HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Գավառի տասնյակ բնակիչներ խաբեության զոհ են դարձել և կարող են զրկվել բնակարաններից

Գեղարքունիքի մարզի տասնյակ բնակիչներ հայտնվել են դատարանում՝ միլիոնավոր դրամների հասնող վարկերի գումարը չմարելու մեղադրանքով: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը յուրաքանչյուրից պահանջում է մոտ 3 մլն դրամ՝ 2014թ-ին վերցրած և չմարած վարկերի համար: Մինչդեռ բնակիչները պնդում են, որ իրենք խաբեության զոհ են դարձել, և գումարները իրենց փոխարեն վերցրել են Գավառ քաղաքի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը:

Արտուշ Մաթևոսյանը 2014թ-ին եղել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Գավառի պահպանության բաժանմունքի աշխատակից: Սոս Սաֆարյանը նրա փեսան է, և նախկինում աշխատել է Գավառի բանկերից մեկում:

«Հետք»-ի հետ զրուցած քաղաքացիները ասում են, որ Արտուշը կամ Սոսը իրենց են դիմել՝ խնդրելով իրենց անունով գրավի պայմանագրեր կնքել։ Նրանք բանկին են ներկայացրել ոսկու ձուլակտորներ, որի դիմաց, ինչպես հավատացրել են քաղաքացիներին, «մի քիչ գումար» են վերցնում, որը կվճարեն մի քանի ամիսների ընթացքում։ Եթե նույնիսկ չկարողանան գումարը մարել, շարունակել են, իրենց ոսկին կմնա բանկին, իսկ քաղաքացիները ոչինչ չեն կորցնի։ Ամիսներ անց, երբ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը չեն վճարել գումարները, և քաղաքացիները բանկերից զգուշացումներ են ստացել, պարզվել է, որ այդ «մի քիչ գումարը» մոտ 10 միլիոն դրամ է եղել։

54-ամյա Ռազմիկ Կատվալյանը Արտուշի հորը ծանոթ է եղել 1989թ-ից։ Երբ 2014թ-ի ապրիլի 16-ին Արտուշը նրանից օգնություն է խնդրել, չի նշել, թե որքան գումար է պատրաստվում վերցնել։ «Ասի Արտուշ ջան, հետագայում ես կարող ա վարկ վերցնեմ, բա՝ երկու ամսից հանում եմ, երկու ամիս։ Ասի՝ տես, էնենց չլնի, ախպեր ջան, որ մենք անախորժության մեջ ընկնենք։ Բա՝ խնդիր չկա։ Ասի՝ դե որ տենց ա, ես կտամ իմ պասպորտը։ Իմը տվեցի, բա՝ կնոջդ ու աղջկանդ էլ բեր էլի, երեք պասպորտ ա պետք, էդքան քո վրեն չեն գրանցի։ Ասի լավ, ասի, դե որ էտենց ա, կտամ»,- «Հետք»-ին պատմում է Գավառի բնակիչ Ռազմիկ Կատվալյանը։

Ռազմիկին, ըստ փաստաթղթերի, տրվել է 9,8 մլն դրամի վարկ։ Վարկային այդ պայմանագրով երաշխավորներ են եղել նրա կինը՝ Սուսաննա Կատվալյանը և Հայթյան Նորիկ անունով մի մարդ, ում Ռազմիկը չի ճանաչում։ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը, չբավարարվելով դրանով, նույն օրը գրավի պայմանագրեր են ձևակերպել նաև Ռազմիկի կնոջ և դստեր անուններով, և մոտ 10-ական մլն դրամի վարկեր բանկը «տվել է» Սուսաննա և Աննա Կատվալյաններին։ Եւ քանի որ բոլոր անձնագրերը եղել են իրենց ձեռքում, մի պայմանագրի վարկառուն դարձել է մյուսի երաշխավորը։ Ավելին, մայրը և դուստրը դարձել են նաև Հայթյան Նորիկի վարկի երաշխավորները։

Կատվալյանները ստորագրել են իրենց ներկայացված թղթերի տակ՝ չիմանալով, որ ընտանիքը ստանձնում է մոտ 40 մլն դրամի պարտավորություն՝ փաստացի չստանալով որևէ գումար։

Սոս Սաֆարյանի և Արտուշ Մաթևոսյանի այս «խաչաձև» սխեմայում, ինչպես տուժածներն են այն անվանուն, մի պայմանագրով վարկառուն որպես կանոն ևս երկու վարկերի երաշխավոր է։ Վարկ վերցնողներն ու երաշխավորները, սակայն, միշտ չէ, որ միմյանց ճանաչում են։

Հետագայում, երբ քաղաքացիները բանկից զգուշացումներ են ստացել, այդ մասին ասել են վարկի իրական տերերին, ովքեր հավատացրել են, որ բոլոր խնդիրները կլուծեն։ 2016թ-ին արդեն գրություն են ստացել դատարանից, որով տեղեկացել են, որ իրենց գույքը արգելանքի տակ է։

Ռազմիկը հիշում է, որ նախկինում վարկեր էր վերցնում, գարի, ցորեն ու կարտոֆիլ ցանում, վաճառքից վճարում էր վարկի գումարը և մյուսը վերցնում։ Այժմ բանկերը նրան վարկ չեն տրամադրում՝ հաշվի առնելով նրա «վատ վարկային պատմությունը»։

«Ես ունեի երեք հատ կով, մի 60-70 հատ ոչխար, ունեի 20 հատ մեղու, այ սենց՝ աղի նման ապրում էի։ Հիմի ոչ ունեմ կով, մնացել է ընդամենը 3 փեթակ մեղու, ոչխարները լրիվ վերացել` մնացել է 10 հատ ոչխար։ Ինչի՞ համար, որովհետև ես էս ամեն ինչից ներվայնացա, ամեն ամիս՝ հիվանդանոց, նեյրոդերմիտ ա։ Ապրիլի 16-ին նոր Երևանի հիվանդանոցից դուրս եմ գրվել։ Երևան հիվանդանոցն էլ որ պառկում ես, պիտի գումարը մուծես, նոր պառկես չէ՞։ Հիմի նորից տվեց դուրս, ես չեմ կարում էթամ։ Ուրեմն էդ էլ պիտի վաճառեմ, գնամ ու այ սենց իմ էրեխեն, իմ կինը սովի մատնվեն»,- ասում է Ռազմիկ Կատվալյանը, ով այժմ ապրում է կնոջ ու տղայի հետ, որը շուտով կզորակոչվի բանակ։

Ինչպես են աշխատել Մաթևոսյանն ու Սաֆարյանը

Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Գեղարքունիք» մասնաճյուղում (ք․ Գավառ) գրավ են դրել ոսկու ձուլակտորներ՝ 400-450 գրամ միջին քաշով։ Բանկը 999 հարգի ոսկու 1 գրամը սահմանել է 16 000 դրամ և բոլոր ձուլակտորները միասին գնահատել է մոտ 7 մլն դրամ։

Թեև այժմ այս բանկը նման հնարավորություն չի տալիս, բայց 2014-ին, հաշվի առնելով ոսկու որակը և երկու երաշխավորների առկայությունը՝ տրամադրում էր վարկ՝ ոսկու գնահատված արժեքի մինչև 140%-ի չափով։ Այս հնարավորությունից էլ օգտվել են Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը։ Վարկի գումարը, այսպիսով, կազմել է մոտ 10 մլն, իսկ տոկոսագումարի հետ միասին՝ մոտ 11,7 մլն դրամ։ Այն պետք էր մարել 1 տարում՝ տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով։

Բանկը սահմանում է, որ ոսկյա իրերի գնահատումը «կատարվում է հաճախորդի ներկայությամբ և մասնակցությամբ։ Մինչդեռ տուժողները չեն հիշում, որ բանկի աշխատակիցները գնահատած լինեն ոսկյա իրերը։ Դրանք արդեն գնահատված են եղել, և իրենց միայն թղթեր են ներկայացրել, որոնք անհրաժեշտ էր ստորագրել։ Նրանք նաև չեն ստացել լոմբարդային վարկի, գրավականի և երաշխավորության պայմանագրերի մեկական օրինակները։ Ռազմիկը, օրինակ, վերջերս բանկից վերցրել է իր և կնոջ պայմանագրերի օրինակները՝ հազիվ ընթեռնելի պատճենների համար վճարելով 5000-ական դրամ գումար։ Ոմանք մինչ այժմ դժվարանում են պատասխանել՝ իրենք մեկ ուրիշի վարկի երաշխավորն են արդյոք, թե ոչ։

Պայմանագրերի կնքումից մեկ տարի անց Սոս Սաֆարյանը և Արտուշ Մաթևոսյանը ստորագրելու համար քաղաքացիներին տվել են այլ փաստաթղթեր, որոնցով կկարողանային գրավից հանել և վաճառել ոսկու ձուլակտորները՝ այդպիսով մարելով վարկի մի մասը։ Ամբողջ գումարը, սակայն, չի մարվել, և բանկը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել վարկի՝ 2,5-3 մլն դրամ կազմող մնացորդն ու պետական տուրքի գումարը (միջինում՝ 50-60 հզ․ դրամ)։ Պարտապանների ու երաշխավորների գույքերի վրա արգելանք է դրվել։

Այլ դեպքեր

Գավառի բնակիչները ասում են, որ միևնույն անձանց գործողություններից մոտ 130 քաղաքացի է տուժել։ Ռազմիկ Կատվալյանը պատմում է, որ իր 74-ամյա հարևանը՝ Չալաբյան Բաբկենը, սրտի կաթված ստացավ այս տարվա մարտին՝ այն բանից հետո, երբ ստացավ գումարը մարելու դատարանի պահանջը։ Բաբկենը նույնպես պարտապան էր մեկ վարկի դեպքում և երաշխավոր՝ երկու այլ վարկերի համար։ Նրա տանը, որի տանիքը փլվել է, այժմ բնակվող չկա։ Որդին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի է մեկնել։

Իմանալով, որ խաբեության զոհ է դարձել, Ռազմիկ Կատվալյանը դիմել է ոստիկանության Գավառի բաժին և Գավառի հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նմանատիպ գործարքից տուժածները նույնպես կարող են դիմել ոստիկանություն։

Ռազմիկի հայտարարությանն արձագանքողներից է եղել Արթուր Հովեյանը, ով 2014թ-ին աշխատել է Ոստիկանության ՊՊԳՎ Գավառի բաժնում, որի պահպանության բաժնի դասակի հրամանատարն է եղել Արտուշ Մաթևոսյանը։ Վերջինս վարկեր է վերցրել Արթուրի ու մի քանի այլ աշխատակիցների անուններով՝ փոխադարձաբար ձևակերպելով նրանց որպես երաշխավորներ։

Արթուրի մայրը՝ Սոնիկ Մնեյանը, պատմում է, որ ի սկզբանե Արտուշը հավատացրել է, թե մոտ 200 դոլար է վերցնում բանկից։ Մայրը բանկում ասել է, որ ցանկանում է նայել որդու կողմից ստորագրվող թղթին, բայց չեն թողել՝ ծածկելով թուղթը։

Այժմ կալանքի տակ է Արթուրի՝ 3-4 տարի առաջ գնած տունը, որտեղ ապրում են նրա երեք անչափահաս երեխաները։ Արթուրը աշխատանքից ազատվել է կրճատումների պատճառով, թեև, ինչպես ասում է մայրը, աշխատանքային գրքույկում գրված է, թե իր դիմումի համաձայն է դուրս եկել գործից։ Այժմ նա աշխատում է Երևանի շուկաներից մեկում, իսկ կինը աշխատում է Գավառում։ «Էդ հինգ նաֆարին (անձ – խմբ․) ի՞նչ կանի էդ 86 հազար դրամը։ Հիմի մի հատ էլ տունն ա փլում գլխին, փլող տունն էլ գրավի տակ ա»,- ասում է տիկին Սոնիկը։

Մեկ տարի անց` 2015թ-ի ապրիլին, Սոնիկ Մնեյանի նախաձեռնությամբ Արտուշը գրություն է գրել, համաձայն որի՝ պարտավորվում է վճարել մնացորդային գումարը։

Արթուր Հովեյանի ընտանիքը պարբերաբար գրություններ է ստանում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Վերջին վճիռը ստացել են մայիսի 27-ին։ Այն վերաբերում է Սարգիս Սարգսյանի անունով վերցրած վարկին, որի համար երաշխավոր են եղել Արթուրը և նրա աշխատակից Վաչագան Բաղդասարյանը։ Դատարանը վճռել է պարտապանից ու երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել 3,2 մլն դրամ գումար։

Դատարանը նաև պնդում է, թե տուժողները ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, թեև տիկին Սոնիկը ասում է, որ իրենք որևէ ծանուցագիր չեն ստացել։ Ռազմիկ Կատվալյանը հավելում է, որ ծանուցագրերն իրենց փոխարեն ստանում է Սոս Սաֆարյանը, ով նիստից միայն 15 րոպե առաջ է իրենց տեղեկացնում դրա մասին։ Ռազմիկ Կատվալյանը և այլ տուժողներ ասում են, իրենց փոխարեն մեկ ուրիշն է ծանուցագրերը ստացել, և դատական գործերի թղթերում միևնույն ստորագրությունն է։ Իր ստորագրությունը կեղծելու մասին Ռ․Կատվալյանը ցանկացել է հաղորդում տալ ոստիկանության Գավառի բաժնում, սակայն ասում է, որ այնտեղից իրեն դուրս են արել։ Նրա պատմելով՝ ոստիկանության աշխատակիցներն այնուհետև այցելել են իր տուն, փորձել կաշառել ու համոզել, որ ինքը հրաժարվի բողոքից և չդիմի լրատվամիջոցներին ու իրավապահներին։

Խարդախություն չի եղել․ Իրավապահների դիրքորոշումը

Ոստիկանության Գավառի բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը ասում է, որ Ռազմիկ Կատվալյանը հրաժարվել է ստորագրության կեղծման մասին գրավոր հաղորդում ներկայացնել, իսկ ոստիկանները նրա տուն են գնացել, որպեսզի նրա բանավոր բողոքը «թղթի վերածվի, ու պարզենք՝ իր ներկայացրածը իրականությանը համապատասխանում ա, թե ոչ»։ Ա․Եղիազարյանի խոսքով՝ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության Գավառի բաժնի պետ, գնդապետ Ալեքսանդր Մկրտչյանն էլ ասում է, որ Արտուշ Մաթևոսյանի վերաբերյալ 10-ից ավելի հաղորդում են ընդունել, որոնք այժմ Հատուկ քննչական ծառայությունում են։ «Բոլորին ընդունել ենք, ով որ եկել ա հաղորդում տալու, հաղորդումները վեկալվել ա իրանց մոտից»,- ասում է բաժնի պետը։

Մի շարք տուժողներից վերցնելով բացատրություններ՝ ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, որոշել է, որ Արտուշ Մաթևոսյանի և Սոս Սաֆարյանի արարքներում խարդախության հանցակազմ չկա։ ՀՔԾ-ն նրանց գործողությունները որակել է ոչ թե խաբեություն կամ վստահության չարաշահում, այլ «քաղաքացիական պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում»։ ՀՔԾ-ն որոշել է, որ հանցակազմ չկա նաև բանկի աշխատակիցների գործողություններում, սակայն  տուժողները ասում են, որ նրանք պարտավոր էին ներկայացնել պայմանագրի բովանդակությունը։

Սոս Սաֆարյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ոսկյա ձուլակտորներ գնել է ոսկյա իրերի շուկայից՝ բանկում գրավադնելու, դրանց արժեքի թանկանալու դեպքում՝ վերավաճառելու և շահույթ ստանալու նպատակով։ Սակայն ոսկին գրավադնելուց հետո դրա շուկայական արժեքը նվազել է, որի պատճառով, իր բացատրության համաձայն, չի կարողացել մարել վարկի գումարները։ Համաձայն ՀՔԾ եզրակացության՝ Արտուշ Մաթևոսյանը ընդամենը կատարել է Սոս Սաֆարյանի խնդրանքը։

Հատուկ քննչական ծառայությունից գործի վերաբերյալ այլ մանրամասներ իմանալ չհաջողվեց, քանի որ ծառայությունը սահմանված ժամկետում չպատասխանեց «Հետք»-ի գրավոր հարցմանը։

«Սաղ սուտ բաներ են»․ Մեղադրվողների պատասխանը

Արտուշ Մաթոսյանն այժմ ոստիկանության կադրերի ռեզերվում է։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մեր հարցերին պատասխանել չի կարող․ «Բողոքները գտնվում են իրավապահ մարմինների մոտ։ Իրանք էդ հարցերի պատասխանները կտան։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, դրա իրավունքն էլ չունեմ»։

Սոս Սաֆարյանը անհատ ձեռնարկատեր է, և Արմավիրի մարզի Գայ գյուղում զբաղվել է ձկնաբուծությամբ: Համանուն ԱՁ-ն գրանցվել է 2006թ-ին և 2016թ-ի հունվարին սնանկ է ճանաչվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա, որին Ս․Սաֆարյանը պարտք է եղել 4200 ԱՄՆ դոլար: 

«Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ բանկում գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող ոսկու ձուլակտորները․ «Մի քանի մարդու խնդրել եմ՝ իրանց անուններով գրել եմ։ Տոկոսները փակվել եմ, հետո ոսկին էժանացել ա, բանկի հետ խոսացել եմ, էդ ոսկիները տվել եմ վարկի մարում, որից հետո տակը մնացել ա մի քիչ մնացորդ, բանկում էլի պարտավորագիր եմ գրել։ Ոչ մեկի վրա էլ չի մնացել էդ մնացորդները, հավայի խոսակցություններ են»։

Սոս Սաֆարյանը նաև պնդում է, որ քաղաքացիները տեղյակ են եղել, թե որքան գումար է իրենց անունով ձևակերպվում, ասում է՝ հնարավոր չէր տեսնել կես կիլոգրամ ոսկին ու մտածել, թե 200 դոլար են ստանալու դրա դիմաց․ «Պայմանագրի տակ ստորագրում, չի տենո՞ւմ՝ ինչքան գումար ա վերցնում»։ 

Սոս Սաֆարյանը չհայտնեց, թե քանի քաղաքացիների անունով է վարկ վերցրել բանկից, սակայն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նրանց թիվը 100-ն անցնում է։ Չհերքեց նաև տեղեկությունը, թե դատարանից բնակիչներին ուղարկվող ծանուցագրերը ինքն է ստանում։ Նրա խոսքով՝ կա՛մ բնակիչներն են վերցնում ու տալիս իրեն, կա՛մ զանգում են ու խնդրում վերցնել իրենց փոխարեն։ «Մարդիկ սաղ էլ տալիս են ինձ, որ ես տենամ՝ որից հետո որ գործողությունը պտի արվի։ - ասում է նա՝ հավելելով,- Ամեն ինչն էլ օրենքով, հերթով-շարքով էթում ա»։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter