Գյուղնախարարն ընդունել է պտուղբանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը, համաձայն պաշտոնական հաղորդագրության, մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերը և մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրներն են եղել:
«Ընթացիկ գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ կարելի է բարեհաջող համարել: Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, ուստի վերամշակող ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:
Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` Ս. Կարապետյանը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:
Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային և կարևորագույն ճյուղերից մեկն է` նախարարը նաև հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների և վճարումները կատարել առանց ուշացումների:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնչեցրած խնդիրները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել