիզմը և ՀՀԿ-ական վախերը

Ռուսաստանը պաշտոնապես անդրադարձավ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: Նախորդ շաբաթավերջին ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ՝ հիշեցնելով ՌԴ ընդգծված դիրքորոշումը  2-րդ համաշխարհային պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման փորձերի նկատմամբ:

Չնայած Նժդեհի արձանի տեղադրման շուրջ կրքերը Ռուսաստանում սկսել էին բորբոքվել շատ ավելի վաղ՝ կրեմլամերձ պալաական քաղաքագետների մակարդակով, սակայն միայն Զախարովայի հայտարարությունից հետո Երևանում որոշեցին պատասխանել այդ հիստերիային: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որով երկար-բարակ պարզաբանում էր, թե արձանը տեղադրվել է, քանի որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանել է այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի  հայտ եկած  Ադրբեջան պետության զինված խմբավորումների  ոտնձգություններից և կազմակերպել Հայաստանի ու Զանգեզուրի պաշտպանությունը: Բալայանը նաև հավելել է, թե «անբարո ու անարդյունավետ է համարում  ֆաշիզմի դեմ պայքարում հայ  ժողովրդի  անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու ջանքերը»:

Թվում է, թե ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն իսկապես, ինչպես ասում են՝ Զախարովայի «պորտը տեղն է դրել»: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ արձագանքը բոլորովին էլ Զախարովային կամ ՌԴ ԱԳՆ-ին չէր ուղղված: Տիգրան Բալայանի գրառման մեջ ՌԴ-ի, այդ երկրի ԱԳՆ-ի կամ Զախարովայի անունը գոնե մեկ անգամ ձևի համար կիրառված չէ: Նրա խոսքն ուղղված է Ադրբեջանին, որը, իբր, պատվիրված հոդվածների հերթական փոթորիկն է սկսել Հայաստանի դեմ և որը, ըստ Բալայանի, այդ կերպ փորձում է ստվեր գցել ֆաշիզմի դեմ հայ ժողովրդի ավանդի վրա: ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, իրական հասցեատիրոջը թողած՝ թիրախավորել է իր ավանդական և այդ պատճառով առավել հեշտ թիրախավորվող թշնամուն՝ Ադրբեջանին:

Առաջին հայացքից թվում է, թե Մոսկվայի փոխարեն Բաքվին պատասխանելով՝ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է հասկացնել, որ Զախարովայի հայտարարության ետևում տեսնում է Բաքվի «ականջները», այսինքն թե ՌԴ ԱԳՆ-ն պարզապես ադրբեջանական պատվերն է կատարել, ինչն, իրական լինելու դեպքում, իհարկե կոշտ և վիրավորական մեղադրանք կարելի էր համարել: Սակայն նման ոճով արձագանքելու իրական պատճառը բոլորովին այլ է՝ շատ ավելի պարզունակ, քան կարող է թվալ. Հայաստանի ԱԳՆ-ի համարձակությունը պարզապես չի հերիքել, որ պատասխանն անմիջականորեն հղի Մոսկվային: Բայց քանի որ նաև չէր կարող Զախարովայի հայտարարությունն անպատասխան թողնել, ինչը պարզապես չէր հասկացվի հայաստանյան հասարակության կողմից, ՀՀ ԱԳՆ-ն ընտրել է իր ձևի մեջ բավականաչափ անմեղ, կարելի է ասել անմեղսունակ՝ «կուժ ասեմ, կուլա՝ լսիր» տարբերակը, որպեսզի ՌԴ ԱԳՆ-ում հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի Հայաստանին «մեղադրել» իրենց հակադրվելու փորձի մեջ:

Որ նման տարբերակը հենց ռուսաստանին ուղղված ստորաքարշ պահվածքի դրսևորում է, վկայում է երկու հանգամանք: Նախ՝ չնայած Զախարովայի հայտարարությանը պատասխան է տրվել ՀՀ ԱԳՆ-ի խոսնակի մակարդակով, սակայն դա արվել է ընդամենը ֆեյսբուքյան գրառմամբ՝ առկախված թողնելով այն հարցը, թե դա, ի վերջո, իբրև քաղաքացի, Տիգրան Բալայանի անձնակա՞ն կարծինքն է, թե՞ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Այստեղ նույնիսկ չենք քննարկում այն հարցը, թե ընդհանրապես որքանո՞վ է կոռեկտ նման զգայուն թեմայի կապակցությամբ պատասխան հնչեցնել ֆեյսբուքյան գրառման մակարդակով: Ըստ ամենայնի՝ ԱԳՆ-ն դիվանագիտական նոր մշակույթ է արմատավորում:

Երկրորդ՝ ՀՀ ԱԳՆ-ի այս յուրօրինակ արձագանքում, փորձելով պատճառաբանել, թե ինչու է Բաքուն նման «հոդվածային փոթորիկ» բարձրացրել և ինչու է Նժդեհի անունը լսելիս ցնցակաթվածի մեջ ընկնում, նշվում է, թե Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանը պաշտպանել է նորաստեղծ Ադրբեջանի զինված խմբավորումներից, փորձելով զուգահեռ տանել Զանգեզուրի նկատմամբ այդ երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած հավակնությունների հետ: Այսինքն՝ Բալայանի արձագանքում խնամքով թաքցվել է այն ակնհայտ փաստը, որ Նժդեհը թուրք-թաթարական խաժամուժից բացի, 1921թ. կատաղի պայքար է մղել նաև բոլշևիկյան 11-րդ բանակի դեմ, որի խնդիրն էր ինչպես Նախիջևանը, այնպես էլ Արցախն ու Զանգեզուրը նվիրել Ադրբեջանին:

Թվում է, թե ի՞նչ կապ կարող է ունենալ ներկայիս Ռուսաստանը բոլշևիզմի հետ, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ի համարձակությունը չներեր գոնե այդ մասով իրականությունը չաղավաղելու համար: Իրականում այդ կապն առավել քան ուղղակի է: Ավելին, ինքնին արձանի տեղադրմանը ԱԳՆ-ի մակարդակով Մոսկվայի արձագանքն այդ կապի տիպիկ արգասինք ու դրսևորումն է: Խնդիրն այն է, որ Զախարովան երբեք չէր անդրադառնա Երևանում՝ ՌԴ տեսանկյունից լրիվ օտար ինչ-որ գործչի արձանի տեղադրմանը, եթե Ռուսաստանն ինքն ամբողջությամբ հիմա խրված չլիներ իմպերիալիստական նեոբոլշևիզմի ցեխի մեջ: Մոսկվայի խնդիրն այն չէ, որ Հայաստանում Գարեգին Նժդեհի արձանն է տեղադրվել: Նրա խնդիրն այն է, որ այդ արձանը տեղադրվել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանում, որը նույնիսկ անկախ այդ կառույցներին անդամակցությունից, իր որոշումները մշտապես համաձայնեցնում է Կրեմլի հետ, ինչպես բոլշևիզմի, ապա կոմունիզմի «հին ու բարի» խորհրդային ժամանակներում: Նման արձաննների տեղադրումը բացարձակապես չի տեղավորվում Խորհրդային Միությունը վերականգնելու ուտոպիստական մառազմով տառապող մի երկրի «ուղեղում», որը հետևողականորեն, կաթիլ առ կաթիլ սկսել է հերոսացնել Ստալինի և Բերիայի նման հրեշներին, որը ոչ մի կերպ չի ցանկանում վերագնահատել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆինլանդիայում, Լեհաստանում, արևելաեվրոպական երկրներում խորհդրային Կարմիր բանակի իրականացրած գործողությունների՝ իբրև ռազմական հանցագործություններ բնորոշվող շատ դրվագներ: Փորձելով ստանձնել ֆաշիզմի, նեոնացիզմի դեմ համաշխարհային պայքարի «ղեկավարի» դերը՝ ներկայիս Ռուսաստանն իրականում փորձում է քաղաքակրթության շղարշ հաղորդել նախկին Խորհրդային Միության ազդեցության ողջ «ավազանի» վրա իր կայսերական հավակնություններին: Հակառակ դեպքում ռասիզմի և ֆաշիզմի դեմ սկզբուքնային պայքար մղող երկիրը պառլամենտում չէր տապալի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, լռելյայն չէր հետևի 2013-15թթ. Իրաքում և Սիրիայում եզդիների զանգվածային ու համակարգված կոտորածներին:

Ահա թե ինչու է Ռուսաստանը, ի դեմս Զախարովայի, իրեն թույլ տալիս նման բիրտ ձևով միջամտելու «ինքնիշխան» Հայաստանի ներքին գործերին: Եվ փոխանակ հենց սրա անթույլատրելիության վրա շեշտադրում անելու, Հայաստանը թե պետական և թե քաղաքական մակարդակով, ինչպես հարիր է իսկական վասալին, լծվել է Ռուսաստանի զայրույթը մեղմելու սրբազան գործին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ասել է, թե իրենք արդեն նյութեր են նախապատրաստել, որպեսզի իրենց ռուս գործընկերներին ծանոթացնեն Նժդեհի կենսագրությանը: Բնավ զարմանալի չէ, որ այդ առաքելությունն ստանձնել է հենց իշխող Հանրապետական կուսակցությունը: Այդ նյութերի տրամադրման իմաստը, ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչներին կամ քաղաքագետներին Նժդեհի կենսագրության կամ նժդեհականության թեմաներով դասախոսություններ կարդալն է, այլ արձանը կանգեցնելու արդարացումներ գտնելը: Խնդիրն այն է, որ Մոսկվայում հիշեցրել են Նժդեհի անվան հետ այս կուսակցության, իրենց մեկնաբանության տեսանկյունից նույնն է, թե ֆաշիզմի հետ ունեցած կապը: Եվ հիմա ՀՀԿ-ն փորձելու է ապացուցել, որ իրենց «նժդեհա-տարոնականությունը» ռուսական իմպերիալիզմին և դրան Հայաստանի հավատարմությանը վնաս չէ: Հարցն այն է՝ Մոսկվան կհավատա՞ այդ «արցունքներին», թե ոչ...          

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի արտգործնախարարությունը պարզապես կաթվածահար է: Հայաստանի ներկա արտգործնախարար Է.Նալբանդյանը կարծես Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter