HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Քառօրյա պատերազմի զոհերը․ «Գծի այն կողմից կրակոցներ ու գոռոցներ էին միայն լսվում»

Ապրիլի 12-ին փոխգնդապետ, հարավային ուղղությամբ N զորամասի հրետանու պետ Ռոման Պողոսյանը կդառնար 37 տարեկան։ Այդ օրը նրան հուղարկավորեցին։

Ռոմանը վերջին անգամ հարազատների հետ խոսել է ապրիլի 1-ի գիշերը։ Կինը՝ Մարինեն, պատմում է, որ այդ օրը ամուսինը պատասխանատու էր զորամասում։ Զանգել, զգուշացրել է, որ իրեն չսպասեն, զորամասում կմնա։

«Ասաց` ամեն ինչ հանգիստ է, քնեք։ Առավոտ միայն իմացա, թե ինչ է կատարվում դիրքերում, ու որ ամեն ինչ լուրջ է։ Իսկույն Ռոմանին զանգեցի, անհասանելի էր։ Հետո զանգերը գնում էին, բայց չէր պատասխանում։ Այնուհետև իմացանք, որ շրջափակման մեջ են, կապ չկա։ Այդ ընթացքում անիմաստ հույսեր էին տալիս միայն, որ կարող է` կենդանի են»,- հիշում է Մարինեն։

Զինակիցները պատմում են, որ Ռոմանի հեռախոսից զանգ են ստացել, բայց նա չի խոսել։ Գծի այն կողմից միայն կրակոցներ ու գոռոցներ են լսել։ Երբ ընկերներից մեկը հետ է զանգել ու հարցրել՝ ինչու չի խոսում, Ռոմանը միայն ասել է՝ «հա, լավ», ու անջատել հեռախոսը։

Դա վերջին անգամն էր, որ հաջողվել է նրա հետ կապ հաստատել։ Ապրիլի 10-ին Ռոմանի դին հանձնեցին հարազատներին։ Նա 18 փոխանակված զինծառայողների մեջ էր։

Ռոման Պողոսյանը փորձառու զինվորական էր։ 18 տարի նա ծառայել է պաշտպանության բանակում։ Կես տարի առաջ էր ընտանիքի հետ վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ գերազանցությամբ ավարտել է Միխայլովի անվան հրետանային ակադեմիան։

«Ռոմանը իրա գործ շատ էր սիրում։ Ծառայության ընթացքում որտեղ տեղափոխել են, ես երեք երեխաների հետ միշտ նրա կողքին եմ եղել։ Ինքն էլ, ինչքան էլ տնից հեռու լիներ զորամասը, միշտ աշխատում էր երեկոները մեզ հետ անցկացնել»,- ասում է կինը։

Մարինեն պատմում է, որ ամենից դժվարը երեխաների համար էր. հազիվ էին հասցնում մի միջավայրում հարմարվել, դպրոց գնալ, ընկերներ ձեռք բերել, նորից, Ռոմանի ծառայության հետ կապված, ստիպված էին լինում նոր տեղ տեղափոխվել։

Կես տարուց ավելի է` արդեն հաստատվել էին Հադրութում, և կարծես ամեն ինչ հունի մեջ էր ընկել։ Մարինեն պատմում է, որ մտքով չէր կարող անցնել, որ 20 տարի հետո դժբախտությունը կարող է կրկնվել։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ռոմանը 14 տարեկան էր, երբ հայրը ծանր վիրավորվեց։ Բժիշկները հույս չէին տալիս, մի կերպ փրկվեց։ «Հիմա աղջիկս 14 տարեկանում կորցրեց հորը։ Երանի չէր Ռոմանն էլ վիրավորված լիներ»,- ասում է Մարինեն՝ անկարող լինելով այլևս զսպել արցունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter