HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորի գործ. ԿԲ-ի ներկայացուցիչը պնդում է` վարկն օգտագործվել է նպատակային

«Կենտրոնական բանկը, համաձայն անցկացված մոնիթորինգի, եկել է այն եզրակացության, որ տրամադրված վարկը օգտագործվել է նպատակային»,- իր ցուցմունքի մեջ նշեց օֆշորի գործով վկա, Կենտրոնական բանկի աշխատակից  Զ. Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է:

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասությունների դատարանում կայացավ օֆշորի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում վկայությամբ հանդես եկավ ԿԲ-ի ներկայացուցիչը: Վկա Ալեքսանյանը, պատասխանելով նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի հարցադրումներին, ներկայացրեց, որ 2014թ.-ին ԿԲ-ի կողմից իրականացվել է նպատակային ստուգում՝ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված գրության հիման վրա. «Ստուգման արդյունքում կազմվել է  հաշվետվություն, որի նպատակն է եղել պարզել, թե արդյոք «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկը պահպանել է օրենսդրական և ներքին կանոնակարգերը և արդյոք վարկն օգտագործվել է նպատակային»:

Ըստ վկայի` ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելով, ԿԲ-ը  եկել է այն եզրահանգման, որ վարկավորումը իրականացվել է օրենքին համապատասխան. «Վարկի նպատակը, ըստ վարկային պայմանագրի, եղել է շրջանառու միջոցների համալրում, ֆինանսատնտեսական գործունեության իրականացում: ԿԲ-ի կողմից ուսումնասիրվել է բիզնես ծրագիր, որտեղ նշված է, որ վարկը տրամադրվելու է մասնաբաժիններով»,- նշում է վկան:

Տուժողի շահերի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը նշեց, որ, ըստ վարկային պայմանագրի, հատկացվելիք վարկից (12 մլն դոլար ) 9մլն դոլարով պետք է սարքավորումներ ձեռք բերվեին, Փիրուզյանը հարցրեց` իսկ արդյոք ԿԲ-ը պարզել է, թե կատարվե՞լ է այդ պահանջը, թե՞ ոչ:

Վկան պատասխանեց, որ վարկային պայմանագրում վարկի նպատակն ավելի ընդհանուր ձևով է ներկայացվել և ավելացրեց, որ ըստ մոնիթորնգի` նշված է, որ 100.000 ԱՄՆ դոլարի չափով  գնվել է սարքավորում:

«Իսկ որպես վերադաս կազմակերպություն, արդյոք ստուգել եք «Ամերիաբանկի» կողմից  վարկը հատկացնելու ժամանակ  և վարկի մարման ընթացքում վարկառուի կողմից խախտվե՞լ է բանկին տրված պարտավորությունը, լիազորությունը, արդյոք պե՞տք էր շարունակել վարկի տրամադրումը»,- հարցրեց տուժողի ներկայացուցիչը:

Վկան միայն նշեց, որ Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով փաստաթղթերը, եկել է այն եզրակացության, որ տրամադրված վարկը օգտագործվել է նպատակային, քանի որ պահպանել է վարկային պայմանագրում առաջադրված 3 հիմնական նպատակները:

Այս գործով հաջորդ դատական նիստի ընթացքում կշարունակվի վկաների հարցաքննությունը: Նիստը տեղի կունենա հունիսի 23-ին:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter