HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում 100-ից ավելի անօթևան կա, նույնքան էլ Գյումրիում

«Քուր ջան, եթե հասցեն տամ, ծնողներիս խաբար կանե՞ս, կասե՞ս, որ ստեղ եմ,- հարցնում է Անօթևանների ժամանակավոր կացարանում արդեն 5 տարի ապրող Ռուբիկը և ասում իր իմացած հասցեն,- Եղեգնաձորի շրջան, գյուղ Քարագլուխ, համար 66, երկրորդ փողոց, երկրորդ տուն, երկրորդ հարկ, երկրորդ մուտք, բն. 66»:

Ռուբիկը մեծացել է Խարբերդի մանկատանը: Այնուհետև տեղափոխվել է Հաղթանակ գյուղի Անօթևանների ժամանակավոր կացարան: Ռուբիկը կացարանում պատերից բռնելով է քայլում: Կացարանի հարևաններն ասում են, որ նա կույր է, բայց երբ պետք է լինում, տեսնում է:

Ռուբիկը պատմում է, որ իր քարագլուխցի ծնողներին երբևէ չի տեսել: Բայց ասել են, որ հոր անունը Տիգրան է եղել. «Մորս անունը հաստատ չգիտեմ: Ինչքան գիտեմ' Բուրաստան է»:

41-ամյա Դավիթ Ենգիբարյանին Ամանորից առաջ էին տեղափոխել Կացարան: Մասիսի հիվանդանոցում է եղել, ասել են' պետք է տանել «Արմենիա» բժշկական կենտրոն: Բայց «Արմենիա» բժշկական կենտրոնում նրան չեն ընդունել, այդպիսով ուղարկել են Անօթևանների ժամանակավոր կացարան:

«Փողի պատճառով չբուժեցին ոչ մի տեղ, թարախ ա հոսում, պիտի ճղեն, օպերացիա անեն 450 հազար փող ուզեցին»,- ասում է Դավիթը: Նա այժմ գտվնում է տուն-ինտենատի հատուկ խնամքի կարիք ունեցողների մասնաշենքում:

Դավիթը Աշտարակում է ապրել, ամեն ինչ ունեցել է' աշխատանք, ընտանիք, բայց բոլորը կորցրել է: «Մի քիչ իմ անխելքությունից, մի քիչ ընկերներիս, մի սխալ եմ գործել, բայց ես զգացել եմ էդ սխալը»,- ասում է նա: Սխալի մասին խոսել չի ուզում, բայց կացարանի պատասխանատու Հայկ Պողոսյանն ասում է, որ իրենց բժիշկներն անմիջապես հասկացել են, որ Դավիթը թմրանյութ է օգտագործել:

2006թ-ից գործող Անօթևանների ժամանակավոր կացարանը 2 ամսով է ապաստան տալիս անտուն անձանց, 60 անօթևանի տեղ կա այստեղ: Մինչ օրս կացարանն ապաստան է տվել 1260 անօթևանի, որոնցից 22-ն ընտանիք է վերադարձել, 20-ը' աշխատանքի տեղավորվել:

«Անօթևանները շատ վատ վիճակում են հայտնվում մեզ մոտ' սկսած սանիտարական վիճակից վերջացրած փաստաթղթայինով: Անօթևանների կացարանը նրանց սանիտարական վիճակն է կարգի բերում, որից հետո զբաղվում ենք անձնագրային, փաստաթղթային հարցերով»,- ասում է թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն ասում է, որ 2000 թվականից անօթևանների թիվը հանրապետությունում ավելացել է, այդ պատճառով կացարանի կառուցման անհրաժեշտություն էր առաջացել, բայց այժմ արդեն երկրոր կացարանի կարիք կա: Թե քանի անօթևան կա հանրապետությունում կամ Երևանում, նախարարությունը հստակ վիճակագրություն չունի: Անահիտ Գևորգյանը մոտավոր հաշվարկներով Երևանում 100 անօթևանի մասին է ասում:

«Անօթևանները նույն մարդիկ չեն, որ նույն տեղը գիշերում են: Այսօր այս փողոցում են, վաղը' մյուս շենքի մուտքում, և օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ այդպիսի հետազոտություն անցկացնել»,- ասում է Ա. Գևորգյանը:

Նախարարությունը նոր կացարանի ծրագիր է ներկայացրել կառավարությանը, սակայն տնտեսական ճգնաժամի պայմաններում ծրագիրը չի հաստատվել: Մոտավորապես նույն թիվը հաշվարկվում է նաև Գյումրիում, այստեղ ևս կացարանի կառուցման անհրաժեշտություն կա:

Անօթևանների հարցերով Հայաստանում զբաղվել է ոչ պետական դանիական հիմնադրամը, որը 3 տարի փողոցներից հավաքել է նրանց և տեղավորել կացարանում, սոցիալական օգնություն ցուցաբերել: Կազմակերպությունը ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցրել է գործունեությունը:

«Մեզ դիմողների 20-25 տոկոսի հարցը հիմնովին լուծվում է, այլևս նրանք անօթևան չեն և մեզ չեն դիմում, բայց ունենք նաև դիմելու կրկնակիություն' մոտ 50 տոկոս: Այսինքն' նույն մարդը, ում հարցը որևէ կերպ չի լուծվել, 2 ամիս մնալուց հետո դուրս է գալիս և կրկին 1-2 օր հետո դիմում է Անօթևանների կացարան»,- նշում է Անահիտ Գևորգյանը:

Պետական բյուջեից տարեկան 54 մլն դրամ է հատկացնում Անօթևանների ժամանակավոր կացարանի համար, 2500 դրամ յուրաքանչյուր անձի' օրական ծախսերը հոգալու համար: Սննդամթերքի թանկացման հետ կապված այս տարվա բյուջեով նախատեսված է 69 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter