HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալը, ով չի դադարել լինել զինվոր

Սուրեն Սարումյան

Հարավային ուղղությամբ տեղակայված միավորմում մեկնելիս մեր զրույցի հիմնական թեման ապրիլյան մարտերն են: Սպաները համամիտ են՝ հակառակորդի անսպասելի հարձակումը մեր պետության ու բանակի համար բավականին լուրջ փորձություն էր, որը  հաղթահարելու նպատակով անհրաժեշտ եղավ կարճ ժամանակում, կարելի է ասել, հաշված ժամերի ընթացքում ըստ պատերազմական շրջանի պահանջների վերակառուցել պետության կյանքը, համախմբել բոլոր ուժերը և կասեցնել նախահարձակ հակառակորդի գործողությունները: Այդքան կարճ ժամանակահատվածում այդ հսկայածավալ գործը հնարավոր չէր լինի կատարել, եթե բանակը և պետությունը մշտապես չպատրաստվեին պատերազմի: Ադրբեջանական ագրեսիայի առաջին ժամերին, երբ ակնհայտ դարձավ, որ հակառակորդը հերթական դիվերսիան չէ ձեռնարկել, այլ փորձում է լայնածավալ մարտական գործողությունների միջոցով լուծել լուրջ ռազմաքաղաքական խնդիրներ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի որոշմամբ միավորման գործողությունները համակարգելու նպատակով հարավային ուղղություն գործուղվեց ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը:

-Առավոտյան գեներալ-մայոր Մ. Արզումանյանը մեր մոտ էր, ու այդ պահից իրավիճակը կարծես հարյուր ութսուն աստիճանով շրջվել է,- պատմում է միավորման շտաբի պետ, գնդապետ Ժ. Պողոսյանը, -իրադրության ճիշտ գնահատումը, կշռադատված ու համարձակ որոշումները հնարավորություն տվեցին կարճ ժամանակում կանգնեցնել հակառակորդին, կազմակերպել այնպիսի պաշտպանություն, որ  անհնար դառնա նրա  մտահղացման հաջորդ փուլերի իրագործումը և ստեղծեցին նպաստավոր պայմաններ մեր ուժերի հակագրոհի համար:

Միավորման բարձրաստիճան սպաները հակառակորդի աննշան, ընդամենը մի քանի հարյուր մետր խորությամբ առաջխաղացումը բացատրում են հարձակման անսպասելիությամբ: Գնդապետ Ա. Չիլինգարյանը պատմում է, որ իր հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմն ըստ օրվա կարգացուցակի զբաղված էր առօրյա ծառայությամբ, երբ հակառակորդը «Գրադ» կայանքի երեսուն հրթիռ է արձակում զորամասի մշտական տեղակայման վայրի ուղղությամբ:

-Փառք Աստծո, զինվորներիցս որևէ մեկը նույնիսկ աննշան քերծվածք չի ստացել,- ժպտում է  գնդապետը,-հրետակոծությունից հետո ստորաբաժանումներն անմիջապես դուրս բերեցինք զորամասի ՄՏՎ-ից, սկսեցինք գործել ըստ  վերադասի նշած ուղղությունների: Հակառակորդին լավ պատժել ենք: Անչափ կարևոր է, որ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի ռեզերվների առաջխաղացումը մարտական կիրառման շրջաններ: Վրեժխնդիր ենք եղել նաև մեր զորամասի վրա արձակված հրթիռների դիմաց, հակառակորդի ռեակտիվ մարտկոց ենք խոցել:

Հակառակորդի հինգ տանկ ոչնչացրած Մարատ Պետրոսյանը գնդապետ Չիլիինգարյանի զինվորն է,  գնդապետը պատմում է նաև աչքի ընկած մյուս զինծառայողների մասին:

-Պակաս հերոս չէ նաև Մարատի հակատանկային համալիրի օպերատորը՝ նորակոչիկ զինվոր, շարքային Գարիկ Արամյանը, մեկ Տ-72 տանկ է ոչնչացրել սերժանտ Արայիկ Խաչատրյանը:

Հրամանատարը մի պահ լռում է, հետո վստահ եզրակացնում.

-Զորամասն իր խնդիրը կատարել է պատվով, մարդկային կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ չունենք: Ի դեպ, ի տարբերություն հակառակորդի՝ մենք որևէ խաղաղ բնակավայրի վրա կրակ չենք բացել:

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպել փոխգործակցությունը:

-Փոխգործակցությունը կազմակերպված է եղել բարձր մակարդակով: Վերադասը մշտապես հետևել է իրադրության զարգացմանը, ժամանակին ստացել ենք մեր խնդիրները և անհապաղ կատարել դրանք:

Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Առստամյանը առաջնագիծ տանող ճանապարհին ցույց է տալիս Ն զորամասի հրետանային մարտկոցներից մեկի կրակային դիրքը: Դիրքի  շրջակայքում նորաբույս կանաչի վրա սևին են տալիս հակառակորդի արկերի պայթյուններից առաջացած ձագարները:

-Այս մարտկոցի տղաները իսկական հերոսներ են,- ենթակաների մասին գովեստով է խոսում գնդապետը,- դիրքի վրա հակառակորդը շուրջ չորս հարյուր արկ է արձակել, սակայն տղաները, գրագետ գործելու, կրակային դիրքի ինժեներական առումով ճիշտ կահավորած լինելու  հետևանքով ոչ միայն կորուստներ չեն ունեցել, այլև ամբողջ ծավալով կատարել են առաջադրված խնդիրը՝ խոցելով հակառակորդի զգալի ուժեր, այդ թվում նաև տանկային ստորաբաժանում: Ի դեպ, այստեղով անցնելիս գեներալ Արզումանյանի հետ ականատես ենք դարձել  հակառակորդի հրետակոծությանը: Արկերը թափվում էին ճանապարհի չորս կողմը:

Նկատելով  զարմանքս՝ պարզաբանում է.

-Գնում էինք դեպի Լյալա Իլյագի, առանց տեղազննություն աշխատել չէր լինի: Միավորման շտաբում գնդապետ Ներսիսյանի զեկույցը լսելուց հետո գեներալ Արզումանյանը որոշեց աշխատել առաջնագծում: Հրետակոծվող տեղամասը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի ստորաբաժանումներից մեկի հրամանատարական դիտակետը, սակայն դիտարկումն իրականացրեցինք շրջակա բարձունքներից մեկի վրայից: Հակառակորդի տանկային ստորաբաժանումները ելման դիրքեր էին զբաղեցնում, թիկունքից էլ ռեզերվն էր առաջանում: Ակնհայտ էր, որ հակառակորդը պատրաստվում է գրոհի:  Գեներալ Արզումանյանի հրամանով անմիջապես կապվել եմ հրետանային ստորաբաժանումներից մեկի հրամանատարի հետ, խնդիր դրել խոցել գրոհի պատրաստվող հակառակորդին: Տեսնելով, որ նշանափորձման արկերը ճշգրտորեն խոցում են հակառակորդին, հրամայել եմ շարունակել կրակը: Հուժկու համազարկից հետո հակառակորդը խուճապահար նահանջել է: Ընթացքում ղեկավարել եմ կրակը, ներգրավել նոր հրետանային ստորաբաժանումներ: Հակառակորդի ձախողումը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր հետագա գործողություններ համար:

Մարտական գործողություններին մասնակցած սպաները վկայում են, որ, մարտադաշտում նկատելով գեներալ-մայորին,  զինծառայողները ոգևորվել են ու ավելի խիզախորեն կատարել մարտական խնդիրները:

-Կորցրած դիրքերը հետ կգրավեինք, եթե հակառակորդը, տեսնելով իր աննախադեպ արկածախնդրության լիակատար ձախողումը, հրադադար չաղերսեր,-համոզված պնդում են միավորման զինծառայողները,- եթե համադրենք հակառակորդի աննշան առաջխաղացումը նրա ունեցած հսկայական կորուստների հետ, ակնհայտ է, որ թշնամու բարձրագոչ հայտարարությունները սեփական  հաջողության մասին  անհեթեթ են ու նախատեսված են ներքին լսարանի համար:

Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը քառօրյա պատերազմի օրերին մշտապես գտնվել է առաջնագծում, դիրքերից մեկում անձամբ մասնակցել է մարտական գործողություններին, կազմակերպել այդ դիրքի ուղղությամբ գրոհող հակռկորդի հետ մղումը, վիրավորվել ադրբեջանական արկի բեկորներից: Գնդապետը առաջնագծի այդ հատվածում բազմիցս հանդիպել է գեներալ Արզումանյանին, ով իրավիճակը ճիշտ գնահատելու և մարտն արդյունավետորեն ղեկավարելու համար անհրաժեշտ էր համարել անձամբ գտնվել մարտադաշտում:

-Վաղ առավոտյան գեներալ Արզումանյանն արդեն մեր միավորման տեղամասում էր: Հեռակապով ճշտելով իմ գտնվելու վայրը՝ քիչ անց նա միավորման հրետանու պետի ուղեկցությամբ այնտեղ էր՝ առաջնագծում: Երբ մեր հակատանկային միջոցները սկսել են արդյունավետորեն աշխատել, գրոհող հակառակորդի շարքերում շփոթություն, խուճապ է նկատվել: Չմոռանամ նշել, որ հակատանկային համալիրի ավագ օպերատոր Մարատ Պետրոսյանին ,,Ուստա,,, մականունով հենց գեներալ Արզումանյանն է կնքել: Ճիշտ է, այդ ժամանակ Մարատը դեռևս հինգ միավոր զրահատեխնիկա չէր խոցել, ու գեներալի նպատակը մեր կապն ամենայն հավանականությամբ գաղտնալսող հակառակորդին մոլորեցնելն էր, սակայն Մարատը կարողացել է արդարացնել իր մականունը:

Գեներալ Արզումանյանը հակագրոհը կազմակերպում ու ղեկավարում էր հենց առաջին խրամատից, զինվորի ու սպայի հետ նույն շարքում, ինքնաձիգը ձեռքին: Եթե Արզումանյանն այնտեղ չլիներ, դեպքերը այլ զարգացում կարող էին ունենալ: Ինքն էր ոգի հաղորդում զորքին, լարվածությունը թուլացնելու նպատակով ռադիոեթերում անգամ անեկդոտ է պատմել գեներալը: Թուրքերը հավանաբար մի լավ զարմացել են,- ժպտալով շարունակում է գնդապետ Մելքումյանը,- մարտադաշտում կատակն էլ իր տեղն ունի: Երբ հատուկ նշանակության ստորաբաժանման տղաների հետ մարտական դիրքում հետ էինք մղում հակառակորդի հարձակումը, ակամա ,,Երեք հրացանակիրները,, ֆիլմից Լա Ռոշել ամրոցի պաշտպանության դրվագն էի հիշում:

Գնդապետը մի պահ լռում է, հետո բարձրաձայն մտորում.

-Իսկ ի՞նչ է նշանակում, որ դիրքի անձնակազմը մինչ վերջ կռվել է:

Ինքն էլ պատասխանում է սեփական հարցին:

-Նշանակում է, որ տղաների մտքով նույնիսկ չի անցել փախչել: Փախչելը երբեք անհնար չէ:

Գնդապետը համոզված է, որ հակառակորդի նպատակը մեր պաշտպանությունը ճեղքելն ու որքան հնարավոր է առաջանալն է եղել, իսկ նա ծրագրերը տապալվել են միմիայն ՊԲ զինծառայողների հերոսական գործողությունների արդյունքում:

Փոխգնդապետ Մ. Ջհանգիրյանի տանկային զորամասը հակառակորդի հարձակումից կարճ ժամանակ անց լքել է մշտական տեղակայման վայրը և, երթ կատարելով դեպի մարտական գործողությունների շրջան, ընթացքից մտել է մարտի մեջ՝ տանկային հրանոթների դիպուկ կրակով հակառակորդին հասցնելով լուրջ կորուստներ:

-Տվյալ տեղամասում մեր ստորաբաժանումների գործողությունները նախ ղեկավարում էր գնդապետ Մելքումյանը, այնուհետև՝ գեներալ-մայոր Արզումանյանը,-պատմում է փոխգնդապետ Ջհանգիրյանը,- գեներալ Արզումանյանը ղեկավարումն իրականացնում էր ոչ թե հրամանատարական կետից, այլ հենց մեր մարտակարգերում, զենքը ձեռքին, չտարբերվելով սպաներից ու զինվորներից: Առաջինն էր նետվում մարտադաշտ, առաջինն էր մտնում հակառակորդից ազատված խրամատը: Այն փաստը, որ բանակի հրամանատարի տեղակալը մեր կողքին էր՝ մարտադաշտում, անկասկած, էապես ամրապնդում էր թե սպայական կազմի, թե զինվորների ոգին:

Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում գեներալն եղել է մեզ հետ, իսկ զինադադարի վերահաստատումից հետո ղեկավարել ու համակարգել է միավորման հտվածում իրականացվող  հետագա աշխատնքները, - խոսքն ավարտում է փոխգնդապետ Ջհանգիրյանը:

Մարտական գործողությունների ավարտից հետո գեներալ-մայոր Արզումանյանը անձամբ վերահսկել է նաև  միավորման առաջնագծի ինժեներական լրակահավորումը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, որի արդյունում միավորման ստորաբաժանումները ոչ միայն ներկայումս իրենց խնդիրների իրականացնում են առավելագույնս պատսպարված հակառակորդի դիտարկումից ու կրակային ներգործությունից, այլև վստահորեն վերահսկում են իրավիճակը և համապատասխան հրաման ստանալու դեպքում կարող են կատարել ցանկացած բնույթի մարտական խնդիր:

Լուսանկարում՝ աջից՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մ. Արզումանյանը, ձախից՝ գնդապետ Ս․ Առստամյանը

Մեկնաբանություններ (6)

Желета
Прочитав вашу статью, я не нашла ни одну неправду. Да, действительно это было так. Я горжусь нашими солдатами, которые не боясь сражались. Сражались, правильно выполняя приказы командира. Спасибо и нашим командирам А.Чилингаряну, С. Арустамяну и ряду других военнослужащих, которые в нужное время и в нужном месте правильно решили задание, которое им было дано.
Արծրուն Մամիկոնյան
Փառք մեռ տղանեռին, հավերժ փառք նահատակ հեռւնեռին, Փառք Հայոց Բանակին ու մեռ հրաշալի հրամանտառներին, Փառք մեր կամավոր-աշխարհազոռայիններին, որոնց շնորհիվ աշխարհը մեկ անդամ էլ համոզվեց, ոռ քոչվոր-խաշնարածների հետնորդներն ի զորու չեն ընկճել աշխարհի հզորագույն բանակներին ծնկի բերած Հայոց զորական ուժը, մեր ժողովրդի անկոտրում ոգին; Թե չէ՝ միթոմ ալիևը երկու ,,կոնիստր,, բենզին է վաճառել, գնել մի երկու ,,ռոգատկա,, ու մի երկու պարկ էլ ,,լիմոնկա,, ու իրեն Ալեքսանդր Մակեդոնացի է կարծում...բայց ընդամենը ու միայն մի ղաչաղ նաբի է.... Ափսոս այս շների պատճառով մեր թափած ամեն մի կաթիլ սուրբ արյունը.... Հրաշալի մարտական հրամանտարներ ունենք, սկսած սերժանտից մինչև զինվորի հետ ու-ուի կռվող գեներալը., ում առաջնորդում է պարտություն չհանդուրժող հայոց ցեղակրոն ոգին... Ամեն իմչ էլ ավելի հրաշալի կլիներ, եթե չլնեին ցավալի հանգամանքներն ու ցավ պատճառողները...եթե մնացած ամեն ինչն էլ միտված լիներ հրաշալի լինելու Էլ ավելի հրաշալի կլինի, եթե ազերիների այս նոր ,,աքլորացումից,, հետո մեր զինվորի ու ժողովռդի բերանից փախցնրղները վերջապես ռեալ զգան մեր բոլորի ն սպառնացող իրական ու մշտական վտանգի իրողությյունը.... Բոլորը հասկանան, որ բոլորիս հնարավորություններն ու միջոցները պետք է՝ ծառայեն մեր տնտեսության համակողմանի զարգացմաննու մեր պետության հզորացմանը: այն դարձելէ հրատապն ու ամենակենսականը: Հայի ոգին նաև ինքնքմաքրվել գիտի, ու պատժել... Աշխարհը պետք է տեսնի ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ: Ամենաբարեսիրտ օտարերկրացին ցանկության դեպքում անգամ չի կարող մեզնից ավելի շատ հայ լինել.... ....Նման հրապարակումներն անհրաժեշտ են-ժողովուրդը պետք է լավ ճանաչի իր արծիվներին...
ԱՐՏԱԿ
: Էս տողերի համար մի հարց.- Ձեր պատկերացումով է՞ս էր պետության պատրաստվածությունը, ու սենց պիտի պատրաստվեր, հա՞։ 5րդ դարում չենք, բարոյական հաղթանակներով խափեք մարդկանց։ Եթե ունենք տարածքային ու մարդկային կորուստ ուրեմն պարտվել ենք։
Գրիգոր
Խնդրում եմ նաև անրադառնալ Մատաղիսի Հերոս Հրամանատարներին ևս:
Jivan
Հարգելի Արտակ .... քո տողերի համար էլ քեզ մի հարց.- Նախ խաբել բառը հայերենում փ-ով չի գրվում.... և երկրորդ՝ գոնե հասկանում եք արտահայտության իմաստը, որ նման մտքի հեղինակ և պարտված եք ինքներդ ձեզ դարձնում....? Քեզ պարտված երբեք մի զգա ու մի վախեցիր Արտակ.... Պրտվում է նա, ով արդեն պարտված է իրենից, իր վախից, իր բնազդից, իր -ից: Միշտ հիշիր, որ չկա ավելի վատ և ստոր խորհրդական, քան վախը... Հայրենիքը պետք է սիրել, անկախ մեր հայացքներից և համոզմունքներիցԱմենևին էլ չցանկանալով ժամանակս վատնել ձեզ և ձեր նմանների վրա, կցանկանաի նախ գոնե 10-15 րոպե առանձնազրույց ունենալ ձեր հետ... Մեր մեծերը մի լավ խոսք ունեն Արտակ՝ ականջիդ օղ արա- Հայրենիքը պետք է սիրել, անկախ քաղաքական հայացքներից և համոզմունքներից....
Սուրեն
Հարգելի Արտակ,բարոյական կատեգորիաներով հենց Դուք եք դատում։Ռազմական տեսանկյունից պարռության մասին խոսք լինել անգամ չի կարող, իսկ պատերազմում,ցավոք սրտի, կորուստներն անխուսափելի են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter