
Այգեշատի գյուղապետը «խաբարբզիկ» չէ, իսկ գյուղով անցնող գետն աղբի մեջ կորել է
«Հետքը» Հայաստանում աղբավայրերի մասին հոդվածների շարք է պատրաստում։ Այս անգամ անդրադարձել ենք Արմավիրի մարզին։
Հայաստանում համայնքապետարանների ճնշող մեծամասնությունը, խախտելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը, չեն հրապարակում տարեկան բյուջեն։ Դա է պատճառը, որ ստիպված ենք զանգահարել գյուղապետերին՝ ճշտելու աղբահանությանը հատկացվող գումարի չափը։
Ստորև ներկայացնում ենք Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղի համայնքապետ Ռոբերտ Հովսեփյանի պատասխանը՝ բյուջեին և աղբահանությանը վերաբերող մեր հարցերին․
- Որքան գումար է ձեր համայնքը հատկացնում աղբահանությանը։
- Դա ի՞նչ կարևոր ա, ես հո խաբարբզիկ չեմ, որ խաբար տամ, տաք թերթերին։
- Դա խաբարբզիկություն չէ, Դուք գյուղի գյուղապետն եք։ Այդ գյուղը բյուջե ունի, որը գոյանում է մարդկանց հարկերից։ Մարդիկ կարող են տեղեկանալ, թե իրենց հարկերից գոյացած բյուջեի որքան տոկոսն է հատկացվում աղբահանությանը։
- Ամիսը՝ 120 հազար։
- Իսկ պայմանագի՞ր եք կնքել որևէ անհատ ձեռնարկատիրոջ հետ, թե՞ գյուղապետարանն ինքն է իրականացնում աղբահանությունը։
- Դուք այդ ամեն ինչը չեք կարողանո՞ւմ մարզպետարանից ճշտեք, գյուղապետերի՞ց եք ճշտում։
- Այո, յուրաքանչյուր գյուղի տեղեկատվությունն իր գյուղապետից ենք ճշտում։
- Ես էլ չեմ ասում։ 120 հազար դրամ փող եմ հատկացնում, վերջ։
- Եթե չեք ասում, ուրեմն թափանցիկ չեք աշխատում։ Գյուղի կողքով անցնող գետ կա, ճի՞շտ եմ։
- Այո։
- Այդ գետի մեջ ձեր համագյուղացիներն աղբ են թափել, Դուք տեսե՞լ եք դա։
- Էդ ե՞րբ են թափել։
- Չգիտեմ՝ երբ են թափել, բայց աղբ կա գոյացած․․․
- Աղբը․․․ 15 տարի առաջվա գոյացած աղբ է, հիմա տենց բան չկա։
- Իսկ 15 տարի առաջվա աղբը չե՞ք փորձել գետի միջից հանել։
- Անհնար ա։
- Ինչո՞ւ։
- Անհնար ա գետից աղբ հանել։
- Ինչո՞վ է անհնար։
- Ոչ մի բանով, չզանգեք էլ ինձ։
Այգեշատի համայնքապետը միջնակարգ կրթություն ունի։ Մինչ համայնքի ղեկավար ընտրվելը՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Մամուլում հայտնված մեկ այլ դեպքով՝ Ռոբերտ Հովսեփյանը հայհոյել էր մի խումբ կանանց։
Հ.Գ. Նյութի հետ տեղադրված նախորդ լուսանկարը սխալմունք էր, որի համար ներողություն ենք հայցում ընթերցողից: Լուսանկարը վերցված էր Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից, որտեղ Ռոբերտ Հովսեփյանի տվյալների կողքին տեղադրված է մեկ այլ անձի լուսանկար: Հորդորում ենք Արմավիրի մարզպետարանին ուղղել համայնքապետերի մասին տվյալները:
Լուսանկարը` Սոնա Դավթյանի տեսանյութից
Մեկնաբանել