HY RU EN

Պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրը բաց հանք կշահագործի Ջերմուկի հարևանությամբ

Վայոց ձորի մարզի Արփա-1 ավազակոպճային խառնուրդի հանքավայրում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում:

«Արսքար» ՍՊԸ-ն է պատրաստվում շահագործել հանքը բաց եղանակով: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության միանձնյա բաժնետերը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրն է՝ Անաստաս Արսենյանը:

«Արսքար» ՍՊԸ-ն արդեն իսկ Ջերմուկի բազալտի արդյունահանման լիցենզիա ունի: Եվս մեկի՝ Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի շահագործման պայմանագիրը կնքել է այս տարվա մարտին:

Նշենք, որ Անաստաս Արսենյանի անունը փոխկապակցված է նաև «Գնդեվազի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, Աշոտ Արսենյանի հիմնադրած «Ջերմուկ գրուպ»-ի, «Բարենորոգում» ՍՊԸ-ի, «Արս Անի Գրուպ» ՓԲԸ-ի, «Ջերմուկի Գոհար» ՍՊԸ-ի և այլ ընկերությունների հետ:

Արփա-1 ավազակոպճային խառնուրդի հանքավայրի պաշարները հաստատվել են այս տարվա փետրվարին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:

Հանքավայրը գտնվում է Ջերմուկ քաղաքից 2.5 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի վերին հոսանքում` ողողահունի աջափնյա մասում: Բուն հանքավայրի տարածքը ներառված է Թեքսարի լեռներում, որոնք կազմում են Արփա գետի և նրա աջ վտակ Եղեգիսի ջըրբաժանը:

Օգտակար հաստվածքում ընդգրկված և մաղման միջոցով տարանջատված ու լվացված ավազը, ինչպես նաև կոպիճը և կոպիճից ստացված խիճը լիովին բավարարում են համապատասխանաբար շինաշխատանքների պահանջներին և  կարող են օգտագործվել շինարարության մեջ:

Բնապահպանության նախարարություն է ներկայացվել արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը:

Չնայած նախագծում նշվում է, որ տարածքի բուսականությունը հարուստ է և թվարկված են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ, այդ թվում բեզոարյան այծեր, հայկական վայրի ոչխար, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից՝ կարմրախայտ, կողակ և այլ տեսակներ, այդուհանդերձ, ըստ նախագծի, հանքավայրը շրջակա միջավայրի վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենալու:

Ավելին, Ջերմուկ քաղաքի շրջակայքը ներառված է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ: Սակայն նախագծողները հավաստիացնում են, որ ավազակոպճային խառնուրդի հանքավայրի տարածքը դուրս է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքից, հետևաբար հանքավայրում իրականացվելիք օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները նույնպես վնասաբար չեն անդրադառնա շրջակա միջավայրի վիճակի վրա:

Թե որքանով են իրականությանը համապատասխանում այս հավաստիացումները, պարզ կդառնա հունիսի 24-ին: Այդ օրը Ջերմուկի քաղաքապետարանում նախատեսված է հանրային քննարկում: