
Բաշգառնեցի Մարտիրոսի և նրա նմանների շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն
Այս արտահայտությունը հունիսի 12-ին Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի հարկի տակ հնչեցրին այն բոլոր պատմաբանները, որոնք իրենց համար պատիվ համարեցին խոսք ասելու Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոս) «Իմ հիշելի հուշերը» գրքի հրատարակության առիթով:
«Իմ հիշելի հուշերը» հուշապատումը Հայաստանում վերահրատարակվեց ամիսներ առաջ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Պետրոսյանի աշխատասիրությամբ: Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը բացման խոսքում նշեց, որ հուշագրության հրատարակումը տոնում են թանգարանում, քանի որ այն վերաբերում է Հայոց ազգային-ազատագրական պայքարի մի կարեւոր ժամանակաշրջանի` 1904-21 թթ.-ի իրադարձություններին, որի անմիջական մասնակիցն ու առանցքային դեմքերից է եղել խմբապետ Մարտիրոսը:
««Իմ հիշելի հուշերը» կյանքի պատմությունն է մի մարդու, որը պատանի տարիքից անձնուրաց կերպով նետվում է ազգային-ազատագրական պայքարի հորձանուտը՝ դառնալով այդ ազատամարտի ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական դրվագներից շատերի անմիջական մասնակիցն ու ականատեսը, առանձին դեպքերում՝ պատմության հերոսական էջերի հիմնական կերտողներից մեկը»,- նշեց գրքի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ Վարդան Պետրոսյանը:
Պատմաբաններն իրենց խոսքում մանրամասնելով հմուտ հրամանատարի` Գեորգեւյան խաչի չորս շքանշանակիր ասպետի հերոսական կենսագրությունը, ընդգծեցին, որ խորհրդային պատմագիտությունը քողարկել էր նրա ու նրա ժամանակակիցների ունեցած իրական դերակատարությունը Հայաստանի ու հայ ժողովրդի փրկության գործում: Այդ հերոսներին հանրությանը ներկայացնելու եւ նրանց կատարածն արժեւորելու անհրաժեշտություն կա:
«Մեծ հերոս Բաշգառնեցի խմբապետ Մարտիրոսի հուշերն արժեքավոր սկզբնաղբյուր են հանդիսանում 20-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի, Փետրվարյան ժողովրդական մեծ ապստամբության պատմությունն ուսումնասիրելու համար: Բաշգառնեցի Մարտիրոսը մի անհատ է, որ մեծ դերակատարություն ունի հայապահպանության գործում եւ այն կարեւոր դերակատարներից մեկն է, որի գործունեության արդյունքով է նաեւ, որ կա այս փոքրիկ Հայաստանը եւ հայ ժողովուրդը»,- նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
![]() |
![]() |
![]() |
Վարդան Պետրոսյան | Աշոտ Ներսիսյան | Համլետ Գեւորգյանը |
Բանախոսն անդրադառնալով նշանավոր ռազմական գործիչի կյանքին ու գործունեությանը, նշեց, որ նա իր հեղափոխական ճանապարհն սկսեց 20-րդ դարասկզբին` Մոսուն-Զորի արշավանքից, թաթարական կռիվներում իրեն դրսեւորեց որպես հերոս եւ ձախողեց արեւելահայերի նկատմամբ ծրագրված ցեղասպանությունը: Նա այնքան ճանաչված զորապետ էր, որ նրան Դրոյի 2-րդ գումարտակի վաշտերից մեկի հրամանատարությունը վստահվեց:
Պատմաբանն իր երախտագիտությունը հայտնեց Վարդան Պետրոսյանին` այս «հրաշալի» հատորի համար: «Վ. Պետրոսյանի աշխատանքի եւ խմբապետ Մարտիրոսի սերունդների միահամուռ ջանքերի արդյունքում հայ պատմաբաններն ու հայագետներն իրենց ձեռքի տակ ունեն մի աշխատություն, որն այլ վավերագրողների հուշագրությունների հետ միասին կարող է նպաստել փետրվարյան ապստամբության մասին ճիշտ հայեցակետ մշակելուն: Չլիներ Փետրվարյան ապստամբությունը դժվար թե լիներ այսօր հայ ժողովուրդը, եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գործունեության ուսումնասիրությունն այն համոզմանն է բերում, որ հայ ժողովուրդն ինքն է իր հաղթանակները տարել: Ցավոք, ուշացումով է եկել այն գիտակցությանը, որ ոչ ոք իր համար անկախության չի նվաճելու»,- իր ելույթն այս խոսքերով ամփոփեց Աշոտ Ներսիսյանը:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը նշեց, որ հուշագրությունում ներկայացված է հայ ժողովրդի համար պատմական արժեքավոր մի ժամանակաշրջան` սկսած 1904 թ.-ի Մոսուն-Զորի արշավանքից ներառյալ Փետրվարյան ապստամբությունը: Խմբապետի հերոսական մարտական ուղուց նա առանձնացրեց երկու կարեւոր դրվագ. 1918 թ.-ին, Արարարտյան դաշտավայրում, Հայաստանի ունեցած վերջին հողակտորի վրա գոյապայքար էր մղվում, հայ ժողովրդի ճակատագիրը լուծվում էր այստեղ, եւ այդ գործում չափազանց մեծ է Մարտիրոս Աբրահամյանի դերակատարությունը:
«1920 թ.-ին, Դրոյի գլխավորությամբ ճակատամարտ է ընթանում Սուրմալուում: Այստեղ փայլուն ճակատամարտ էր մղում խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը, Կարսի խայտառակ պարտությանը զուգահեռ, նրանք հաղթանակ են տանում Սուրմալուի ճակատամարտում: Մերոնք եթե չկարողանային այստեղ կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը, ապա հաշված րոպեներ անց թուրքերը կհայտնվեին Արարատյան դաշտում եւ Երեւանում»,- շեշտեց պատմաբանը:
Նա ավելացրեց, որ մինչ օրս ծանոթ չէ մեկ այլ աշխատության, որն այդքան մանրամասնորեն ներկայացնի այդ ժամանակաշրջանը: Այս հուշագրության մատուցման լեզուն, ոճը շատ յուրօրիակ է, որի շնորհիվ այն կարելի է ընթերցել որպես գեղարվեստական գրականություն: «Այս գիրքը հուշակոթող է հերոսական գառնեցիների մասին»,- գրքի մասին իր տպավորություններն այս խոսքերով ավարտեց պատմաբանը:
![]() |
![]() |
![]() |
Ամատունի Վիրաբյան | Կարեն Արիստակեսյան | Կարեն Խաչատրյան |
Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատիվ համարեց թանգարանի պատերի ներքո հուշերի հրատարակության կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հնչեցնելը: «Համոզվեցի, որ մենք այսօր ունենք մի գիրք, որը լրացնելու է հայ ժողովրդի պատմության, ազգային ազատագրական շարժման շատ-շատ դրվագներ: Հուշը սյուբեկտիվ կարծիք է վերջին հաշվով, բայց երբ հուշերը միացնում են փաստաթղթերին, դառնում են պատմության սկզբնաղբյուր: Մարտիրոսի եւ նրա նմանների շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն: Նրա ամենամեծ ծառայությունը 1919-20 թթ.-ին էր, երբ կարողացան Հայաստանը հայացնել ժողովրդական ապստամբության շնորհիվ»,- հայտնեց պրն Վիրաբյանը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը վերհիշեց խորհրդային պատմագիտության սեւացնող մոտեցումը այդ ժամանակաշրջանի «մաուզերիստ» ռազմական գործիչների մասին: Հայտնեց, որ դեռեւս ուսանողական տարիներին ընթերցել է այդ հուշերը եւ զարմացել, որ խորհրդային պատմագրությունը «մաուզերիստ» էր անվանում այդքան գիտելիքներ, խորիմաստ վերլուծություններ շարադրելու կարողություն ունեցող մարդուն: «Նրա ձեռագիրն անգամ նրա գրագետության մասին պատկերացում տալիս էր: Խմբապետ Մարտիրոսն այն նվիրյալներից էր, որի շնորհիվ ունենք մի պատմություն, որով կարող ենք հպարտանալ: Նա ամենայն մանրամասնությամբ իր հուշերում ներկայացնում է կարեւոր դրվագներ` պատմագետների վերլուծությանը ներկայացնելու համար: Սա խորը պատմական ուսումնասիրության թեմա է: Մենք խնդիր ունենք մեր հերոսներին ոգեկոչելու եւ չմոռանանք նրանց»,- շեշտեց պատմաբանը:
Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը «Թանգարանի բարեկամ» կրծքանշանով ու հավաստագրով պարգեւատրեց Մարտիրոս Աբրահամյանի թոռնուհուն` իրանահայ Ռուբինա Աբրահամյանին, Մշակութային համագործակցության ոլորտում ունեցած ավանդի համար («Իմ հիշելի հուշերը» երկհատորյակը վերահրատարակվեց նրա մեկենասության շնորհիվ): Նաեւ միջոցառմանը ներկա Առաջին հանրապետության երախտավորներց Դրաստամատ Կանայանի թոռնուհուն` Իրինա Կանայանին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել