Սփյուռքի նախարարությունը համակարգիչներ է նվիրել Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնին
ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնյաների պարբերական հանդիպումը վիրահայ սփյուռքի ներկայացուցիչների հետ, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ տեղի ունեցավ թբիլիսահայ համայնքի տանը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:
Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, «ՊՕԱԿՍ»-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը և Սփյուռքի նախարարության ֆինանսական բաժնի պետ Հայկ Հովսեփյանը այցելեցին Թբիլիսիի այս օջախը, և Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանի, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, երկու գործող եկեղեցիների հոգևոր հայրերի և եկեղեցու ծառայողների, համայնքային կազմակերպությունների ղեկավարների, հայ մտավորականության ներկայացուցիչների հետ:
Տարեվերջին սփյուռքահայությանը՝ ՀՀ սփյուռքի նախարարության կատարած գործերի մասին իրազեկելու միտումով գլխավոր խորհրդական Ստեփան Պետրոսյանը հավաքվածներին ներկայացրեց այն ծրագրերի և նախագծերի մասին, որոնց ակտիվ մասնակցել է Վրաստանի հայ համայնքը: Պարոն Պետրոսյանը առանձնահատուկ նշեց, որ այս տարի վիրահայ համայնքի մի քանի արժանավորներ արժանացել են Մովսես Խորենացի և Վիլյամ Սարոյան շքանշանների, մշակույթի, կրթության, սփյուռքի նախարարությունների պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև ընդգծեց վիրահայերի հաջողությունները «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հայ լրագրողների հավաք» միջոցառումներին: Նա հանդիսավորությամբ Թբիլիսիի «Անի» համույթի պարուսույց Անգելինա Նազարյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը:
Վիրահայ համայնքին շնորհավորելով «Հայարտուն» մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ` խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշեց, որ ինքը դատարկաձեռն չի եկել և «Հայարտանը» նվեր է բերել համակարգիչներ, որոնք, անշուշտ, կծառայեն հայաբնակ այս քաղաքում ազգապահպանության գործին:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին հավաքվածների հարցերին, որոնք վերաբերում էին Վրաստանի կողմից Ցեղասպանության ճանաչման, Թբիլիսիում հայկական դպրոցների լուծարման խնդիրներին, հայերեն հաղորդաժամի վերսկսմանը, Թբիլիսիի մանկավարժական համալսարանում հայ-վրացերեն լեզուներով մասնաճյուղի վերաբացմանը միջպետական մակարդակով օժանդակելու հարցերին:
Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, երախտիքի խոսք ուղղելով սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին այցելության, հետաքրքիր հանդիպման և նվերների համար, դիմեց նրանց Վրաստանի դպրոցներում, ի մասնավորի հայ աշակերտության մեծաքանակության, շաբաթական մեկ անգամ հայերենի ժամեր մտցնելու առաջարկությամբ, ինչպես նաև հավելեց, որ ոչ հեռու ապագայում Վրաստանում ՀՀ դեսպանությունում կլինի Համայնքային աշխատանքների գծով համակարգող-կցորդի հաստիքային աշխատող:
Նոյեմբերի 18-ին ՀՀ նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունենալու Վրաստանի հայ երիտասարդական կազմակերպությունների և հայ ուսանողության հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել