
Հրանուշ Խառատյան․ «Պատրաստվե՞նք 1936-37-ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը»
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը.
«1936-ի մայիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, ՀՀ ՆԳԺԿ-ն, Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ, ձերբակալեց Ներսիկ Ստեփանյանին: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936-ին շատերը գիտեին նրան: Ներսիկի ջանքերով էր, որ Մոսկվայում գտնվող Հայկական մշակույթի տունը (Լազարևյան ինստիտուտի շենքը, ներկայիս Հայաստանի դեսպանատունը ՌԴ-ում) Բերիան չկարողացավ խլել Հայաստանից: Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ դեռևս փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի հրատարակությանը և այլն: Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բյուջեյի անհամամասն բաշխման խնդիրները և ապացուցում էին, որ նա տեղյակ է, թե ինչպես է ընդհանուր բյուջեն յուրացվում Վրաստանում: Ներսիկ Ստեփանյանը Բաղիրովի և Բերիայի «անձնական թշնամին էր»:
Ներսիկի ձերբակալությունից մեկուկես ամիս անց՝ հուլիսի 9-ին, Բերիան Թիֆլիսի իր առանձնասենյակում սպանեց ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: Խանջյանի թաղման օրվա կուսակցական ակտիվի ժողովում նրան մեղադրեցին «տնտեսական նացիոնալիզմում», քանի որ Խանջյանը նախաձեռնել էր, օրինակ՝ «ժողտան» կառուցումը Երևանում կամ Երևան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախվածությունից: Օգոստոսին սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խոսափող «Պրավդա»-ում հոդված տպագրեց Ներսիկ Ստեփանյանի կողմից Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության և «հայ ժողովրդի թշնամիների մասին»:
Ձերբակալվածներից շատերը, ինչպես Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը և շատ ուրիշներ «խոստովանեցին», որ Ներսիկ Ստեփանյանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպություն, և իրենց մոլորության մեջ գցելով՝ ներգրավել այդ կազմակերպության մեջ: Երկար դիմադրելուց հետո «խոստովանեց» նաև Ներսիկ Ստեփանյանը: Շատերը գնդակահարվեցին: Ներսիկ Ստեփանյանի գնդակահարությանը հաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարությունները:
Ի դեպ, ձերբակալվեցին և գնդակահարվեցին նաև Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության հրամանը ստորագրած Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանը, ինքը՝ Մուղդուսին, նաև Խանջյանին փոխարինած, նույնպես Բերիայի դրածո Ամատունին, բոլորն էլ նույն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության անդամակցության մեղադրանքներով: Ձերբակալվեցին և գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաև շարքային կամավորները, Ցեղասպանությունից փրկված բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը և Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատվելու մասին և հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել «հարազատ պարտիայից» և անձամբ «բոլոր ժամանակների հանճարեղ հայր Ստալինից»: Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿ-ն այդպես էլ որևէ առարկայական ապացույց չգտավ «Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության» մասին:
Այսօր՝ հունիսի 20-ին ձերբակալվելէ Ժիրայր Սեֆիլյանը: Հանրության կարծիքով՝ որովհետև փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլյան պատերազմի վարագույրը: Քննչկան կոմիտեի հայտարարությամբ՝ տեռորիզմի մտադրություններով ցանց ստեղծելու և զենք ու զինամթերք կուտակելու մեղադրանքով: «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը.......»:
Ապացույցը՝ ճանապարհային ոստիկանության կողմից անհայտ մեքենայում հայտնաբերված երկու ինքնաձիգ և «բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ»: Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ապացույցներ են ուզում, այն ապացույցները, որոնք հանրության մոտ չեն, իշխանությունների մոտ են: Առանց ապացույցների «խոստովանական ցուցմունքները» միայն քաղաքական հետապնդումների դեպքում են լինում:
«Խոստովանական ցուցմունքների» ձեռք բերման պրակտիկան, դրանց վրա կառուցված արդարադատության համը և հետևանքները հայտնի են, և դրանք լուրջ սպառնալիք են հասարակության համար: Պատրաստվե՞նք 1936-37ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք...»»:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել