
Շրջադարձ Սանկտ-Պետերբուրգում կամ Սարգսյան-Ալիև «փոխըմբռնումը»
Սանկտ-Պետերբուրգում կայցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը դրական են գնահատել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե այդ հանդիպումն օգտակար էր, իսկ Ադրբեջանի նրա պաշտոնակից Էլմար Մամեդյարովն ասել է, թե այն կառուցողական էր և իրենք հույս ունեն, որ հանդիպումը թափ կհաղորդի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Ո՞րն է, սակայն, այս լավատեսության հիմքը, հատկապես հայկական կողմի համար: Հանդիպումից հետո նախագահաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի յուրաքանչյուր նախադասություն իրականում ավել շատ մտահոգության, նոր հարցադրումների տեղիք է տալիս, քան լավատեսության:
Վիեննայի պայմանավորվածությունների «սրբագրումը»
Հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:
Չնայած պնդմանը, թե կողմերը վերահաստատել են Վիեննայի պայմանավորվածությունները, հայտարարության մեջ խոսվում է ընդամենը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ենրկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի ընդլայնման մասին: Մինչդեռ դա Վիեննայի պայմանավորվածությունների միայն մի մասն է, իսկ առաջնահերթորեն խոսքը գնում էր շփման գծում միջադեպերի արձանագրման և հետաքննության մեխանզիմների, տեխնիկական միջոցների ներդրմանը: Սանկտպետերբուրգյան հայտարարության մեջ այս կապակցությամբ ոչ մի բառ չկա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Նախ՝ ակնհայտ է, որ հնարավոր չէ Կասպրչիկի գրասենյակն ընդլայնել այնքան, որ վերջինս կարողանա ամենժամյա ռեժիմով վերահսկողություն իրականացնել սահմանի ամբողջ երկայնքով: Այդ խնդիրը պետք է լուծեին այն տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին՝ ըստ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների: Մյուս կողմից՝ ինչպիսի պրոֆեսիոնալ դիտարկումներ էլ արվեն, դիտորդները երբեք չեն կարող հասցեական եզրակացություններ տալ, թե կոնկրետ որ իրավիճակում կողմերիից որը է պատասխանատու իրավիճակի հնարավոր լարման, փոխհրաձգության սկսման համար: Նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և անձամբ Կասպրչիկը, ի պատասխան այն քննադատությունների, թե ինչո՞ւ հասցեական գնահատականներ չեն տրվում կողմերի գործողություններին, արդարանում էին, որ իրենք նման մանդատ չունեն: Վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է մի քանի դեպք, երբ հենց դիտորդների կողմից սահմանի այս կամ այն հատվածում մոնիթորինգի իրականացման պահին կրակոցներ են արձանագրվել: Եվ դիտորդները հրաժարվել են պատասխանել, թե կողմերից որն էր դրա պատախանատուն: Այսինքն եթե հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման խնդիրը պայմանավորվում է միայն Կասպրչիկի գրասենյակի ընդլայնմամբ, ապա սա առնվազն նշանակում է մինչապրիլյան իրողությունների պահպանում, որն այլ բան չէ, քան կրկին ազատել Ադրբեջանի ձեռքերը ցանկացած պահի նոր ռազմական սադրանքների դիմելու, ընդհուպ պատերազմ սանձազերծելու համար:
Մյուս կողմից ակնհայտ է, որ վիեննական պայմանավորվածությունները խարսխված էին Երևանի առաջ քաշած նախապայմանների վրա, որոնցից մեկը միջադեպերի արձանագրման մեխանիզմների ներդրումն էր: Եթե Սանկտ-Պետերբուրգում Երևանը ոչինչ չի արել, որպեսզի համատեղ հայտարարության մեջ նաև դրա հետ կապված արձանագրում արվի, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ Երևանը, ինքնուրույն կամ հարկադրաբար, գնացել է որոշակի զիջման՝ նպաստելով վիեննական պայմանավորվածությունների խմբագրմանը: Դրա հետևանքը կարող է լինել այն, որ միջադեպերի արձանագրման մեխանիզմների ներդրման պահանջը, հենց սանկտպետերբուրգյան հայտարարության հիման վրա, ուղղակի «կչեզոքացվի»՝ Երևանին զրկելով հետագայում դրանց ներդրման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ Մոսկվան և Բաքուն կարողացան էականորեն սրբագրել Վիեննայի՝ իրենց համար աննպաստ արդյունքները: Իսկ որ իր բոլոր թերություններով հանդերձ՝ Վիեննայի հանդիպումը Ադրբեջանին իսկապես դրել էր փակուղում և անցած ողջ ամսվա ընթացքում վերջինս համառ ջանքեր է գործադրել դրանից ազատագրվելու համար, հաստատել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում խոչընդոտել էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական»,-սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասել է նա:
Ալիև-Սարգսյանի հետապրիլյան հանկարծակի «փոխըմբռնումը»
Եվ չնայած այս ամենին՝ Երևանը համաձայնել է Ադրբեջանի կողմից անարգել պատերազմ սկսելու սպառնալիքների ներքո մտնել ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների մեջ: Ադրբեջանը հենց սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին Հայաստանի և Արցախի հետ սամանին Երևանի լուռ հայացքի ներքո, հանդուրժողականության պայմաններում, լայնածավալ զորավարժություններ սկսեց, որով հասկանալի դարձրեց ոչ միայն վիեննական սեղմօղակի թուլացման իրողությունը, այլև կրկին «ուժի» ցուցադրման տակտիկային վերադառնալու իր հակումը: Սա նշանակում է, որ ԼՂ հարցում հայաստանյան դիվանագիտության վրա ապրիլյան պատերազմը և դրա հետևանքները որևէ ազդեցություն չեն թողել: Երևանը փաստորեն, հրաժարվում է այդ պատերազմով պայմանավորված իր կողմից առաջադրված հիմնական պահանջներից կամ նախապայմաններից և ինչպես ընդունված համատեղ հայտարարությունն է փաստում, ոչ միայն սկսում է բովանդակային քննարկումները բուն կարգավորման շրջանակում, այլև Ադրբեջանի հետ «մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման է հասել, «որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»:
Թե՞ ինչ հարցերում Սերժ Սարգսյանը կարող էր Ալիևի հետ փոխըմբռնման հասել ապրիլյան պատերազմից ընդամենը մեկուկես ամիս անց, առանց իր պայմանները գոնե մասնակիորեն կատարված լինելու, անհասկանալի է: ՌԴ երկրորդ քաղաքում, եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում Ալիևը հայտարարել էր, թե հակամարտությունը շատ է ձգձգվել և ստատուս քվոն պետք է փոխվի՝ Ադրբեջանի տարածքների «օկուպացիան» վերացնելու միջոցով: Իսկ նախքան Սանկտ-Պետերբուրգ մեկնելը նա Բաքվում հայտարարել էր, թե եթե ոմանք կարծում են, որ Ադրբեջանը մտնելու է ինքնանպատակ բանակցությունների մեջ, սխալվում են: Այլ կերպ ասած՝ հանդիպումից առաջ պաշտոնական Բաքուն շատ պարզ հասկացնել է տվել, որ իր նախնական կոշտ դիրքերից մեկ կիսաքայլ անգամ ետ չի նահանջել և ինչպես նախկինում էր պահանջում հայկական կողմի կատարյալ կապիտուլյացիան և ԼՂ-ի ամբողջական հանձնում իրենց, այնպես էլ՝ հիմա: Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող էր կայանալ Սարգսյան-Ալիևը փոխըմբռնումը: Առանց որևէ իրական երաշխիքի՝ պատերազմ չսկսելու Ալիևի տված և Պուտինի երաշխավորած խոստումների՞, Վիեննայի արդյունքները սրբագրելու՞, թե՞ այն տարածքային զիջումների, որոնց մասին խոսք է գնում այսպես կոչված մադրիդյան սկզբունքների «կազանյան» տարբերակի մեջ, որի դիմաց ընդամենը պետք է ԼՂ-ի հետագա կարգավիճակի որոշման հարցը դարձվի քննարկման առարկա:
Ադրբեջանական ճեղքո՞ւմ
Ամեն դպքում, երկու հանգամանք վկայում է, որ սանկտպետերբուրգայն հանդիպման արդյունքները բխում են առավելապես Ադրբեջանի, քան Հայաստանի և Արցախի շահերից: Առաջինը հանդիպման եզրափակումն էր համատեղ հայտարարության ընդունմամբ: Դժվար է 2011թ. հետո հիշել որևէ դեպք, երբ ԼՂ հարցով որևէ մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում Երևանը և Բաքուն որևէ հայտարարություն ստորագրած լինեն: Գրեթե բոլոր դեպքերում փաստաթղթի ընդունումը վիժեցրել է Բաքուն: Նույնը տեղի ուենցավ նաև Վիեննայում մայիսին կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հետագայում Էդվարդ Նալբանդյանն էր պարզաբանել, Ալիևն ուղղակի հրաժարվել է ստորագրել համանախագահների ներկայացրած տեքստի տակ, թեև դրանում նշվում էր, որ բոլոր կողմերն են համաձայն բովանդակությանը: Եվ ահա այս ֆոնին հանկարծ Իլհամ Ալիևը ստորագրում է սանկտպետերբուրգյան հայտարարությունը: Երկրորդ՝ եթե հիմք ընդունենք Ալիևի այն հայտարարությունը, թե իրենք ինքնանպատակ բանակցությունների չեն մասնակցելու, ապա խիստ ուշագրավ է դառնում հայտարարության մեջ արված այն արձանագրումը, որ կողմերը համաձայնել են շարունակել կանոնավոր հանդիպումները, ընդ որում՝ հենց եռակողմ, այսինքն Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Ակնհայտ է, որ եթե հանդիպման արդյունքները չբավարարեին Ալիևին, այս ձևակերպումը դժվար թե տեղ գտներ հայտարարության տեքստում:
Հետաքրքրական է նաև հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, որ կանոնավոր հանդիպումները կայանալու են «ի հավելումն» ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդական գործունեության: Դժվար է հասկանալ՝ դրանով կողմերը փաստում են, որ բանացկային գործընթացը մնում է ՄԽ եռանախագահության ձևաչափու՞մ, թե՞ դրանից դուրս է լինելու և եռանախագահներն ընդամենը կցվելու են Մոսկվայի այս նախաձեռնությանը: Հայկական կողմի շահերից բխում է բացառապես մեկ տարբերակ. որ այս գործըթնացից ՄԽ եռանախագահությունը չօտարվի, որովհետև միայն այդ ձևաչափի շրջանակներում կարելի է հուսալ, որ անկախ ներկայումս ընթացող գործըթնացներից ու քաղաքական-դիվանագիտական մանևրներից, Մոսկվան հայկական կողմին միակողմանի լուծումներ չի պարտադրի: Մյուս կողմից, իհարկե, եռանախագահությունը ոչինչ անել չի կարող, եթե Երևանն ինքն առաջնորդվի ինքնահանձնման տրամաբանությամբ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել