HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախախարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին: 

Հանդիպման նպատակը, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ ընթացող ծրագրերի քննարկումն է եղել: Նախանշվել են հետագա համագործակցության շրջանակները:

Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ Ռայմունդ Ջեհլեի ջանքերով ՊԳԿ հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի, իսկ համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Անդրադառնալով ՊԳԿ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին` այդ թվում` «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում», «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընրանքային օգտագործումը Հայաստանում», «Ազգային բուսասանիտարական հսկողության ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» և այլ ծրագրերին` նախարարն ընդգծել է համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը:

 «ՊԳԿ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը մեծապես նպաստել են մեր երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև պարենայինապահովության և անվտանգության ապահովմանը: Սակայն ագրարային ոլորտում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, ուստի հետագա համագործակցության ուղիները մշակելիս հարկավոր է առաջնահերթություն տալ այն ծրագրերին, որոնք կնպաստեն այդ խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացման հարցում առկա խոչընդոտների հաղթահարմանը», - նշել է Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում Ս. Կարապետյանը մասնավորապես, ընդգծել է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ինտենսիվ այգիների ստեղծման, փոքր արտադրությունների կազմակերպման, սառնարանային տնտեսությունների և չորանոցների կառուցման, գյուղմթերքի շուկայահանման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Միաժամանակ Ս. Կարապետյանը շեշտել է նորաստեղծ կոոպերատիվների ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ 2016-2020 թթ.» փաստաթղթի նախագծին, որը նախատեսվում է ստորագրել Ռ. Ջեհլեի ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվող այցի ընթացքում:

Ռայմունդ Ջեհլեն, ըստ հաղորդագրության, իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և ՊԳԿ  փոխգործակցության ներկա վիճակը և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված խնդիրները և իր կողմից հնարավորինս աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter