HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քաղաքական շահերի ընտրական կոնսենսուսը

Իշխանությունները հունիսի 16-ին խորհրդարանական ուժերի միջև «Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» համատեղ հայտարարության ստորագրումը մատուցում են որպես Ընտրական օրենսգրքի (ԸՕ) շուրջ այդքան սպասված կոնսենսուսի ձեռքբերում և ներխորհրդարանական համագործակցության աննախադեպ արդյունք: Բայց այդպես է, արդյոք, իրականում:  

Հայտարարությամբ Աժ 5 խմբակցությունները նշում են, որ համաձայնության են եկել Ընտրական նոր ընդունված օրենսգիրքը նորից ենթարկել փոփոխության, որպեսզի դրանում ներառնվեն նախկինում «4+4+4» եռակողմ ձևաչափով ընթացող բանացկություններում տարաձայնությունների տեղիք տված դրույթների շուրջ նոր համաձայնությունները:

Հիշեցնենք, որ այդ բանակցություններում քննարկվում էին մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից ներկայաված այն 5 սկզբունքային առաջարկությունները, որոնք ԸՕ-ում ընդունումից էր կախված համարվում դրա շուրջ հասարակական-քաղաքական կոմպրոմիսի կամ կոնսենսուսի ձեռքբերումը, դրանով իսկ՝ ապագա ընտրությունների լեգիտիմությունը: Եվ ահա «4+4+4» ֆորմատի շրջանակներում վերսկսված բանակցությունների արդյունքում, իշխանությունը համաձայնել է, նոր նմուշի նույնականացման քարտերով ընտրողների մատնահետքերի նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ ներդնելուն: Բացի դրանից՝ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ համատեղ հանձնաժողով, որը պետք է մոնիթորինգի ենթարկի նույնականացման քարտերով ընտրելու համար քաղաքացիների գրանցման գործընթացը, կազմակերպի ընտրություններին մասնակցության փոփոխությունների հետ կապված հանրային իրազեկման աշխատանքները, ընտրատեղամասերում ընտրական գործընթացի նկարահանումը և ուղիղ հեռարձակումը: Ամենակարևոր ձեռքբերումը համարվում է էլեկտրոնային գրանցման սարքավորման միջոցով քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ, ընտրացուցակներում ընտրողների հերթական համարներով, վստահված անձանց տեղեկանք տրամադրելու պարտավորության սահմանումը: Դրանով փորձ է արվում ապահովել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հասանելիությունը:

Ոչ իշխանական ուժերին հաջողվել է հայտարարության մեջ ամրագրել, որ համաձայնությունները միասնական օրգանիզմ են: Այսինքն՝ եթե փոխհամաձայնեցված կետերից որևէ մեկը չներառվի ընտրական օրենսգրքում կամ դրանցից բխող միջոցառումներից որևէ մեկը չիրականացվի, ապա համարվելու է, որ կոնսենսուս չկա, որ հայտարարությունը կորցնում է իր քաղաքական ուժը: Ակնհայտ է՝ որ դրանով մի կողմից ընդդիմադիր համարվող ուժերը փորձել են իշխանության կողմից այդ միջոցառումները չիրականացնելու պատասխանատվությունից ապահովագրել իրենց, իսկ մյուս կողմից՝ ստանձնած հանձնառություններից հրաժարվելու հարցում կաշկանդել իշխանությանը:

Թվում է, թե սա ընդդիմությանը մարտավարական հաղթանակն է: Իրականում, սակայն, որևէ իրական կոնսենսուս չի կայացել և հայտարարությունը մազաչափ չի մեծացրել նոր ընդունված ԸՕ-ի նկատմամբ հանրային վստահությունը:

Նախ՝ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ մաքուր համամասնական ընտրակարգ կիրառելու հարցում, այսինքն՝ բացառել վարկանշային կամ տարածքային ցուցակների կիրառումը: Այս պահանջը ՀԿ-ների ներկայացրած 5 հիմնական առաջարկություններից մեկն էր և պայմանավորված էր նրանով, որ վարկանշային, տարածքային ցուցակների կիառումը փաստացի  մեծամասնական ընտրակարգի մոդիֆիկացված, թաքնված տարբերակն է, որով փորձ է արվում զգալիորեն հեշտացնել խորհդրարանական կառավարման և այսպես կոչված համամասնական ընտրակարգի պայմաններում իշխանության վերարտադրումը: Այն փաստը, որ նման երկարատև բանակցությունների արդյունքում իշխանությունն ամեն դեպքում չգնաց այդ մեխանիզմից հրաժարվելուն, պարզորոշ ցույց է տալիս, թե որքան կենսական է համարում դրա պահպանումն իր համար: Մինչդեռ բանակցությունների ողջ իմաստն այն էր, որ նոր ընտրական համակարգը բացառի իշխանության արհեստականորեն վերարտադրման, նրան անգամ տեսականորեն մեկնարկային առավելություններ տվող որևէ կառուցակարգ: Քանի դեռ մնում են դրանց հետ կապված ակնհայտ կասկածներ, արժեքավոր կոնսենսուսի մասին ուղղակի չի կարելի խոսել:

Բացի դրանից՝ հենց հայտարարության մեջ նշվում է, որ փոխհամաձայնությունը ձեռք է բերվել ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ, այլ միայն այն մեխանզիմների, որոնք պետք է ապահովեն ընտական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը: «Համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: Սա էական է այն առումով, որ «Վենետիկի հանձնաժողովի» և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից դրվում էր հստակ պահանջ՝ հենց ԸՕ-ի և դրանով գծագրվող նոր ընտրական համակարգի շուրջ հանրային-քաղաքական կոսնենսուս ձևավորելու շուրջ, ինչը, փաստացի չի կատարվել:

Կոնսենսուսի իմաստն առհասարակ այն է, որ վերջնական որոշումները կայացվեն այդ գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների համաձայնությամբ: Անգամ դրանցից մեկի անհամաձայնության պարագայում կոնսենսուս լինել ուղղակի չի կարող: «4+4+4» ձևաչափում ի սկզբանե բացի խորհդրարանական քաղաքական ուժերից, որպես երրորդ լիիրավ կողմ, մասնակցում էր քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս 5 առաջարկությունների հեղինակ ՀԿ-ների կողմից ընտրված բանագնացների: Բայց վերջիններս հրաժարվել են միանալ հունիսի 16-ին ստորագրված հայտարարությանը՝ հենց այն նկատառումով, որ բոլոր կետերի շուրջ չէ, որ համաձայնությունը ձեռք է բերվում: Անկախ պատճառներից՝ երրորդ կողմի անհամաձայնությունն արդեն իսկ ոչ միայն բացառում է կոնսենսուսը, այլև փաստարկում, որ հասարակական դաշտը հակադրվում է քաղաքական համաձայնություններին:

Որևէ երաշխիք չկա, որ անգամ ձեռք բերված համաձայնությունները կյանքի կկոչվեն: Խնդիրն այն է, որ դրանք ձեռք են բերվել մի շատ էական վերապահումով. նոր մեխանիզմները կյանքի կկոչվեն միայն այն դեպքում, երբ միջազգային դոնոր կազմակերպությունները, մասնավորապես՝ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, կհամաձայնեն ստանձնել անհրաժեշտ ֆինանսավորման ապահովումը: Սա գուցե խնդիր չառաջացներ, եթե կոնսենսուսը լիներ լիարժեք, այսինքն՝ դրան մաս կազմեր նաև քաղաքացիական հասարակությունը: Թե՛ ԵՄ-ն, թե՛ ԵԱՀԿ-ն հենց այդպիսի կոնսենսուս էին ակնկալում: Հիմա ողջ հարցն այն է՝ ինչի՞ վրա են վերջիններս կատարելու շեշտադրում. նրա, որ խորհդրարանական քաղաքական ուժերը համատեղ հայտարարությո՞ւն են արել, թե՞ նրա, որ այդ համաձայնությունները չեն վայելում քաղաքացիական հասարակության ակտիվ մասի վստահությունը: Գնդակն, ամեն դեպքում, նրանց դաշտում է:

Այս իրողությունները վկայում են, սա կարելի է համարել՝ կոնսենսուս փողի դիմաց, քանի որ ակնհայտ է, որ առանց ֆինանսավորման այն որևէ արժեք չունի: Հետևաբար, սա ոչ թե կոնսենսուս է, այլ կոնսենսուսի իմիտացիա, որի խաղարկմանը լծվել են խորհրդարանական բոլոր ուժերը: Հարցն այն է՝ ինչո՞ւ:

Ուշագրավ է այն փաստը, որ «4+4+4» ձևաչափով բանակցությունները վերսկսվեցին և համատեղ հայտարարությունն ընդունվեց Ստրասբուրգում կայացած «Վենետիկի հանձնաժողովի»  107-րդ լիագումար նիստից հետո, որտեղ քննարկվել և հաստատվել է  առաջին  ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի նախնական կարծիքը: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է առաջիկայում հանդես գան օրենսգրքի վերաբերյալ վերջնական եզրակացությամբ: Չի կարելի բացառել, որ խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների վերսկսումը պայմանավորված է եղել հենց այս հանգամանքով: ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի բացակայությունը կարող էր ազդել այդ եզրակացության վրա և կասկածի տակ առնել ԸՕ-ի և ապագա ընտրությունների լեգիտիմությունը: Հայաստանի իշխանությունները, թերևս, ստիպված են եղել նորից սկսել բանակցությունները և գնալ որոշակի զիջումների: Իսկ իշխանության զիջումների «սրտաբացության» հիմնական պատճառն այն է, որ նա բոլորից լավ է հասկանում՝ ընտրությունների արդյունքների որոշումը տեղի է ունենում ոչ այնքան ընտրատեղամասում՝ քվեարկության կամ ձայների հաշվարկի ժամանակ, որքան դրան նախորդող շրջանում՝ ընտրատեղամասից դուրս, որի հետ այս համաձայնությունները ոչ մի կապ չունեն, ինչպես կապ չունեն օլիգարխիայի ռեսուսրների շահագործման հետ, ինչի պատճառով էլ ամեն գնով պահպանեց թաքնված մեծամասնական ընտրակարգը:

Եթե նշված կետերում իշխանության մոտիվացիան հասկանալի է, ապա առաջին հայացքից նքան էլ պարզ չի թվում՝ ի՞նչը դրդեց խորհդրարանական ոչ իշխանական ուժերին՝ գնալու իշխանության հետ համաձայնությունների, մանավանդ, երբ հրաշալի գիտեին, որ դրանով վերջինիս տալիս են ստորագրված հայտարարությունը որպես կայացած կոնսենսուսի վկայություն ներկայացնելու իրավունք: Չի բացառվում, որ առաջնորդող հիմնական գործոնը եղել է, այսպես կոչված, «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքը: Այսինքն՝ քանի իշխանությունը համաձայնում է գնալ որոշակի զիջումների, ապա չպետք է դրան խոչընդոտել: Սակայն չի բացառվում նաև, որ նրանցից ոմանց պարագայում, մասնավորապես ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, պարզապես աշխատում է առևտրականի հոգեբանությունը: Դեռ ապրիլյան պատերազմի շրջանում, հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կայացած հանդիպման ֆոնին, ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև լուռ գործակցության կայծ բռնկվեց, որից հետո ՀԱԿ-ը միանգամից սկսեց առանձնանալ իշխանության հանդեպ աննախադեպ լոյալությամբ: Թվում է, թե ՀԱԿ-ը պարզապես փորձում է ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ջրաղացին ջուր լցնելու իր ծառայությունը «վաճառել» բավականին թանկ գնով՝ ապագա խորհրդարանում իր տեղն ապահովագրելու եշախիքն ստանալով: Եթե իսկապես այդպես է, ապա ՀԱԿ-ը լուրջ մրցակցության մեջ է մտնում ներկայիս ԲՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա վերջինիս համար հայտարարության մաս կազմելը ձեռնտու է անգամ քաղաքական լուսանցքում չհայտնվելու համար: Այնպես որ՝ բոլորի շահերն էլ կարծես տեսանելի և շոշափելի են: Եվ հենց այդ շահերի  միջև է, որ հասարակությունից հեռու, տեղի է ունենում իրական կոնսենսուսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter