HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռեցի 40 կանանց ձեռքի աշխատանքները հիացրին ոչ միայն տեղացիներին, այլև հյուրերին

Գայանե Սարգսյան

Մասնագիտությամբ լրագրող Քրիստինեն չի զբաղվում իր մասնագիտությամբ: Ասեղնագործություն, գոբելենագործություն, տիկնիկագործություն, փայտի փորագրություն, նկարչություն… Սա Քրիստինեի նախասիրությունների ոչ ամբողջական ցանկն է:

Աշխատանքների այսպիսի բազմազանությամբ էլ Քրիստինեն երեկ ներկայացել էր լոռեցի կանանց նախաձեռնող խմբի կողմից «Օրրան» ԲՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղում անցկացվող մարզի թվով 40 կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին:

«Դեռ դպրոցական տարիներից ասեղնագործությամբ էի զբաղվում: Հետո, դպրոցն ավարտելուց մտածեցի լրագրութոյւն բաժինն ընտրեմ, հետաքրքիր մասնագիտություն է: Ինստիտուտում սովորելու տարիներին իմ կուրսեցները զբաղվում էին լրագրությամբ, ես նկարչական բաժնի ուսանողների հետ մասնակցում էի ցուցահանդեսների»,- պատմում է Քրիստինեն:

Ավելի ուշ նոր ամուսնացած Քրիստինեին սկեսրայրն առաջարկում է փորագրել իր պատրաստած նարդու տուփի վրա: Փորագրության փորձ չունեցող Քրիստինեն անմիջապես համաձայնվում է:

«Մտածեցի՝ ռիսկը գործի կեսն է, փորձեմ: Փորձեցի ու ստացվեց»,- հիշում է Քրիստինեն:

Այդ օրից հարսի ու սկեսրայրի համատեղ աշխատանքը դառնում է նրանց եկամատի աղբյուրը, և փորագրված նարդին հայտնվում է արտերկիր ուղարկվելիք լավագույն նվերների ցանկում:

Շատերն այսօր էլ կամ չեն հավատում, կամ ակնածանքով են նայում փորագրությամբ զբաղվող 25-ամյա կնոջ գործերին: Երեկ ցուցահանդեսին ներկա օտարեկրացիներից մեկը նույնիսկ առաջարկել է իր աչքի առաջ փորագրել, որպեսզի հավատա, որ հայ կինը կարող է այդ աշխատանքով զբաղվել: «Ափսոս, գործիքներս մոտս չէին, թե չէ կաշխատեի»,- ծիծաղում է Քրիստինեն:

Կարինե Թամրազյանը

 Շուրջ 15 տարի տարբեր կոմպոզիցիաներից կտավներ պատրաստող Կարինե Թամրազյանը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն զբաղվել նաև հուլունքագործությամբ:

«Հուլունքագործությունն ինձ և առողջություն է տալիս, և հաջողություն, ամեն ամեն ինչ»,- ոգևորված ասում է երևանյանյան ցուցահանդեսներին ժողովրդական արվեստի վարպետի կոչման արժանացած Կարիեն` նշելով, որ այդ կոչումը պարտավորեցնում է ավելի լավ գործեր ստեղծել:

Ամիսներ շարունակ հուլունքագործական տարբեր իրեր պատրաստած Կարինեն մինչ այժմ միայն նվիրել է պատրաստածը:

Հիմա, երբ տեսականին բավականին ընդլայնվել է, որոշել է զբաղվել դրանց վաճառքով:

Կ.Պարանյանը ներկայացնում է աշխատանքները

Կարինե Պարանյանը վանաձորցի եզակի կանանցից է, ով զբաղվում է արծաթագործությամբ:

Ոսկերիչ ամուսնուց մասնագիտական նախնական հմտություններ ձեռք բերած կինը 6 տարի է, ինքնուրույն է զբաղվում արծաթագործությամբ:

«Մի տեսակ ընդունված է, որ սա տղամարդու աշխատանք է, բայց կինն ավելի հետաքրքիր է մտածում:

Ամուսնուս հետ հաճախ ենք վիճում դետալների ձևի, տեղադրման հետ կապված, բայց այդ բոլոր վեճերում ես հաղթող եմ դուրս գալիս ու պատրաստում եմ իմ ուզած ձևով»,- ծիծաղում է Կարինեն:

Քանդակագործությամբ զբաղվող Սուսաննա  Օհանյանին Լոռիում ու նրա սահմաններից դուրս շատերն են ճանաչում:

Նրա փայտե քանդակները հիմնականում ազգային մոտիվներով են. ճախարակ, հնոցի, գութան…

Դրանց մեծ չափերի լինելու պատճառով Սուսաննան երեկ ներկայացրել էր չափերով փոքր գործեր՝ Լոռու ու Հայաստանի տարբերանշաններով:

Անահիտ Մելքոնյանի պատրաստած բոլոր իրերը բնական հումքից են. բնական կաշի, բնական քարեր… 

Ափսեների, բաժակների, շշերի ու տարատեսակ տարաների վրա ստացված գեղեցիկ պատկերները գրավում են առաջին հայացքից:

«Դա կոչվում է դեկուպաժ: Այն պատրաստվում է մշակված անձեռոցիկներով, որը հետագայում ներկվում ու լաքապատվում է»,- բացատրում է  Անահիտը:

Անահիտի երկու աղջիկներն ամուսնացել են. ասում է` այս գործը աղջիկների կարոտն է մեղմում ու լցնում հոգու դատարկությունը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն այնքան բազմազան էին, որ այցելուներին ստիպում էին երկար կանգնել տաղավարների առաջ ու հիանալ:

Լոռեցի կանանց ստեղծած տիկնիկագործության, շոկոլադե իրերի, կտավների, ասեղնագործ աշխատանքների, արծաթե զարդերի, հուլունքագործության, շյուղագործության, կավագործության լավագույն նմուշները երեկ գրավեցին ոչ միայն լոռեցի տղամարդկանց, այլև քաղաքի հյուրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter