
Կապանում գործող 4 հասարակական կազմակերպություն դիմել է Սերժ Սարգսյանին
Կապան քաղաքում գործող 4 հասարակական կազմակերպություն նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը․
«Մեծարգո պարոն նախագահ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մտահոգված ենք Կապան մատակարարվող խմելու ջրի որակի խնդրով: 2012 թ.-ին նույնաբովանդակ նամակով դիմել ենք Ձեզ Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում «Բամօ մետալ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների հարցով, որտեղից և մատակարարվում է Կապան քաղաքի բնակչության խմելու ջրի ավելի քան 90%-ը: 2012 թ.-ին ավարտվեց «Բամօ մետալ» ՍՊ ընկերությանը տրված երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիան, և նույն վայրում աշխատանքները շարունակեց և շարունակում է «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը: «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը իրականացնում է հորատումներ, հողային աշխատանքներ և առաջիկայում նախատեսում է նույն վայրում կազմակերպել նաև հանքարդյունահանում և հանքաքարի վերամշակում:
Աշխատանքները կատարվում են Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքներից բարձր հատվածներում («Գեղի գօլդ» ՍՊ ընկերությանը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 15400 հա), որը բնապահպանական և հանրության առողջության հետ կապված անվերահսկելի ռիսկեր է պարունակում:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ անհապաղ դադարեցնելու աշխատանքները և կասեցնելու ընկերությանը տրված լիցենզիաները»:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան, «Մեղու» ՀԿ նախագահ՝ Վլադիկ Ղուկասյան, «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ Գագիկ Ղահրամանյան, «Տիկնիկ» ՀԿ նախագահ՝ Գրիշա Մարգարյան
15.06.2016թ.
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել