
2 դեմ, 12 կողմ. Վանաձորի ավագանին ևս «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իր բաժնեմասը նվիրաբերեց հայրենի կառավարությանը
Գայանե Սարգսյան
«Եթե գան ասեն ձեր տան մի մասը տվեք, կտա՞ք: Չեք տա, չէ՞: Ես էլ չտվեցի»,- դեմ քվեարկած ավագանու անդամ
Հունիսի 20-ին Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի քննարկմանն էր դրվել «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Վանաձոր համայնքի բաժնեմասը կառավարությանը նվիրելու հարցը:
«Գույքը տարիներ առաջ արդեն հանձնել են, իսկ մասնաբաժինը էն ժամանակ 51 տոկոս կառավարությանն էր, 3 տոկոսը՝ մի քանի համայնքներինն ու 44 տոկոսը՝ Վանաձորինը: Սակայն կառավարությունը, իր ներդրումներն անելով, Վանաձորի բաժնեմասը մնաց ընդամենը 17 տոկոս: Եվ հիմա կառավարությունը հայտ է ներկայացրել, որ 17 տոկոսն էլ տանք: Միևնույն է, իրենք գումարներ ունեն, նորից ներդրումներ կկատարեն և մեր բաժնեմասը ավելի կիջնի: Ես նպատակահարմար եմ գտնում, որ մեր բաժնեմասը տրամադրենք կառավարությանը»,- հարցը նիստին ներկա ավագանու 14 անդամներին ներկայացրեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Ապա քաղաքապետը փորձեց հիմնավորել կառավարությանը համայնքի բաժնեմասը նվիրելու անհրաժեշտությունը` սեփական աշխատանքի որակը գնահատելով վատ:
«Ճիշտն ասած, նաև ասեմ, որ այս տարիների ընթացքում, երբ ջրմուղը ամբողջությամբ մերն էր, մենք շատ վատ ջրամատակարարում էինք կազմակերպել: Մենք շատ դժվարությամբ էինք կարողանում ասենք գումարներ ճարենք, որպեսզի վթարները վերացնենք և այլն: Վերջին մի քանի տարիներին տեսանք, որ կառավարությունը լուրջ ներդրումներ արեց, գրաֆիկի ժամերը խտացան: Եթե 2-3 օրը մեկ մեր քաղաքացին երկու ժամով ջուր էր ստանում, այսօր ամենօրյա գրաֆիկով, իսկ քաղաքի մեծ մասը շուրջօրյա ջրամատակարարում ունի,- նշեց Ս. Դարբինյանը, շեշտելով,- ես նպատակահարմար եմ գտնում, որ մեր 17 տոկոս բաժնեմասը տրամադրենք կառավարությանը»:
«13.4 տոկոս է»,- հուշեցին կողքից:
«Հա, 13.4, կներեք, էլի իջել է»,- խոսքն ուղղեց քաղաքապետը:
Ավագանու անդամ Արմեն Մատինյանը հետաքրքրվեց. «Ինչո՞ւ ենք, տալիս: Ասենք տվեցինք կառավարությանը, նպատակը»:
«Գիտեք ինչ, եթե կառավարությանն է, կառավարությունը ինքը կարողանում է ինչ-որ ձևով վարձակալական ինչ-որ կազմակերպության տալ: Իսկ եթե ոչ, ոնց որ եռաստիճան է ստացվում. համայնք-կառավարություն-կազմակերպություն: Նաև մենք պարտավոր ենք… Էն ժամանակ էլ որ 44 տոկոսից իջավ 13.4 տոկոս, կառավարությունը գումարներ ներդրեց, բավականին լուրջ փոփոխություններ կատարեց: Քանի որ մեր բյուջեն տենց հնարավորություններ չուներ, մենք չկարողացանք ներդրում կատարել և մեր բաժնեմասը գնալով նվազեց»,- փորձեց հիմնավորումների շարքը շարունակել Ս. Դարբինյանը:
Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը նշեց, որ թե՛ ավագանու անդամներին, թե՛ հանրությանը հետաքրքրող շատ հարցեր կան և թվեց դրանցից մի քանիսը. «Պարզաբանումներ եղե՞լ են, թե՞ ոչ, արդյո՞ք սա կազդի ջրի սակագնի վրա, արդյո՞ք միջինացված սակագին կլինի ամբողջ հանրապետության վրա»:
«Եթե նույնիսկ մենք մեր բաժնմասը չենք հանձնում, նման բաներ կարող են լինել:Երկու հատ էլ նեդրում անեն, մենք էլ բաժնեմաս չենք ունենա,- «հանգստացրեց» քաղաքապետը:
Ավագանու անդամներից Վահագն Դավիթավյանն ի սկզբանե դեմ էր բաժնեմաս հանձնելուն.
«Ինքներդ ասացիք, որ աշխատավարձի բավականին մեծ պարտք ունենք (հեղ.- համայնքային բյուջեի պարտքն ավելի քան 140 մլն դրամ է կազմում): Տարիների ընթացքում մեր համայնքը ներդրում է ունեցել նաև ֆինանսապես, ու բավականին մեծ գումար է եղել դա: Թող փոխհատուցում տան»:
Այս հարցով ևս քաղաքապետը անհանգստանալու պատճառ չտեսնելով` վստահեցրեց. «Կոնկրետ էս պահով չեն տա, բայց տարվա վերջին կհաստատեն ու մեր ամբողջ աշխատավարձի պարտքը կփակեն»:
Հարցը դրվեց քվեարկության: 2 դեմ, 12 կողմ ձայների համամասնությամբ հարցն ընդունվեց: Հարցին քեմ քվեարկեցին Վահագն Դավիթավյանն ու Արամ Խաչատրյանը:
Նիստի ավարտին դիմեցինք ավագանու անդամ Գայանե Քալանթարյանին.
-Ինքներդ հարցեր բարձրացրիք, որ արդյո՞ք սակագինը չի բարձրանա, երաշխքիներ կա՞ն, թե ոչ: Այս հարցերը բարձրաձայնելով հանդերձ` կողմ քվեարկեցիք:
-Դեմ լինելու համար որևէ հիմնավորում չունեմ: Տված պարզաբանումները կարծես թե բավարարում են այն հարցերին, որ ես պետք է տայի: Մենք տալիս ենք մեր հայրենի կառավարությանը: Եվ ես կարծում եմ, որ տալով կառավարությանը` այն կգտնի անհրաժեշտ օպերատոր, որը կկարգավորի այս գործերը և մենք կունենանք նորմալ ջրամատակարարում ու ջրահեռացում: Միմիայն ի շահ համայնքի… Կառավարությունը, վերցնելով իր ձեռքը, կարող է ավելի լավ կառավարել, ինչպես որ մի շարք այլ ծառայություններ: Պարզապես համայնքը իր ներկայիս բյուջեով ի զորու չէ լուծել այն խնդիրները, որոնք կապված են այս հարցի հետ:
-Իսկ երաշխիքներ կա՞ն:
-Կարծում եմ, որ կառավարությունը բոլոր հարցերում պետք է երաշխիքներ տա: Դա միայն ջրի հետ չի կապված: Բոլոր հարցերում այն մեր առաջին երաշխավորն է: Եվ եթե մենք կառավարությանը վստահում ենք մյուս գործառույթները, կարծում եմ սա ևս այն դեպքն է, որը կարող ենք վստահել, որպեսզի կարողանա լուծել բոլոր խնդիրները:
-Բայց այսօր մենք երաշխիքներ չլսեցինք:
-Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ստանձնում է որևէ պարտավորություն, այդ պահից սկսած պետք է հանդիսանա երաշխավոր: Ես, որպես քաղաքացի, իրավունք չունեմ կասկածելու կառավարության գործառույթին: Կառավարությունն ինչի՞ համար է, եթե չպետք է հոգա մեր կարիքները:
-Լավ, ի՞նչ կտա սա մեր համայնքին:
-Դա շատ բան չի տալիս այսօր մեր բյուջեին, բյուջեի վրա դա էականորեն ազդել չի կարող: Եթե մշակվի որևէ ծրագիր, որ փոխհատուցում տան, դա շատ լավ կլինի:
Հարցին դեմ քվեարկած Վահագն Դավիթավյանն իր դիրքորոշումը հիմնավորեց այսպես.
-Եթե գան ասեն ձեր տան մի մասը տվեք, կտա՞ք: Չեք տա, չէ՞: Ես էլ չտվեցի: Այդպես չի կարող լինել: Եթե ունենք ներդրումներ, ու այսօր բյուջեում ինչ-որ խնդիրներ ունենք, մեր կառավարությունը պետք է փորձեր փոխահատուցեր գոնե այն, ինչ արվել էր: Ինչ արել ենք, գոնե այդ համամասնությամբ թող հետ վերադարձնեին համայնքային բյուջե: Բոլորս էլ հասկանում ենք, որ վաղը, մյուս օրը պետք է վարձակալությամբ տրվի ինչ-որ մեկին, շահույթ պետք է ստանան, ինչո՞ւ մեր համայնքը շահույթ չստանար այդ գործարքից: Երբ ստեղծվեց Լոռիջրմուղը, նախ ենթակառուցվածքներն են եղել համայնքի կողմից որպես ներդրում, որից հետո կարիք է եղել նաև ֆինանսական ներդրման ու համայնքային բյուջեից շուրջ 55 մլն դրամի ներդրում է կատարվել:
Գործընկերների կողմ քվերակելու մասին ավագանու անդամը հրաժարվեց որևէ կարծիք հայտնել` նշելով, որ ավագանու դահլիճում հավաքված են անհատներ, որոնցից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես քվեարկի:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին մանկապարտեզների վարձավճարների բարձրացման հարցի հետ մեկտեղ հանրային քննարկման էր դրված նաև այս հարցը: Ավագանու 19 անդամներից քննարկմանը ներկա էին միայն երկուսը: Հանրային կարևոր նշանակություն ունեցող հարցը քաղաքապետ Ս. Դարբինյանը ներկայացրել էր ներկա գտնվող մանկապարտեզների տնօրեններին ու ավագանու երկու անդամներին: Քննարկում, սակայն, որպես այդպիսին, չէր էլ ծավալվել:
Մեկնաբանել