HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Հինգ շրջանները. Մամեդովն ու Սերժ Սարգսյանը նույն բանն են ասում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը սանկտպետերբուրգյան գագաթնաժողովի մասին ասել է այն, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել երկու ամիս առաջ «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրանց ասածը իրար կողք դնենք.

Նովրուզ Մամեդով. «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով. նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել այդ ուղղությամբ»:

Սերժ Սարգսյան. «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի»:

Ինչպես երևում է, ոչ մի տարբերություն չկա Մամեդովի ու Սարգսյանի ասածների միջեւ, երկուսն էլ մեջբերում են կազանյան փաստաթուղթը, երկուսն էլ  խոսում են հինգ շրջաններ հանձնելու, ապա նոր՝ Արցախի կարգավիճակին անդրադառնալու մասին: Հետևաբար, ոչ մի  հիմք չկա Մամեդովին չհավատալու, և հակառակը՝  քիչ արժանահավատ է արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի՝ Մամեդովի խոսքերի հերքումը («Էդվարդ Նալբանդյանը հերքում է Մամեդովի` 5 շրջան Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունները»): Եթե նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում հինգ շրջանի մասին չի խոսվել, ապա այն որպես բանակցային գործընթացի շարունակություն ներառում է նախկին համաձայնությունները:

Նալբանդյանին պետք էր մի հարց տալ՝ ի՞նչ տարբերություն կա Սերժ Սարգսյանի և Մամեդովի հայտարարությունների միջեւ, բայց այդ հարցը «Արմենպրեսը» չէր տալու:

Սերժ Սարգսյանը ղարաբաղյան կարգավորման այն տարբերակին է համաձայնություն տվել, որի համար Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրին նախագահի պաշտոնից:

1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկը, որին համաձայնել էր Տեր-Պետրոսյանը,  գրեթե նույն կազանյան փաստաթուղթն է՝ Ղարաբաղի կարգավորման փուլային լուծում, որը սկսվում էր հինգ շրջանները հանձնելով: Տարբերությունն այն է որ Կազանի փաստաթղթում խոսվում է Ղարաբաղի կագավիճակի մասին, սակայն դրա լուծումը թողնվում է անորոշ ապագային՝ ասենք 500 տարի հետո:   

Սակայն առաջին և երրորդ նախագահները մի էական տարբերություն ունեն՝ Տեր-Պետրոսյանը հասարակության հետ շատ ավելի ազնիվ էր, նա փուլային տարբերակին համաձայնելուց անմիջապես հետո հանդես եկավ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով, հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը և իր այդ անկեղծության պատճառով էլ զրկվեց իշխանությունից:

Սերժ Սարգսյանը ոչինչ չէր ասում, ոչ ոք չգիտեր, որ նա հինգ տարի առաջ Կազանում համաձայնություն է տվել փուլային տարբերակին և միայն պատերազմից ու կորուստներից հետո  ստիպված էր խոստովանել, թե ինչ փաստաթուղթ է դա:

Մյուս տարբերութունն այն է, որ Տեր-Պետրոսյանն իր իշխանության վրա էր վերցնում փուլային տարբերակի պատասխանատվությունը, հստակ ներկայացնում էր, որ դա իր և ՀՀՇ-ի  ընտրությունն է:   

Իսկ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում, բայց լավ աշխատում է նրա վերահսկողության տակ գտնվող մամուլը՝  նրա վրայից պատասխանատվությունը հանում ու  մեղադրում է Ռուսաստանին,  թերթերն ու քաղաքական գործիչները ներկայացնում են, թե իբր Ռուսաստանն է ստիպում տարածքներ հանձնել, որ իբր ուզում է հետո խաղաղապահներ մտցնել այնտեղ:

Ինչպես 1997‑ին, այնպես էլ 2011-ին փուլային տարբերակը Հայաստանի նախագահների ընտրությունն էր, սակայն ի տարբերություն 1997-ի՝ այսօրվա նախագահը կարողացել է գտնել պատասխանատվությունից խուսափելու ձևը: Մի կողմից նա թաքցնում է իր համաձայնությունը փուլայինին, մյուս կողմից էլ խրախուսում, որ իր վերահսկողության տակ գտնվող մամուլը և բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ քարոզեն, թե Հայաստանը ռուսական գաղութ է, ոչ մի որոշում այստեղ չի ընդունվում (ի՞նչ է ստացվում՝ ուրեմն 1997-ին որոշումը Տեր-Պետրոսյանն էր ընդունում՝ նա էր հանձնում տարածք, իսկ 2016-ին Պուտի՞նն է հանձնողը):

Այդ քարոզչական տրյուկը հիանալի աշխատում է՝ Սարգսյանը ի՞նչ կապ ունի փուլային տարբերակի հետ, գաղութարարն է որոշողը, բան ունեք ասելու՝ գաղութարարի դեմ բողոքեք, և ընդդիմադիր բազմությունը դուրս է գալիս Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցի՝ գոռալով «ոչ մի թիզ հող»: Իսկ իշխանության մեջ էլ այլևս չկան այնպիսի ուժեր, ինչպիսիք 1998-ին էին (Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան), ովքեր կարող էին պատասխանատվություն պահանջել նախագահից: Այն, ինչի համար 18 տարի առաջ  իշխանափոխություն եղավ, այժմ արդեն գրեթե անհնար է դարձել:

Բայց եթե նախագահը ամբողջ իշխանության համակարգը վերահսկում է և հստակ է, որ այնտեղ չի կարող իրեն ընդդիմացող պաշտոնյա հայտնվել, նաև գլխավոր ընդդիմադիր ուժերն է վերահսկողության տակ առել, այսուհանդերձ, չի հաջողացրել ընդհանրապես ամբողջ քաղաքական դաշտը կառավարելի դարձնել:

Ոչ բոլոր ընդդիմադիր գործիչներն են վերահսկելի, որոնցից էլ սպառնալիքներ է զգում: Այսպես, հենց այս կոնտեքստում հասկանալի կլինի, թե ինչու ձերբակալեցին ղարաբաղյան քաղաքականության մեջ իշխանությանը ամենասուր քննադատող  Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկնաբանություններ (1)

Meruzh
Մեկնաբանությունը...Լավ Լուրը Այն Է Որ 4-Օրվա Պատերազմը բոլոր ստորագրված համաձայնութուները, ու փաստաթխթերը ՝սխալ՛ թե ՝ճիշտ՛, արդեն գրողի ծոցն է ուղարկվել: Այնպես որ այդ քան էլ կարեոր չէ թէ ինչ է ստորագրվէլ պատերազմից առաջ, կարեորը որ հախթեցինք ու կարող մեր սխալները ուղել.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter