HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի փողոցները (տեսանյութ)

Ստեփանակերտի բնակիչները շարունակում են բարձրաձայնել քաղաքի ծայրամասերի փողոցների անբարեկարգ վիճակի մասին: Հիշեցնենք, որ որոշ տեղերում այս ճանապարհներն անանցանելի են: Բնակիչները սեփական նախաձեռնությամբ փակում են փոսերը, սակայն ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով անձրևից հետո նույն վիճակն է լինում: Բնակիչներն ասել էին, որ դիմել են քաղաքապետին դեռ մայիսի վերջին:

Երեկ «Հետք»-ին գրել էր Ամիրյան փողոցի բնակչուհի Վարսուհի Շամխալյանը՝ նշելով, որ ամեն օր փողոցում մեքենաներ են արգելափակվում: Այսօր բնակիչներն ուղարկել են տեսանյութ, որը ներկայացնում է նման դեպքերից մեկը: Կից տեքստը ներկայացնում ենք աննշան խմբագրությամբ:

«1,5 ժամ տևած այս մարդու չարչարանքներին միացանք նաև մենք՝ Ամիրյան փողոցի կանայք։ Կանայք, որովհետև տղամարդիկ աշխատանքի էին։ Այս տեսարանը մեր համար արդեն սովորական էր, բայց այս տղամարդը արդեն ուժասպառ էր եղել։

Նա Չանախչի գյուղի բնակիչ է: Չպատկերացնելով, որ քաղաքում կարող են լինել այսպիսի անտանելի ճանապարհներ, եկել և արգելափակման մեջ էր մնացել։ Մի քիչ հանգստանալուց և սուրճ խմելուց հետո պատմեց, որ «իրեն տենց նիհար-նիհար չնայենք», որ ինքը արցախյան պատերազմի մասնակից է, ունի մարտական խաչ աստիճան։ Մի քանի տարի գյուղապետ է եղել։ Վրդովմունքով պատմեց, թե ինչպես են պատերազմել հանուն ապագա սերնդի բարեկեցության, բայց մեր փողոցը տեսնելով՝ ասաց, որ այսպես չի պատկերացրել մեր մանուկների կյանքը խաղաղ պայմաններում։

10 րոպեից մեր զանգով ժամանեց 911-ի բրիգադը։ Բայց հատուկ այդ դեպքերի համար նախատեսված ավտոմեքենան անգամ չկարողացավ մոտենալ մեքենային։ Ինչևէ, միառժամանակ հետո հանեցին ավտոմեքենան և մարդուն ազատեցին այդ անհաջողությունից։ Բայց մենք՝ Ամիրյան փողոցի բնակիչներս, դեռ պիտի մնանք և մտածենք մեր և մեր երեխաների վաղվա մասին, որն այնքան էլ գունեղ չի երևում այս քարերի և փոսերի ֆոնին։

Հույսով ենք, որ ինչ-որ ժամանակ անց մենք կնայենք այս վիդեոն և բարեկարգ թաղամասում կհիշենք այս օրվա անմխիթար վիճակը, քանզի այստեղ են մեծանում մեր հայրենիքի ապագա  25 պաշտպանները, ինչու չէ նաև պաշտոնյանները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter