
Հարկային արտոնություն՝ «Խաչատրյան եղբայրներ»-ին. Դալիգետը հայտնվելու է ճգնաժամային վիճակում
Կառավարություն է ներկայացվել«Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծ: Դրանով մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
«Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը և արտադրելով էլեկտրոէներգիա:
Կառավարություն ներկայացված նախագծի համաձայն՝ էլեկտրոէներգիա արտադրելու համար նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 489 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումներով ներդրվելու են չինական արտադրությամբ սարքավորումներ: Իսկ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.՝ 120, 2017թ.՝ 130 և 2018թ.՝ 140 հազար դրամ:
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը Սյունիքի մարզի Դալի գետի վրա հէկ կառուցելու լիցենզիա է ստացել և այժմ էլ այն կառուցման փուլում է:
«Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը հիմնադրել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը: Սակայն 2010 թվականին վերջիններս իրենց բաժնեմասը փոխանցել են այլ անձանց, որոնց թվում՝ Սուրիկ Խաչատրյանի նախկին տեղակալ Արա Դոլունցի որդուն` Դավիթ Դոլունցին (Տես՝ վերևի լուսանկարում):
Այժմյան բաժնետերերի մեջ (ներքևի լուսանկարում) նույնպես Դոլունցների ազգականներից կան՝ Հայկ Դոլունցը, ով նույն Արա Դոլունցի եղբոր որդին է: Իսկ Եղբայրը՝ Վարազդատ Դոլունցը ընկերության տնօրենն է: Նոր բաժնետերերի մեծ մասը նույն՝ գորիսեցի Սարգսյան ընտանիքից են:
Նշենք, որ սա Դալիգետի վրա կառուցվող երրորդ հէկը կլինի: «Լորագետ հէկ» ՍՊԸ-ն արդեն երկու հէկ է շահագործում նույն գետի վրա՝ «Սիսական» և «Սիսական-1» փհէկերը: Ավելի քան 4,5 կմ խողովակաշար անցկացվել է այս երկու հէկի համար, ավելի քան 6 կմ էլ լինելու է «Խաչատրյան եղբայրներ» ընկերության հէկի խողովակաշարի երկարությունը:
Դալիգետը Որոտանի վտակներից է, որի երկարությունը 26 կմ է: Այսինքն՝ գետի 40 % -ը կմտնի խողովակաշարի մեջ: Այն ժամանակ, երբ դեռևս գետի 31 %-ն էր զբաղեցված, «Էկոլուր» ՀԿ-ն, որն իրականացնում է հէկերի մոնիտորինգ բնապահպանության նախարարության հետ միասին, գետի վիճակը գնահատել էր ճգնաժամային:
Առաջին լուսանկարում՝ Սուրիկ Խաչատրյանը և Արա Դոլունցը
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել